Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք երբեք էլ չենք հանդուրժել այլասերվածությունը». Դասադուլ Շիրակի պետական համալսարանում

Նոյեմբեր 11,2019 13:53

Քիչ առաջ դասադուլ սկսվեց Շիրակի պետական համալսարանում: Մեզ հետ զրույցում ուսանողներն ու դասախոսները փոխանցեցին, որ իրենց պահանջը ոչ թե անմիջականորեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն է, այլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի չեղարկումը:

ՇՊՀ-ի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Հայկ Հարոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն իր մեջ պարունակում է հակազգային, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տարրեր, դրա համար պիտի չեղարկվի, հետ կանչվի ու մշակվի նոր հայեցակարգ, որտեղ ազգային արժեքների պաշտպանությունը կլինի առաջնային:

«Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները պիտի դասավանդվեն նոր մակարդակում, ավելի հիմնավոր, իսկ դպրոցում պետք է լիարժեք կրթական համակարգը գործի, որ մեր շրջանավարտները ոչ թե կիսագրագետ ավարտեն այդ առարկաներից իրենց ուսումը, այլ լիարժեք: Երբ այդ լիարժեքությունն ապահովվեց, նոր միայն կարող ենք անցում կատարել բուհում ընտրովի սկզբունքով այդ առարկաները դասավանդելուն»,-ասաց Հայկ Հարոյանը:

Ըստ մեր զրուցակցի, անընդունելի է ՆԶՊ-ն դպրոցներից հանելը, սա ազգային անվտանգության խնդիր է պատերազմող երկրի համար, բացի այդ, նրա կարծիքով՝ շատ խախուտ ու չիրականացվող է հայոց պատմությունն ու հայ եկեղեցու պատմությունը միասնական ներկայացնելու թեզը:

Հայկ Հարոյանը նաև համաձայն չէ, որ մշակույթն ազատ, առանց գրաքննության լինելու հողի տակ անցկացնեն կեղծ մշակութային արժեքների քարոզչություն, որը դեմ է ազգային ինքնությանն ու արժեքներին:

Բուհի գործարարության և վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր խնդիրն անձնավորված չէ: Ես Արայիկ Հարությունյանի հետ անձնական խնդիր չունեմ, այստեղ համազգային խնդիր է: Կառավարության վերագրած քաղաքականությունը ես ազգակործան եմ համարում, ազգակործան այն առումով, որ ունենալով բարդ աշխարհաքաղաքական դիրք՝ փորձում են վերացնել ՆԶՊ առարկան դպրոցից:

Սկսենք նրանից, որ ուսուցիչը նախապատրաստական զինվորական պատրաստվածության շրջանակում կազմակերպում է երեխաների զինկոմիսարիատում հաշվառվելու կանգնելու պրոցեսը, ոչ միայն որպես առարկա է դասավանդում, այլ պարտականություններ ևս կատարում է: Երկրորդ՝ ազգի նույնականացումը կատարվում է մշակույթի, լեզվի, գրականության և ազգային ավանդույթների միջոցով:

Ես գտնում եմ, որ սա սպիտակ ցեղասպանություն է մեր ազգի հանդեպ: Ազգ, որպես այդպիսի նույնականացվում է ազգայինն էթնոսով, ազգային մշակույթով, պատմությունով, լեզվով ու ազգային ավանդույթով: Ազգի կայացման առաջին խնդիրն ազգային կապիտալն ու արդյունաբերությունն է. 90-ական թվականներին վերացրեցին ազգային արդյունաբերությունը, որի արդյունքում ունեցանք միլիոն ու կես արտագաղթ: Այդ մարդիկ արդեն ենթարկվել են սպիտակ գենոցիդի, եթե հետաքրքրվեք, ովքեր արտագաղթել են, իրենց երեխաներն այլևս չեն խոսում հայերեն: Այս հարյուրամյակի ընթացքում սա երկրորդ գենոցիդն է, մշակութային գենոցիդը: Մենք հազարամյակների ընթացքում տոլեռանդ չենք եղել այլասերվածության հանդեպ, մենք հարմարվող չենք եղել դրան: Մենք հազարամյակներ գոյատևել ենք՝ պահպանելով մեր մշակույթը, մեր ավանդույթները, եթե այսօր մեր մշակույթը, ավանդույթները վերացրեցին, ի՞նչ ազգ ենք դառնալու:

Հայոց լեզվի դասավանդումը վերացնում են, հայ ժողովրդի պատմության դասավանդումը վերացնում են, հայ եկեղեցու պատմության դասավանդումը վերացնում են ու չկա հիմնավորումը՝ ոչ տնտեսական ոչ մշակութային, ոչ կրթական: Մի րոպե պատկերացրեք Սաուդյան Արաբիա միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր մարդիկ որպես զբոսաշրջիկ են գնում ու ասենք այդ երկիրն ունենա մշակույթի նախարար, որը պարբերաբար հանդիպում է տրանսգենդերների հետ, դեպի այդ երկիր կվերանա տուրիստական հոսքը:

Մեր ազգային բրենդի մասին ենք խոսում, ազգային խորհրդանիշի մասին ենք խոսում, մեր ազգային խորհրդանիշը 1700-ամյա եկեղեցին է. փոխանակ այդ թեման զարգացնենք, երեխաների մոտ եկեղեցու պատմությունը լավ հիմնավոր ուսուցանենք, դա դառնա մեր մշակութային բրենդը, տուրիստական հոսք ապահովի, ամբողջ աշխարհից գան, որպես առաջին քրիստոնեական երկիր, մենք հակաքրիստոնեական քայլերի ենք գնում, դրանով տուրիստ ենք գրավո՞ւմ…

Ես ընդունում եմ, որ սա պատվիրակված ծառայություն է Ադրբեջանի, Թուրքիայի կողմից մեր երկիրը քանդելու: Եթե Արայիկ Հարությունյանը կկատարի ազգանպաստ քայլեր, այ ընկեր, քո կողքին ենք, աջակցում ենք ամեն ձևով, եթե ապազգային է, մենք քո դեմ ենք ելնելու: Մեր խնդիրը անձի դեմ չէ, մեր խնդիրը ազգի համար է, մենք պայքարում ենք հանուն ազգի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930