Լրահոս
Օրվա լրահոսը

Շորը հագնում են, գնում հարսանիք ու վերադարձնում խանութին. տնտեսվարողը չի ցանկանում օրենքով շարժվել

Հոկտեմբեր 22,2019 16:05

Էկոնոմիկայի նախարարության՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը սպառողների իրավունքների պաշտպանության համար բավարար չէ, անհրաժեշտ է այլ գործիքներ էլ ներդնել: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ըստ առաջարկվող փոփոխության, խանութներում սպառողների համար տեսանելի վայրում պետք է փակցվի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով:

Պիպոյանը հիշեցնում է՝ այն, ինչ օրենքով ամրագրված է՝ 14 օրվա ընթացքում պետք է իրականացվի վերադարձ, եւ այն որոշումը, որը սահմանում է, թե որ ապրանքներն են, որոնք ենթակա չեն վերադարձման, պետք է փակցված լինի վաճառասրահում տեսանելի վայրում:

«Կարո՞ղ է օգուտ տալ այս նախագիծը: Կարող է, որովհետեւ այլեւս տնտեսավարողը չի կարող ասել, որ այդ օրենքն իր վրա չի տարածվում: Եթե ասի էլ՝ սպառողը կարող է ասել՝ այդ դեպքում ինչո՞ւ եք փակցրել ծանուցումը: Իսկ եթե փակցված չլինի, կամ լինի ու հետո հեռացվի, արդեն համապատասխան մարմինը կարող է գնա եւ տուգանի: Բայց սա մշակութային փոփոխություն է: Ինչ վերաբերում է բուն կարգավորմանը՝ օրենքն ինքնին մշակույթը կարող է փոխի, վեճերը կարող են ռիսկերն էական նվազեցնեն, բայց ամբողջապես խնդիրը չի լուծի: Այսինքն՝ այս փոփոխությունն անհրաժեշտ է, բայց արդյոք բավարա՞ր է՝ ցույց կտա ժամանակը: Ես կարծում եմ՝ ոչ բավարար է, այլ գործիքներ եւս պետք է ներդվեն»,-ասաց Պիպոյանը:

Ի՞նչ այլ գործիքների անհրաժեշտություն կա, մեր այս հարցին ի պատասխան, Պիպոյանն ասաց. «Կամ պետք է պետական որեւէ կառույց զբաղվի խնդրով՝ եթե սպառողը բախվում է նման խնդրի: Կամ եթե գնում ենք նույն մեխանիզմով՝ դատական կարգով, ապա տույժերի արագացված ընթացակարգով դատավարությունների մեխանիզմը պետք է ներդրվի, որովհետեւ տնտեսական վեճի բաղկացուցիչ մաս է»:

Պիպոյանի պարզաբանմամբ՝ գործող օրենքը սահմանում է սպառողի իրավունքը, տնտեսվարողի պարտավորությունը , բայց չի սահմանում, ասենք՝ եթե տնտեսվարողն իր պարտավորությունը չկտարի՝ ի՞նչ է լինելու.«Այսինքն, սպառողը եթե գնում է իրավունքը վերականգնելու, ընդամենն, այսպես ասած, ոտնահարված իրավունք է, եւ դրա դիմաց ոչ մի այլ պատասխանատվություն, պարտավորություն իրավունքը ոտնահարած սուբյեկտի մոտ չի լինում. դիմում է դատարան, իրավունքը վերականգնվում է, պարտավորեցնում են ապրանքը հետ ընդունել: Տնտեսվարողն այլ սանկցիայի տակ չի ընկնում»:

Այսօր շատ տնտեսվարողները իրենց ներքին կանոնակարգն են սահմանում, եւ սպառողին տեղեկացնում են՝ ապրանքը հետ չենք ընդունում, լավագույն դեպքում փոխանակում են, ընդ որում, մեկ օրվա ընթացքում: Շատերն անգամ չգիտեն էլ, որ 14 օրում իրավունք ունեն վերադարձնելու:

Օրերս խանութներից մեկում հանդիպեցինք մի հայտարարության. «Հագուստը վնասելու դեպքում պարտավոր եք գումարն ամբողջությամբ վճարել, լինի դա շրթներկի, տոնային կրեմի կամ այլ երանգային ներկի հետք»: Արդյոք առկա օրենքով նման կարգավորում կա՝ ասենք՝ շրթներկի հետքի համար հագուստի գումար վճարելու պարտավորություն, այս հարցին ի պատասխան էլ Պիպոյանն ասաց. «Ներքին որեւէ սահմանափակում նման հայտարարություն փակցնելու՝ չկա: Այն, ինչ արգելված չէ, թույլատրված չէ: Եթե սպառողը հրաժարվի վճարել, ի՞նչ է անելու տնտեսվարողը»:

Մեզ հետ զրույցում որոշ տնտեսավարողներ դժգոհություն հայտնեցին օրենքի փոփոխության առնչությամբ: Հագուստի վաճառքի սրահներից մեկի մենեջերն ասաց. «Շորը տանեն, հագնեն, գնան հարսանիք, լվանան ու հետո հետ բերե՞ն, մենք էլ սուսուփուս ընդունե՞նք: Հետո՞»: Նման հարցերն իրավական ճանապարհով լուծելու մասին հարցին ի պատասխան էլ տնտեսվարողներն ասացին. «Ով հավես ունի մի հատ շորի համար ընկնի դատարաններ»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031