Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Նախկին լրագրող, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվական դաշտը գրավել է ու շատ դժվար է այս իրականության մեջ աշխատել». Evnreport.com-ի խմբագիր

Դեկտեմբեր 17,2019 17:55

Այսօր «Մեդիան հանուն ժողովրդավարության» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որի ընթացքում հարցին՝ այսօր Հայաստանում ԶԼՄ-ն օրակարգ թելադրո՞ւմ է՝ մեդիափորձագետ Աննա Փամբուխչյանը պատասխանեց. «Հեղափոխությունից հետո անցում է կատարվել ազատ միջավայրի, դա վկայում են նաեւ միջազգային կազմակերպությունները, մյուս կողմից մենք մեկուկես տարվա ընթացքում արագ ցատկել ենք ու հայտնվել այնտեղ, որտեղ որոշ երկրներ հասնում են մի քանի տասնամյակների ընթացքում: Հայաստանը ֆեյսբուքի զոհ է, չկա մեդիագրագիտության աստիճան, որպեսզի հասարակության մի ստվար հատված գիտակցի, որ այն ամենը, ինչ գրված է ինտերնետում, ճշմարտություն չէ: Երբեմն մի բան են ասում, հարցնում են՝ որտե՞ղ ես կարդացել, ասում է՝ ֆեյսբուքում»:
Նա ասաց, որ կարող ենք օրենսդրական կարգավորումներ մտցնել մեդիադաշտ, բայց պետք է հստակ հասկանալ, թե այն ինչ վնաս է բերելու խոսքի ազատությանը:

Փամբուխչյանը բերեց Լեհաստանի օրինակը, որտեղ պետությունը ֆեյսբուքի հետ համագործակցություն ունի, ֆիլտրում են կեղծ լուրերը. «Հայերեն հատվածի կարգավորում գոյություն չունի ընդհանրապես: Ունենք համատարած կեղծ լուրեր, դեղին մամուլը օրակարգ է ձեւավորում վերջին մեկուկես տարվա ընթացքում: Չգիտեմ այդ կայքերին ինչպես կարող ենք մեդիա կոչել, բայց իրենք կարողացել են ձեւավորել էմոցիոնալ, ռազմահայրենասիրական հիմքերից զուրկ օրակարգ, ինչին վարչապետն էլ ժամուկեսանոց լայվերով ստիպված պատասխանում է, նախարարներն էլ ստիպված արձագանքում են դրանց: Երբ խոսում ենք վստահելի ԶԼՄ-ների մասին, Հայաստանում պայմանավորված գովազդային շուկայի մոնոպոլիայով ու քաղաքական նկատառումներով տրվող գովազդներով, հեռուստատեսությունների անազատությամբ, մինչեւ օրս ունենք հեռուստատեսային ցանց, որը հինվել է ՀՀԿ-ի կողմից, նրանք աշխատում են ՀՀԿ-ի օգտին: Այս ցանցը բնականաբար պետք է փոխվի: Հույս ունեմ, որ հեռուստատեսությունները շուտով շատ մաքուր եւ թափանցիկ են գործելու»:

Evnreport.com կայքի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը խոսեց սոցկայքերում ֆեյք նյուզի մասին, նա ասաց, որ այսօր տեսնում ենք ատելության խոսք, սպառնալիքներ, անհանդուրժողականություն. «Մարդիկ իրենց դիվանների վրա նստած ինչ ուզում գրում են ու ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում: Ինչ վերաբերում է մեդիայի՝ օրակարգ ձեւավորելուն, այսօր ակնհայտ է՝ մեր երկրի վարչապետն է օրակարգ ձեւավորողը: Ես, որպես լրագրող, անընդհատ բողոքում եմ, որ հնարավորություն չեմ ունենում հարցերս տալ վարչապետին: Ասում են՝ բա, տիկին Մարի, մեր վարչապետը ելույթ է ունենում, ուղղակի ժողովրդի հետ է շփվում, վա՞տ է, ասում եմ, որպես մարդ շատ զգացված եմ այդ մարդկային վերաբերմունքից, բայց կուզեի տեսնել, որ վարչապետի մամուլի խոսնակը հաճախ հրավիրեր ասուլիսներ, որպեսզի ես իմ հարցն ուղղեմ ու պատասխան ստանամ: Նախկին լրագրող, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվական դաշտը գրավել է ու շատ դժվար է այս իրականության մեջ աշխատել: Ես շատ հիասթափված եմ տարբեր ԶԼՄ-ների վարքագծից հեղափոխությունից հետո»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսեց մեդիահիգիենայի մասին ու նշեց. «Օրինակ, ես որդեգրել եմ մի սկզբունք, որ որեւէ դեպքում ԶԼՄ-ին դատի տալ չի կարելի: Դա հարձակում է խոսքի ազատության վրա»:

Քննարկման ժամանակ խոսեցին նաեւ մամուլի խոսնակների մասին:

Իմքայլական Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ մամուլի խոսնակի ինստիտուտը շատ հնացած է ու դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա:

Նրան հակադարձեց «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ 2016-ի ապրիլին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ինչ կարեւոր դեր ունեցավ: Ըստ տիկին Աբրահամյանի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի դեպքում անհրաժեշտ է ունենալ մամուլի խոսնակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031