Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարդկության գլխին վտանգ է կախված, որն է նրա փրկության եւ երջանիկ ապրելու բանաձեւը

Հունվար 29,2020 12:30

Այս պահին երկրագնդի վրա մոտ յոթ միլիարդ՝ տարբեր ազգերի, տարբեր սովորույթների, տարբեր ռասայական պատկանելության, տարբեր կրոնների դավանող մարդիկ են ապրում եւ այդ թիվը ժամանակի ընթացքում գնալով կավելանա, եթե բնության ու մարդկության վերացմանը միտված տիեզերական կամ երկնային բնական, արհեստական մեծագույն աղետներ չլինեն:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, եթե նույնկերպ կամ ավելի մեծ տեմպերով շարունակվի, ապա բացառված չէ նաեւ, որ մարդիկ հիմնովին ու վերջնականապես, լիովին ուրանան երկինքը, երկիրն ու մարդկությանն արարած Տիրոջը, ամբողջապես կտրվեն նորմալ մարդկային նորմերից, դառնան բացարձակ անկառավարելի եւ իրենց տարաբնույթ անմարդկային գործողություններով սկսեն բնաջնջել երկրագունդը, կանգ չառնելով անգամ ինքնաոչնչացման վտանգի առջեւ:

Պատկերավորության համար փորձենք դրանք ներկայացնել մի քանի օրինակներով: Ասվածը ներկայացնենք առանց վերացական կոմպոնենտներ ներմուծելու, առավել եւս, որ այդ ամենին մարդիկ ականատես են լինում համարյա մշտապես: Այսօր  ամբողջ աշխարհում տեղի են ունենում բազմապիսի իրադարձություններ, որոնց հետ կապված կարծես որեւէ տիպի զսպման մեխանիզմներ չեն գործում, այլ խոսքով, ամենուրեք բնության հետ վարվում են բացարձակ անողոքաբար:

Առանց անհրաժեշտ օրենքների պահանջների պահպանման, բազմապիսի գերջերմային արտադրություններ են հիմնել ու հիմնում եւ գնալով դրանք աներեւակայելի ու անվերահսկելի չափերի են հասնում, որոնց հետեւանքով այսօր արդեն էականորեն խախտվել են բնության ներքին կառուցվածքում առկա շատ կոմպոնենտների փոխադարձ կապերի կայուն վիճակը եւ արդեն փոփոխված են այդ կոմպոնենտների նորմատիվ բնական արժեքները, որի արդյունքում բնությունը որոշակիորեն շեղվել է իր նորմալ վիճակից, քանի որ փոփոխվել է ամենակարեւոր կոմպոնենտներից մեկը՝ ջերմային կոմպոնենտը, որն այսօր գոնե ցայտուն կերպով զգացվում է երկրագնդի հասարակածի մոտակայքում:

Եթե մի պահ աչք փակենք բնության որոշ կոմպոնենտների վրա այդ ջերմային ռեժիմի փոփոխության ազդեցության վրա, ապա չենք կարող չնկատել նրա ուղղակի ազդեցությունը ընդերքի քնած հրաբխային եւ երկրաշարժածին օջախների վրա, որի հետեւանքով քնից կզարթնեն դրանք եւ սարսափելի մեծ ավերածություններ կարող են  առաջ բերել երկրագնդի վրա: Այս ուղղությամբ վերլուծությունները կարելի է երկար շարունակել, սակայն սրանով սահմանափակվենք եւ խոսենք երկրորդ պատկերավոր օրինակի մասին:

Գաղտնիք չէ, որ այսօր շատ երկրներ ունեն միջուկային զենք, որոնց անվտանգության բանալիները գտնվում են այդ երկրների ղեկավարների ձեռքին: Սակայն, բացարձակ հայտնի չէ, թե այդ մարդիկ բոլորն են արդյոք հավասարակշիռ եւ որ պահին ու ինչ ֆորս-մաժորային իրավիճակում դրանցից մեկն ու մեկը, կամ մի քանիսը հանուն անկարողության եւ մեծ ամբիցիաների կարող են սեղմել, բացառված չէ, որ դրանց մեջ եւս անկառավարելի տեսակ լինի: Օրինակ, բոլորին է հայտնի, նման որակներ կրող գոնե երկու ղեկավար պարզորոշ նշմարվում են եւ դրանք են Հյուսիսային Կորեայի գործող նախագահը, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ այդ կոճակները:

