Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման գործելակերպով կառավարության և վարչապետի ծրագրային քաղաքականությունը խեղաթյուրելն անթույլատրելի է». «168 ժամ»

Նոյեմբեր 14,2019 12:55

Հարցազրույց Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հետ

– Ձեզ համար սպասելի՞ էր հեղափոխությունից հետո նշանակված ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնից հեռացումը։

– Անկեղծ ասած՝ այո, այն պարզ պատճառով, որովհետև թիմային աշխատանքով աշխատելու այդ ցանկությունն ըստ էության պիտի գտներ նաև իր օբյեկտիվ դրսևորումն այս իրավիճակում ևս։ Ինձ համար տարօրինակ է, որ ավելի շուտ չի դրսևորվել այդ հանգամանքը, բայց ինքնին սպասելի էր այն քաղաքականության ու այն սկզբունքների համատեքստում, որն այս պահին առհասարակ իրականացվում է արդարադատության ոլորտի   քաղաքականությունը մշակող մարմնի համակարգում։ Ինքնին սա մեր իրականության հիմնարար թերություններից մեկն է, ամենալուրջ խոչընդոտը՝ պատշաճ կառավարում ունենալու, կառավարման արվեստից բխող կարգավորումներ առաջադրելու իմաստով, և ես կարծում եմ, որ թիմային աշխատանքով աշխատելու ցանկությունը խարան է, որ դրված է մեր երկրի առջև։ Եվ պատահական չէր, որ իմ նախընթաց հարցազրույցներում իմ կասկածը հայտնեցի այն հարցի առնչությամբ, որ տեղեկացվո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետը բոլոր նշանակումների և ազատումների իրական պատճառների ամբողջ համախմբի մասին։ Թիմային աշխատանքը կառավարման տրամաբանության մեջ ընդհանրապես չի տեղավորվում։ Անհրաժեշտ է երկու հատկանիշի միաժամանակյա առկայություն՝ մասնագիտական և մարդկային։

– Դուք որպես փոխնախարար՝ ընտրվել էիք հեղափոխությունից հետո կադրային բանկից, ինչի գաղափարը ողջունվեց ժամանակին, որովհետև ակնհայտ էր, որ նոր կառավարությունը կադրային խնդիր ունի։ Ըստ էության Ձեզ աշխատանքի ընդունել է ՀՀ վարչապետը, և նա չէր կարող թեկուզ մամուլից տեղեկացված լինել, որ Դուք աշխատանքից ազատվել եք այդ հիմնավորմամբ։ Նիկոլ Փաշինյանի կողմից Ձեզ հետ հանդիպելու, ինչ-որ բան ճշտելու փորձ եղե՞լ է, եւ արդյո՞ք այսպիսով այդ կադրային բանկ ասվածն իր նշանակությունը չի կորցնում։

– Բացարձակապես չի եղել նմանատիպ փորձ։ Ինչպես նշեցիք, իմ նշանակումը եղել է պրոֆեսիոնալ մասնագետների ձևավորմանն ուղղված ՀՀ վարչապետի նախաձեռնությունից, որն արդեն իսկ այն պահի դրությամբ արժանացել էր հանրության ստվար հատվածի դրական արձագանքներին։ Այս պարագայում խնդիրն այն էր, որ ցանկացած պարագայում այս պաշտոնում նշանակումն ու ազատումն ըստ էության չեղարկվում են։ Մենք գործ ունենք ՀՀ վարչապետի կողմից ձևակերպված գաղափարի ընթացիկ խեղաթյուրման հետ։ Այս իմաստով ՀՀ Արդարադատության նախարարության (ԱՆ) գործելակերպը, որը կարծես թե կայուն բնույթ է կրում, իմ մասով գոնե ուղղված էր ՀՀ վարչապետի այդ նախաձեռնության, այսպես կոչված, զրոյացմանը։

– Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպում այդպես էլ չեղա՞վ, միգուցե աշխատանքային ձեր մոտեցումները համընկնեի՞ն:

