Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած զինծառայողի մայրը՝ Դավիթ Տոնոյանին. «Իմ երեխուն սպանել են… ոնց եմ պահել իմ երեխուն»

Փետրվար 02,2020 14:02

Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի  հարազատների հետ հանդիպեցին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք, որ հարազատները նրա դագաղը ծննդավայր Հայթաղ գյուղից ոտքով բերում էին Երեւան եւ ասում էին, թե չեն հավատում  զինծառայողի ինքնասպանության վարկածին: Նաեւ հավելենք,  զինծառայողի մահվան դեպքի գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝  Դավիթ Մովսիսյանը եւ եւս երկու համածառայակից:

«Ես ձեզ ասում եմ, որ ինձ համար, որպես Պաշտպանության նախարար, սա ինքնասպանություն չէ»,-ասաց նախարարը: Հավելեց, որ անձամբ կհետեւի գործին: «Բա ինչի լուրերով ասեցին, որ ինքնասպանություն է»,-ասաց զինծառայողի հարազատներից մի տղամարդ:

«Դուք ինձ չվստահելու ինչ առիթ ունե՞ք… եկեք թարգենք էս ամեն ինչը, սա մեզ պատիվ չի բերում՝ ոչ քո զավակին, ոչ երկրին»,-ասաց Դավիթ Տոնոյանը զինծառայողի հարազատին, որն ասաց, որ չի վստահում նրան: Հարազատները պահանջեցին, որ նախարարը հնչեցնի տղային սպանողների անունները, եւ հանվի նրա վրայից ինքնասպանի պիտակը:

«Այն տեղեկությունները, որ ես ունեմ, էն հանգամանքները, որ կան, ասում եմ, որ ըստ դրանց, ինքն ինձ համար ինքնասպան չի եղել: Բարոյապես ես անձամբ եմ պատասխանատվություն կրում, հրամանատարներն են պատասխանատվություն կրում, որովհետեւ պատշաճ ձեւաչափով չեն հետեւել, խստորեն պատժվելու են եւ կարգապահական, եւ քրեաիրավական գնահատական ստանալուց հետո, այդքանը վստահեցնում եմ…»,-ասաց նախարարը:

Մահացած զինծառայողի հորեղբայրը դիմեց նախարարին․ «Հոգուդ մեռնեմ, ես հինգ զինվոր եմ տվել, հինգն էլ Ղարաբաղ են ծառայել, ինչի էդ մեկին էդպես նվեր ուղարկեցիք ինձ… Ինչի պետք է էսպես լինի, երեխու պիտակը կպցրիք վրան, ես ուղարկել եմ, որ պաշտպանի քեզ, ինձ, բոլորին… նա քո երեխան էր, երեխու պիտակը վրայից հանեք»:

«Մեր վերահսկողության սխալն է եղել, որը բերել է այս ողբալի դեպքին: Նաեւ մեր կողմից է եղել սխալ, ես ձեզ խնդրում եմ դադարեցնել այս ամեն ինչը… Քննչական կոմիտեն ձերբակալվածների անունները քիչ հետո կհրապարակի»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Տեղում էր նաեւ հոգեւորական, որն ասաց, որ հոգեհանգստյան ծեսով հանգուցյալին հողին կհանձնեն:

«Անունները հիմա լուրերով կտան»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ փորձելով հանգստացնել մահացած զինծառայողի հարազատներին: «Ձերբակալված են Գասպարյան, Մովսիսյան, Ավետիսյան»,- տեղեկացրին հարազատներին։

«Դրանցից մեկը Շմայսի տղեն ա»,- ասաց մահացածի հարազատներից մեկը: Նրանք չէին ցանկանում հեռանալ ու պահանջում էին, որ ասեն սպանողի, ոչ թե ձերբակալվածների անունները: Մահացածի մայրը պահանջում էր հրապարակային պատիժ։ «Պատկերացրու քո որդին քո առաջ… Իմ երեխուն սպանել են, ես զինվոր բալա եմ ուղարկել բանակ… Աչքներդ քոռանա, ինչ ձեւով եմ պահել, հաստավզեր, հերիք եղավ»:

Զինծառայողի հարսը՝ Աստղիկը, ամուսնու մահացած եղբոր նկարը ձեռքին մոտեցավ նախարարին. «Երկու զենք առաք, ցույց տվեցիք, բայց էլի զինվոր ա խփվում, ինչի եք վատ վերահսկում… Հայ ազգը էդքան զինվոր կորցրեց, բայց էլի բան չփոխվեց»: Դավիթ Տոնոյանը խնդրեց ավարտել բողոքի գործողությունները. «Խնդրում եմ՝ ավարտենք… Ես գալիս եմ ձեզ հետ մեր սգո արարողությանը մասնակցելու, խնդրում եմ, գնանք մեր սուգը անենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    ի՜նչ մրմուռ․․․
    և ինչ “սրտահովանք “, որ, “Տեղում էր նաեւ հոգեւորական, որն ասաց, որ հոգեհանգստյան ծեսով հանգուցյալին հողին կհանձնեն”:
    Հողին․․․
    Ստացվում է այն, որ նախկինների սերունդներին առհասարակ հակացուցված է ծառայելը։
    Այլընտրանք է պետք գտնել նրանց համար ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829