2016, 2017, 2018, 2019, 2020 թվականները դիմավորեցի անազատության մեջ՝ շրջապատված փշալարերով ու պարիսպներով։ Դրանցից այն կողմ գունագեղ ու ազատ աշխարհն է՝ իր վառ գույներով… Ներսում էլ հնարավորինս փորձում ենք սեւի ու ապիտակի համադրությունից դուրս, հատկապես նոր տարվա օրերին՝ անազատներիս կյանքը լցնել վառ գույներով։ Տոնածառ՝ մասնաշենքում, լույսեր, փաթիլներ, փուչիկներ ու շղթաներ. ամեն մեկը ցանկանում է իր ժամանակավոր տունը՝ խուցը յուրովի ձեւավորել։
Սրանից զատ՝ սրտատրոփ սպասում ես հանձնուքին՝ «տուլիկին», որ ընկերներիդ զարմացնես տնական գաթայով կամ էլ անանասի չափերով։
Հետաքրքիր է նաեւ տարվա վերջին օրվա վերջին ժամերին տղամարդկանց աշխուժությունը։ Մեկը «բլինչիկ»-ն է ձեթով տապակում, մյուս սալաթները լցնում… մի երեւույթ, որ հաստատ ազատության մեջ չեն անի ու դեռ մուննաթ կգան տանտիկինների վրա՝ «աղչի, արագացրու…»:
Ես այս տարի «տուլիկ» չստացա տնից… պարզապես չցանկացա (ընկերներիս մի մասն էլ մոռացավ ինձ…)։ Նախ խցում մենակ եմ ու հետո կարեւորը՝ ուրախ հոգով ու անկեղծ սրտով դիմավորես նոր տարին։ Կարեւոր ատրիբուտները թերեւս ունեմ՝ մանդարին, մոմ, լույս ու սա իմ վերջին Ամանորն է այստեղ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում։ Եվ քանի որ ազատության տարիներին լրագրող աշխատելու ժամանակ միշտ ես էի իմ նյութերում ամփոփում անցնող տարին, սովորույթի ուժով փորձեմ ի մի բերել անցած 2019 թվականը:
Կարդացեք նաև
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐ
2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, կարելի է ասել, հասավ նաեւ կալանավայր։ Փոխվեցին ճաշատեսակները՝ կիսահում ու անհասկանալի կերակուրները փոխարինվեցին նորմալ ճաշատեսակներով։ Դեկտեմբերի 31-ին տոնական ճաշ էր՝ խոզի խորոված, բաստուրմա, սուջուխ, «սալ», բանան ու մանդարին, շոկոլադ ու թխվածք:
Բուժսպասարկման գործում նույնպես փոփոխություն կան։ Սկսել են արագ արձագանքել առողջական խնդիրներիդ, նախկինի նման միայն պարացետամոլ ու անալգին չեն տալիս տարբեր հիվանդությունների դեպքում։ Դեղամիջոցների տեսականին է շատացել։ Բուժակ տղամարդկանց փոխարինել են բուժքույր կանայք, ավելացել է բժիշկների թիվը։
Բայց այս բարելավող պայմանների դեպքում էլ՝ րոպե առաջ ուզում ես հայտնվել ազատության մեջ:
ՆԱԽԱՆՁԵԼԻ Ու ԲԱՂՁԱԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Անկեղծ կլինեմ. ամեն անգամ որեւէ մեկի ազատվելուց նախանձել եմ։ Բարի ու չար նախանձ չասեմ , պարզապես միակ պատճառը՝ որ ինձանից շուտ են ազատության մեջ հայտնվում։ Անցած տարի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվեց խցակից ընկերս՝ Մուշեղը։ Գուցե՞ այս տողերը կարդալուց նա մտքում փնովի ինձ (շատ նուրբ արտահայտվեցի), բայց Մուշեղին չեմ նախանձել։

Հա, ի դեպ, թու-թու, աչքով չտամ, բայց կարծես պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը սկսել է աստիճանաբար աշխատել։ Դատավորները բարյացակամ են տրամադրված, ինչը սակայն չեմ ասի դատախազների մասին։ Նախկին սովորույթով դատախազները շարունակում են բողոքարկել դատապարտյալի օգտին կայացրած որոշում կամ վճիռ, մասնավորապես պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում։
ՏԱՐՎԱ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Քրեակատարողական հիմնարկներում անցած տարի նաեւ կադրային փոփոխություններ եղան։ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ նշանակվեց ոլորտի փորձառուներից մեկը՝ արդարադատության գնդապետ Գերասիմ Գեւորգյանը։ Շատ լեգենդներ էի լսել նրա խստաբարո լինելու մասին, բայց ինձ հանդիպած ՔԿՀ-ի պետերի մեջ միակն է, որ չի անտեսում անձնական ընդունելության խնդրանքով իրեն դիմած դատապարտյալների դիմումները։ Նախկին պետերին, երբ դիմում էիր անձնական ընդունելության խնդրանքով, (ինչը, ի դեպ, կարգավորվում է օրենքով), ընդունելությունը կազմակերպվում էր սոցիալ-հոգեբանի, բաժնի պետերի կամ լավագույն դեպքում պետի տեղակալի մակարդակով։ Չմոռանամ նշել, որ օրերով էլ պիտի սպասեիր մինչեւ ընդունեն։ Փորձում էիր առարկել՝ պարոնայք սպաներ, հարգում ենք Ձեզ, բայց իմ խնդիրը հիմնարկի ղեկավարի հետ պիտի քննարկեմ՝ տարբերակը չէր անցնում։ «Հասկանում ենք, դու մեզ ասա, մենք պետին մանրամասն կպատմենք»,- պնդում էին պետի կողմից լիազորված անձինք։