– Այդ հանդիպման մանրամասները վաղուց արդեն մոռացության են մատնվել։ Այս պահին դրանք այլևս, ընթացիկ զբաղվածությամբ պայմանավորված, ընկել են պատմության գիրկը։ Ընդամենը հետահայաց վերլուծություն եմ իրականացնում հիմա ու արձանագրում, որ նման գործելակերպով ՀՀ կառավարության և վարչապետի ծրագրային քաղաքականությունը խեղաթյուրելն անթույլատրելի է։ Անթույլատրելի է թիմային աշխատանքով աշխատելու գաղափարը, անթույլատրելի է ՀՀ ԱՆ-ն դիտարկել՝ որպես սեփական դարբնոց։

– Ձեր պաշտոնավարման չորսամսյա կարճ ընթացքում ի՞նչ հասցրեցինք անել։

– Այդ հաշվետու ժամանակաշրջանում իմ ենթակայության ներքո աշխատող աշխատակազմի հետ միասին հասցրել եմ ավարտին հասցնել ու հանրության դատին ներկայացնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն առաջիկա 3 տարիների համար, որը գործնականում որևէ փոփոխության չենթարկվելով՝ մոտ 1.5 ամիս առաջ հանձնվել է կառավարության դատին և ընդունվել՝ որպես ոլորտի ռազմավարական փաստաթուղթ։ Հասցրել ենք ավարտին հասցնել ՀՀ քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի ռազմավարությունները, Ազգային ժողով ներկայացվեց և ընդունվեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներից մեկի պատշաճ կատարումն ապահովող օրենսդրական ակտ. խոսքը պատժախցի ինստիտուտին վերաբերող որոշմանն է վերաբերում, և այլն։

– Ձեր պաշտոնավարման ընթացքում հաճախ էիք անակնկալ այցեր կատարում քրեակատարողական հիմնարկներ, քանի որ համակարգում էիք քրեակատարողական ոլորտը, հաճախ՝ առանց ծառայության պետի ուղեկցության։ Ի՞նչ առաջնային խնդիրներ եք բացահայտել տեղում, ի՞նչ նպատակով էին կատարվում այդ այցերը։

– Կառավարման տեսակետից ինձ համար առաջնային սկզբունք էր, որ բոլոր միջոցները պետք է ձեռնարկել քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) իրական ենթակայությունն Արդարադատության նախարարությանը ապահովելու համար՝ դրա կազմակերպական, օպերատիվ ներգործության բոլոր գործիքների կիրառմամբ։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Նկատի ունեմ՝ ֆինանսատնտեսական փաստաթղթեր… Բոլոր փաստաթղթերն իրենց տնտեսագիտական, ֆինանսական հիմնավորվածության և նպատակային ծախսերի իրացման համատեքստում պիտի առանձին գնահատման առարկա դառնան ՀՀ ԱՆ կողմից։ Այդ պատահական այցերի իմաստն այն էր, որ տեղում պարզեինք՝ ինչ ընթացիկ իրավիճակում է գտնվում, ենթադրենք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ցերեկը ժամը 17։00-ի դրությամբ։ Ներկա՞ են արդյոք ՔԿՀ պետը, պետի տեղակալները, պատշա՞ճ են իրականացվում դատապարտյալների պահման աշխատանքները։ Այդ պարագայում արձանագրվում էին խնդիրներ, որոնք օպերատիվորեն բարձրաձայնվում էին հենց այդ պահին՝ հանգեցնելով առանձին  դեպքերում դրանցից բխող կոնկրետ գործնական քայլերի իրացմանը։ Ոչ թե ճաշկերույթ էինք կազմակերպում ՔԿՀ-ներում մասնավոր սննդի ծառայությունների պատվիրակման համատեքստում, այլ ըստ էության մենք իրականացնում էինք կոնկրետ խնդիրների օպերատիվ լուծում։ Իսկ, վստահեցնում եմ, ՔԿ համակարգը մեկն է մեր երկրի այն համակարգերից, որը գեներացնում է հսկայական թվով խնդիրներ, և դրա հանրային ներկայացումն էապես տարբերվում է իրական խնդիրներից։ …Մեր կառավարման մշակույթում դեռևս կա այն մոտեցումը, որ մենք բարեփոխումների իմիտացիա ենք ստեղծում և ոչ մեկը չենք իրականացնում՝ այդպիսով թղթին թողնելով բավական երկար ջանքերի արդյունքում ստեղծվող փաստաթղթերը, որոնք բացառապես նախկին պաշտոնյաների աշխատանքի արդյունքն են, և մենք ներկայացնում ենք՝ որպես մեր սեփականը։

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930