Բնականաբար, նման անդառնալի վտանգների դեպքում, մարդասեր Տերն ամեն կերպ կփորձի այդ ամենի դեմն առնել, քանզի բոլոր մարդիկ են իր զավակները, իսկ հայրը երբեք իր ամենաապիկար երեխային անգամ մահ չի ցանկանում: Սակայն մյուս կողմից, համբերությունն էլ սահման ունի եւ եթե բազմաթիվ անգամներ համբերատար փորձ է արվում դիմակայել նմանօրինակ մարդակործան արհավիրքներին, իսկ մարդկային նորմերը ոտնատակ տված եւ մարդկային արժեքներն ուրացած արարածները շարունակում են իրենց կեղտոտ ոտքերը մաքրել այդ համբերությունը խորհրդանշող սփռոցի վրա, կանգ չառնելով անգամ ողջ մարդկությանն սպառնացող՝ ընդհուպ նրա իսպառ վերացմանն սպառնացող վտանգի առջեւ, այդ դեպում մեր ամենազոր Տերը պարտադրված՝ այլ ճանապարհ չունենալով, նման արկածախնդիրներին տանելու է փորձության, որպեսզի նրանք զգոնանան ու խելքի գան, որի հետագա ելքն էլ որոշվելու է միմիայն նրանով, թե նրանք որ ճանապարհն են ընտրելու՝ փրկության, թե կործանման:

Կզգոնանան, խելքի կգան, ուրեմն կփրկվեն իրենք, փրկելով մարդկության մեծամասնությանը, եթե ոչ, ուրեմն կկործանվեն, ցավալիորեն իրենց հետ տանելով նաեւ բազում՝ միլիոնավոր անմեղ մարդկանց: Ցավոք, ասվածը ոչ այլ ինչ է, քան աշխարհի կործանում կամ ասել է թե՝ բնության կործանում, որը մեխանիկորեն իր հետ կբերի նաեւ մարդկության վերացմանը:

Ուզենք, թե չուզենք, այսօր աշխարհում ընթացող իրադարձությունների դինամիկան ուղղակիորեն տանում է հենց վերը ասվածին եւ եթե չգտնվեն խելացի ու իմաստուն մտածողներ ու րոպե առաջ չփորձեն այս ամենի դեմն առնել, ապա վաղ թե ուշ, ասվածը դառնալու է դառը իրականություն եւ ամեն ինչ վերջանալու է: Բերենք բոլորս աղոթենք առ Աստված, որ վերեւում ասվածը դառնա լոկ վերացական ասույթների մի տխուր փունջ եւ ամենազոր Տերն իրոք կարողանա փրկել մարդկությանը նմանատիպ արհավիրքներից: Վերջին ասվածն ընդամենը բարի ցանկություն էր, իսկ վերեւում նկարագրվածը գոյություն ունեցող դառը իրականություն:

Հենց այս պարագայում է, որ մարդկային միտքը պետք է գործի առավելապես ճկուն, պարզելու համար, թե որոնք են այն գլխավոր պատճառները, որոնք աշխարհը բերել են այս վիճակին: Կարծում եմ՝ այս հարցի պատասխանն ակնհայտ է. փողի մոլուցքը՝ փողի ցանկացած չափից չկշտանալը եւ միջուկային զենքի տիրապետող որոշ ղեկավարների անձնական փառասիրության ու մնացած ամբիցիաների անկառավարելիության հանգամանքը:

Կրկնեմ եւս մեկ անգամ. այսօր աշխարհում առկա բոլոր հարցերից ամենակարեւոր ու ամենահրատապ այս հարցի լուծումը հետեւյալն է. պետք է րոպե առաջ իրար գլխի հավաքվեն աշխարհի բոլոր առաջադեմ գիտնականները եւ մշակեն այնպիսի կոնցեպցիաներ՝ ռազմավարություններ եւ մարտավարություններ, որոնցով ուղղակիորեն ոչ մի բանի դեմ կանգ չառնելով, հնարավոր կլինի վերը նշված վտանգների դեմն առնել, այլապես, վաղ թե ուշ անխուսափելի կլինի աշխարհի կործանումը:

Վերը նշված էքստրեմալ քայլերից զատ, մարդկության կործանումից փրկվելու եւ երջանիկ ապրելու բանաձեւը եւս միակն է. պետք է զսպվի ու աստիճանաբար նվազագույնի հասցվի մարդկային նախանձն ու փառասիրությունը, պետք է մարդիկ գիտակցեն ու միմյանց նկատմամբ լցվեն սիրով ու հանդուրժողականությամբ, քանզի այլ ճանապարհ ուղղակի չկա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031