Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Պատվաստումից հրաժարվելու իրավունքի մասին խոսելիս հիշել նաեւ երեխայի առողջ լինելու իրավունքի մասին»

Դեկտեմբեր 19,2019 14:00

Հորդորում են մասնագետները

«Երբ երեխան հիվանդ է, ծնողը շատ ավելի պատրաստակամ է ընդունում բժշկի խոսքը։ Բայց երբ երեխան առողջ է, եւ ասում ես, որ պետք է կանխարգելիչ միջամտություն կատարել, պատվաստել՝ նրա մոտ տարբեր վախեր են ի հայտ գալիս։ Ծնողը մոռանում է, թե ինչի կարող է հանգեցնել կարմրուկը, պոլիոմելիտը, կապույտ հազը… Սրանք հիվանդություններ են, որ մեր շուրջ են, եւ այնպես չէ, որ այլեւս չեն հանդիպում։ Այդ պահին ծնողը սկսում է մտածել՝  իսկ եթե երեխան ջերմի՞, կարո՞ղ է պատվաստումն ազդել զարգացման վրա, հիվանդություններ առաջացնել… Իրականում սրանք առասպելներ են, որոնք գալիս են հնուց»,-իր ելույթում ասաց «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը` «Մահաբեր ընտրություն. Ինչ սպառնալի հետեւանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գրքի շնորհանդեսի ժամանակ: Գիրքը ամերիկացի ճանաչված մանկաբույժ, գիտնական Փոլ Օֆիթի հեղինակությամբ է:

Այն պատվաստանյութերից վախի, դրա վրա հիմնված պատվաստումից հրաժարվելու եւ ճակատագրական այդ ընտրության մահացու հետեւանքների մասին է։

Բժշկագիտական այս բեսթսելլերը, որ գրված է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով, թարգմանվել է ավելի քան 10 լեզվով եւ ճանաչվել տարվա գիրք։ Այն քողազերծում է պատվաստանյութերի հետեւանքների մասին տարածված սարսափելի պատմությունները:

Փոլ Օֆիթը Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն վարակների բաժանմունքի եւ Պատվաստումների կրթական կենտրոնի տնօրենն է: Նա նաեւ դասախոսում է Պենսիլվանիայի եւ Ֆիլադելֆիայի համալսարաններում։ Մանկաբուժության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար Օֆիթը 2009-ին արժանացել է ԱՄՆ-ի նախագահի մրցանակի եւ Էդմունդ Բրեդլի մրցանակի, իսկ գիտական հայտնագործության համար՝ ոսկե մեդալի:

Գրքի շնորհանդեսի ժամանակ ՀՀ Աժ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարեւորեց հանրամատչելի լեզվով գրված գրքի հայերեն թարգմանությունը։

«Հանրությունը պետք է հնարավորություն ունենա տեղեկացված ընտրություն կատարելու»,-ասաց նա։

Ներկաների կողմից «Մահաբեր ընտրություն» գիրքը գնահատվեց որպես դժնի համաճարակները կանխելու եւ մահաբեր ընտրությանը չտրվելու ուղեցույց։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը փաստեց, որ գրեթե մոռացված հիվանդություններն այսօր նորացված վերադառնում են։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականին աշխարհում 120 հազար մարդ մահացավ կարմրուկից։

«Ի պատիվ մեզ՝ Հայաստանում այդպիսի դեպքեր քիչ ունենք, բայց վաղ թե ուշ դրանք լինելու են, եւ խոսքս ոչ միայն պեսիմիստական է, կամ փորձում եմ վախեցնել, այլ փորձում եմ պատրաստել նրան, որ վաղը այդ ամենը գալու է նաեւ մեզ մոտ»։

Գիտաշխատողի այս եզրահանգման համար հիմք են հանդիսացել մեզանում առկա հակապատվաստումային տրամադրություններն ու ծնողների կողմից երեխաներին չպատվաստելու դեպքերը։

Հեծանիվ հորինել պետք չէ։ Աշխարհի փորձն ապացուցել է, որ վարակիչ կառավարելի հիվադությունների կանխարգելման ամենից արդյունավետ ու անվտանգ միջոցը պատվաստումն է։

Զավեշտալին այն է, որ շատ հաճախ երեխաներին թույլ չեն տալիս պատվաստել այն ծնողները, որոնք ժամանակին ստացել են ազգային օրացույցում ներառված բոլոր պատվաստումները։

Մասնագետը հորդորում է  պատվաստումից հրաժարվելու իրավունքի մասին խոսելիս հիշել նաեւ երեխայի առողջ լինելու իրավունքի մասին:

Գիրքը թարգմանել եւ տպագրության է պատրաստել Նյումեգ-ը, տպագրվել է  AltHealth հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Գրքի հայերեն տպագրության նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը։

«Առավոտ» օրաթերթ
18.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031