Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրինությունը պատասխանում է՝ Արթուր Վանեցյանը բաժնետե՞ր է, թե՞ ոչ

Նոյեմբեր 11,2019 14:05

Պատասխանելով վերջերս մամուլում հրապարակված լրագրողական մի հետաքննության վերաբերյալ հարցին, որտեղ նշվում էր, թե  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին պատկանող ընկերությունն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետերերից մեկը ընդհանրություն ունեն եւ փոխկապակցված անձ են, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը պատասխանեց, որ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերը չորսն են, եւ դրանք բոլորը իրավաբանական անձինք են:

Ըստ պարոն Ամբարյանի, «Դրանցից ամենամեծը «Քրոնիմետ» ընկերությունների խումբն է. «Ձեր հարցը վերաբերվում է ոչ թե կոմբինատի բաժնետերերին, այլ՝ բաժնետերերի բաժնետերերին եւ դրանցից վերեւ չորրորդ, հինգերորդ մակարդակի փոփոխությանը: Ինչպես նշեց գլխավոր տնօրենը՝ կոմբինատը դրա վրա ազդեցություն չունի»:

Նարեկ Ամբարյանի խոսքով, «Զանգեզուրի կոմբինատը» մասնավոր ընկերություն է. «Նույն ձեւի մասնավոր ընկերություն է, ինչպես մյուսները։ Սկսած 2004 թվականից, երբ Հայաստանի կառավարությունը մասնավորեցրել է կոմբինատը, նա այս ձեռնարկությունը թողել է ազատ նավարկության, կարգավորելով բացառապես օրենսդրությամբ։ Մնացածը, թե ով ում հետ է փոխկապակցված, ով ում հարեւանն է, դա կոմբինատի մենեջմենթին չի վերաբերվում, եւ դա կառավարման տիրույթից դուրս է»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը հավելեց՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» որդեգրել է թափանցիկ գործելու քաղաքականությունը եւ կշարունակի այդպես աշխատել. «Մենք չենք կարող բոլոր հարցերի համար պատասխանատու լինել, քանի որ մենք ամեն ինչի վրա չէ, որ կարող ենք ազդեցություն ունենալ. «Մենք պատասխանատու ենք ընկերության աշխատանքի, բնապահպանական խնդիրների, հարկերի վճարման, մեր աշխատակիցների աշխատավարձերը շուկայից ոչ պակաս կամ ավելի բարձր վճարելու, հարակից համայնքների բնակիչների լավ կամ վատ լինելու համար։ Բայց մենք չենք կարող բոլորի հարցերի համար պատասխանատու լինել, քանի որ մենք ամեն ինչի վրա ազդեցություն ունենալ չենք կարող»։

Անդրադառնալով հետաքննական հոդվածին, ասաց. «Մենք նախատեսում ենք ընկերությունը տանել բաց բաժնետիրական ընկերության ֆորմատով, սկզբում հայկական ֆինանսական շուկայում, այնուհետեւ՝ համաշխարհային։ Մենք ոչ հիմա, ոչ էլ այդ պարագայում ի վիճակի չենք լինի ազդեցություն ունենալ մեր բաժնետերերի ցանկի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930