Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ լսել, չէինք լսել՝ խոտով կաշառք չէինք լսել»․ Գյումրիում ձերբակալված դաշնակցական պաշտոնյայի փաստաբան

Դեկտեմբեր 03,2019 18:55

Ինչպես հայտնի է՝  երեկ ձերբակալել են «Արփի լիճ  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն, դաշնակցական Գևորգ Ալեքյանին, որը վերջերս  նշանակվել  էր ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝  նա ձերբակալվել  է  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով։  Նա, մասնավորապես մեղադրվում  է 2017-2019 թվականների ընթացքում  ազգային պարկի տարածքում  խոտհունձի կազմակերպման համար թույլտվություն տալու համար  4 անձանցից առանձնապես խոշոր չափերով գումար ՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ  և գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր պահանջելու և ստանալու մեջ, ինչպես նաև 165 հազար դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարման մեջ։

Քրեական գործում նշված է․«Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտոնատար անձի կողմից հիշյալ անձանց թույլատրվել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի օրինական շահերին:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը 2019թ. ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակով մի շարք քաղաքացիների խոտհունձ կազմակերպելու համար կաշառքի դիմաց տրամադրել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ թույլատրել է պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպելը, որի դիմաց, որպես կաշառք, պահանջել և ստացել է պայմանագրով չնախատեսված տարածքներից հնձված խոտի 30-ից 50-ը տոկոսը:
Պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կատարվել է խոշոր չափերով վատնում: Խոտհունձ կազմակերպելու մասին պայմանագրերով նախատեսված՝ նշված ՊՈԱԿ-ին տրամադրվող խոտի մի մասը՝ 500 խոտի տուկ, վաճառել է մի անձի, որի դիմաց պայմանավորած 1.100.000 ՀՀ դրամից ստացել է 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի վերաբերյալ պայմանավորվել են, որ այն պետք է վճարվի 2019թ. Դեկտեմբերին»։

Գևորգ Ալեքյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն  Aravot.am-ի հետ զրույցում ասաց․

«Անձին ձերբակալում են, բայց թե ինչի՞ համար, մենք իմանում ենք լրատվամիջոցներից։ Երբ ասում ենք փաստական հիմքերը ներկայացրեք, թե ի՞նչ արարքի համար է ձերբակալվում, նախաքննական մարմինը հարկ չի համարում մեզ տեղեկացնել, ընդամենը հոդվածներ են թվարկում, մինչդեռ լրատվամիջոցներում տեսնում ենք շարադրանք․ եթե անձին ձերբակալում եք, չեք տեղեկացնում, թե ինչ փաստական հիմքով եք ձերբակալում, պաշտպանության իրավունքն ո՞ւր մնաց։ Աբսուրդ է սա, անձը ում կասկածում եք, չեք ասում՝ ինչի մեջ եք կասկածում, բայց հանրայնացնում եք փաստական հանգամանքներ։ Ի՞նչն  է խնդիրը, որ անձին չեք տեղեկացնում։

Սա մեկ, երկրորդն՝ անձին ձերբակալում են այն պարագայում, երբ մինչ այդ բազմաթիվ անգամ վարույթ իրականացնող մարմնի տարբեր գործողությունների մասնակցելու համար ներկայացել է։ Այսինքն՝ ո՞րն է ձերբակալման նպատակը, տաք հետքերով  հանցագործությունը բացահայտելը և անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, բայց երբ ժամանակ է անցնում քրեական գործի հարուցումից, և անձն այդ ընթացքում բազմաթիվ անգամ  ներկայանում է, նույնիսկ նյութեր է ներկայացնում,  անձին ձերբակալելն այլևս իրավարժան, օրինաչափ չէ։  Եթե անձը օրենքով նախատեսված պատշաճ վարքագիծ է դրսևորում, ձերբակալման իմաստը ո՞րն է, ինքնանպատակ է այս դեպքում։

Այդ պարագայում մնում է մտածել՝ երևի ձերբակալում են ուրիշ տեղ, ուրիշ բան ասելու համար ու լրատվամիջոցներով, երբ նայում ես նկարագիրը, թե ինչի համար են ձերբակալել, ինչ լսել, չէինք լսել՝ խոտով կաշառք չէինք լսել․․․ Մեր իրավապահ մարմինների երևակայությունը չգիտեմ էլ  ուր կհասնի։

Ծանուցել են նրան,  որպես կասկածյալ հրավիրել են, նա ներկայացել  է, ձերբակալել են։ Ինքն Ազգային անվտանգության ծառայություն էլ  է ներկայացել, իրենից փաստաթղթեր են պահանջել, ինքը ներկայացրել է, ավելին ասեմ՝ եթե աշխատանքի խնդիրն է , նա դիմում է գրել  այսօր Շրջակա միջավայր նախարարին, որն ազատվում է աշխատանքից, չի էլ ուզում աշխատել։ Եթե չլիներ ժ/պ, ավելի շուտ կգրեր ազատման դիմում։

Հիմա մենք դատարան ենք բողոքարկել ձերբակալումը»։

Փաստաբանը նաև ասաց, որ Գևորգ Ալեքյանի խնամքին կան երեք անչափահաս երեխաներ, հայրն էլ հաշմանդամ է, նա տան միակ կերակրողն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031