Բայց Գերասիմ Գեւորգյանի պարագայում ուրիշ է։ Ընդունելության խնդրանքով իրեն դիմած դատապարտյալներին նա անձամբ է ընդունում՝ 3-4 օրվա ընթացքում, իսկ եթե հարցդ անհետաձգելի է՝ անմիջապես։ Ոմանք թերեւս կհիշեցնեն, որ իրավիճակ է փոխվել ու այլեւս նոր Հայաստանում ենք ապրում։ Այո’, համաձայն եմ, բայց հետհեղափոխական Հայաստանում «Արմավիր» ՔԿՀ-ում երկու պետ է փոխվել. նրանք էլ էին իրենց պատասխանատու աշխատողներին ուղարկում։ «Հարցս որ չլուծվի էլ, գոհ եմ։ Մտա, Գեւորգյանը տեղից վեր կացավ, ընդառաջ եկավ, ձեռքով բարեւեց, առաջարկեց նստեմ։ Հալալ ա էդ մարդուն»,- Գերասիմ Գեւորգյանի ընդունելությունից զարմացած էր դատապարտյալ Ալիկ Կոնջոյանը։ Ասել կուզի, որ այստեղ՝ նեղության մեջ, մարդուն բարյացակամ ու քաղաքակիրթ վերաբերելը շատ բան է փոխում քո մեջ։
«ԱՌՆԵՏԻ» ՏԱՐԻՆ ԻՄՆ Է ԼԻՆԵԼՈՒ, ՍՊԱՍԵՔ
Անցած՝ Խոզի տարին էլ կարծես վատ չէր։ Էլի մասնակցեցի Եվրոպական միության եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Հանրային հայացք փակ աշխարհին» լրագրողական մրցույթին, բայց այս անգամ մրցանակ չստացա։ Ժյուրի՞ն էր խիստ, թե՞ ներկայացված հոդվածներն էին շատ ու իմոնք մրցանակայի՞ն չէին՝ կդժվարանամ ասել։ Հետագայում գուցե անդրադառնամ այս թեմային, բայց դե հո՞ ամեն տարի ես չեմ շահելու։ Թող ուրիշները նույնպես վայելեն հաղթական դափնիները։ Իսկ ես բավարարվեցի մասնակցության վկայագրով, խրախուսական նվերներով։ Կազմակերպիչներն էլ պաշտոնապես այստեղ հանձնեցին իմ հասանելիքը։
Էլի դժգոհ չեմ, չտխրեցի էլ, որովհետեւ 2020-ը՝ Առնետի տարին իմն է լինելու։ Ես Առնետի տարում եմ ծնվել ու, երբ անցած դարի 80-90-ական թվականներին մոդայիկ դարձան հորոսկոպները, մտերիմ ընկերներս անկեղծացան՝ ասելով, որ «կռիս» բնավորություն ունեմ… Առնետի տարում գլխավոր դերակատարները Կշեռքներն են լինելու (ամսով Կշեռք եմ), որոնք շատ ուժեղ են լինելու եւ մեր առաջ դռներ են բացվելու։ Տարվա գլխավոր պահանջը ազատ լինեն ու դրա իմաստը հասկանալն է։ Անազատությանս 4 տարիների ընթացքում շատ լավ հասկացա ազատության արժեքը, հասկացա, որ անգամ նեղության ու փակի մեջ Աստծո առաջնորդությամբ քեզ կարող ես ազատ զգալ։
Կարոտել եմ ազատ կյանքին, լրագրողական իմ գրչին, ընկերներիս, հարազատ-բարեկամներիս։ Անազատությունից հետո ազատությանը վերաինտեգրվելը գուցե այնքան էլ հեշտ չլինի։ Աստղաբանների մեկնությամբ՝ տարին խոստումնալից է Կշեռքների համար, բայց շրջապատի մասին պետք չէ մոռանալ։
Իմ շատ սիրելի բազմակազմ ու խայտաբղետ շրջապատ, եթե ստացվի՝ Աստծո կամոք առաջիկա ամիսներին կգամ ձեր մոտ։ Իսկ եթե չէ՝ ուրեմն 2020-ի դեկտեմբերի 25-ին կհանդիպենք։ Ես ձեզ չեմ մոռացել, հուսով եմ՝ դուք նույնպես եւ սրտաբաց կընդունեք ինձ եւ կօգնեք՝ նոր քայլեր անելու Հայաստանի նոր իրականության մեջ։
Ընկերներիցս ոմանք (հատկապես արտերկրում գտնվողները) խոստացել են աջակցել նոր քայլերիս։ Ես հավատում եմ նրանց, համոզված եմ, որ այսուհետ միշտ առաջ եմ գնալու։
Շնորհավորում եմ ծանոթ-անծանոթների, բոլոր-բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում, որ երբեք, ոչ մի պարագայում չզրկվեն իրենց անձնական ազատությունից, չզգան փշալարերով շրջափակված տարածքների մթնոլորտը։ Առողջ եղեք եւ սպասեք ինձ։ Գալու եմ շուտով:
Արմենակ/Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ
լրագրող, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ



















































