Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին հայտնի է, թե ինչպես է լինում թվացյալ անկախ դեմքով արդարադատության համակարգ, բայց որը ամբողջությամբ 100 տոկոսով կառավարվում է մի կետից». Բադասյան

Դեկտեմբեր 27,2019 16:19

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում խոսեց դատարանների ծանրաբեռնվածության մասին: Նա նշեց, որ ԵԽ երկրներում 100 հազար բնակչին բաժին հասնող դատավորների թիվը 22 է, իսկ Հայաստանում՝ 8: Այս ցուցանիշով մեր երկիրը ԵԽ 46 երկրների շարքում 40-րդն է: Նախարարը նշեց, որ նման ցուցանիշների պարագայում գործերի արդյունավետ քննություն չի լինի. «Հայաստանում 240 դատավոր է, թե որքան կավելանան դատավորների հաստիքները, դեռ պարզ չէ, բայց այս խնդիրը պետք է լուծվի»:

Խոսելով քրեակատարողականների մասին՝ Բադասյանն ասաց, որ այդ ոլորտի նախնական ուսումնասիրությունը տպավորություն ստեղծեց, որ այդ ոլորտը նախատեսված չի եղել պետության կողմից կառավարման համար. «Ոլորտը հանձնված է եղել քրեական ենթամշակույթին: ՔԿՀ-ում չկան տարրական շենքային պայմաններ, չկան էլեկտրոնային հսկողության միջոցներ, խցերը գտնվում են անվտանգության տեսակետից ոչ պատշաճ վիճակում, օրինակ, դռների վիճակը խիստ մտահոգիչ է «Արմավիր» ՔԿՀ-ում: Սրանից կարող ենք բխեցնել, որ վերջին տարիներին պետությունը որեւէ ջանք չի գործադրել, որ ունենա կառավարելի ՔԿՀ-ներ, որտեղ մարդու իրավունքները չեն խախտվում, քրեական ենթամշակույթը ազդեցություն չի գործում դատապարտյալների եւ կալանավորների վրա: Այս առումով մենք ունենք նշանակալի առաջընթաց, կադրային նոր նշանակումներ են եղել, ենթամշակույթի մասով իրավիճակը հիմնովին փոխվել է ՔԿՀ-ում»:

Լրագրողները նախարարին հարցրեցին՝ Հայաստանում արդարադատություն գոյություն ունի՞, թե՞ ոչ: Բադասյանը պատասխանեց. «ՀՀ-ում կա արդարադատություն, ավելին՝ հեղափոխությունից առաջ եւս կար արդարադատություն, հարցը այդ արդարադատության որակն է եւ հանրության վստահության աստիճանը՝ իրականացվող արդարադատության նկատմամբ»:

Հարցին՝ ԱԺ շենքը պաշարելու համար կոնկրետ քրեական հոդված կա, քրեական հետապնդում չպե՞տք է իրականացվեր: Նախարարը պատասխանեց, որ դա հեղափոխության հերթական փուլն է եղել, որը իրագործվել է օրենքի բոլոր պահանջների եւ պայմանների կատարմամբ, ժողովրդի կամքը եւս մեկ անգամ արտահայտվել է՝ ՀՀ-ում բարեփոխումներ սկսելու եւ նոր որակի քաղաքական իշխանություն ձեւավորելու համար, որին հաջորդել են ընտրություններ, որոնք Հայաստանում առաջին անգամ պատմության մեջ որակվել են որպես ազատ, արդար ընտրություններ՝ բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան եւ առաջին անգամ ունենք լեգիտիմ ԱԺ: Ինչ վերաբերում է դատարանների «շրջափակմանը», դա հանրության ուշադրությունը հրավիրելու համար էր, որ այս համակարգում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որ ակնկալենք որակյալ արդարադատություն: Եթե նոր իշխանությունը նպատակ ունենար իրենից կախված դատական համակարգ ունենալ, դրա մեթոդները հրապարակային կոչ անելը չէ: Այս ոլորտում կա խնդիր եւ այդ խնդիրը պետք է լուծվի: Այդ մեթոդներն ու միջոցները բոլորին հայտնի են, թե ինչպես է լինում թվացյալ անկախ դեմքով արդարադատության համակարգ, բայց որը ամբողջությամբ 100 տոկոսով կառավարվում է մի կետից»:

Հարցին՝ այն, ինչ կատարվում է այսօր ՍԴ-ի շուրջ, արդարադատության որակի ի՞նչ մակարդակի մասին է վկայում՝ Բադասյանը պատասխանեց. «Արդարադատության որակի մասով շեշտակի առաջընթաց չունենք, համակարգային կոռուպցիան, այո, բոլոր ոլորտներից դուրս է մղվել եւ չի կարող պահպանվել նախորդ մակարդակով, բայց դատական ակտերին ներկայացվող պահանջների պահպանման առումով, կարծում եմ, կրկին լուրջ խնդիրներ ունենք: Դրա մասին են վկայում մեր հարուցած կարգապահական վարույթները, որի մասով ԲԴԽ-ն վարույթներ է հարուցել: Երեկ ունեցել ենք 2 նկատողություն, 1 խիստ նկատողություն»:

Նախարարն ասաց, որ շատ երկար ու տանջալից աշխատանք է պետք, որ վերջում հասնեն արդարադատության բարձր որակի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031