Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գեւորգյան. «Գաղափարը, որ «Բիլայնը» վնասով է աշխատում, ու ստիպված են գնալ համակենտրոնացման՝ մեզ համար չի աշխատում»

Փետրվար 11,2020 14:10

Վեոն Արմենիա եւ Յուքոմ ՓԲԸ-ն հայտ են ներկայացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ թույլատրել այս երկու ընկերությունների միաձուլման՝ համակենտրոնացման գործարքը: Յուքոմը ցանկանում է գնել «Վեոն Արմենիա» (ապրանքանիշը՝ Բիլայն) ընկերությունը: Այսօր ՏՄՊՊՀ-ում հարուցված վարույթի նիստն էր, որի դռնբաց հատվածում ներկայացվեցին ընկերությունների ֆինանսական ցուցանիշները, ապա հաջորդեց դռնփակ նիստը, քանի որ ներկայացվելու եւ քննարկվելու էին առեւտրային գաղտնիք պարունակող հարցեր:

Հանձնաժողովը դեռեւս վերլուծում է ընկերություններից ստացված տեղեկատվությունը, դեռեւս որոշում չկա, վերջնական որոշումը կայացվելու է 90 օրյա ժամկետում. դիմումները դեկտեմբերի 30-ին են ներկայացվել հանձնաժողովին:

Եթե հանձնաժողովը դրական որոշում կայացնի, ապա կմեծանա գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը: Այս մասին նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Հանձնաժողովը հնարավոր է այս միաձուլման թույլտվությունը տա՝ առաջարկելով որոշակի պայմաններ:

Ֆիքսված կապի շուկայում այսօր գերիշխող դիրք ունի Բիլայնը, ընկերությունների միացման դեպքում գերիշխող դիրքի մասնաբաժինն ավելանալու է:

Մանրամասն՝ տեսանյութում

«Մենք ուսումնասիրում ենք Բիլայնի սեփականատերի բոլոր հնարավոր վարքագիծը տարբեր երկրներում, վերջնական շահառուն Հոլանդիայում է՝ «Վեոն ԼԹԴ» ընկերությունը, մենք նայում ենք համանման շուկաներում աշխարհում վերջին 5 տարիներին տեղի ունեցած բոլոր փորձերը: Վերջին շրջանում ԱՊՀ տարածքում միայն Ղազախստանում նման փորձ կա, սակայն մենք նայում ենք ԵՄ տարածաշրջանում թե՛ դեմ, թե՛ կողմ գործերը՝ հասկանալու՝ ինչո՞ւ են մերժել կամ թույլ տվել»,-ասաց Գեւորգյանը:

Եթե հանձնաժողովը մերժի, արդյոք ընկերությունը կրկին փորձելո՞ւ է այլ ընկերության միջոցով ձեռք բերել «Վեոն Արմենիան», հարցին ի պատասխան Գեւորգյանն ասաց՝ դա իրենց բիզնեսի որոշելիքն է. «Բայց եթե կլինի դուստր կամ «իքս» ընկերություն, նորից մեզ են դիմելու, մենք ունենք բավական գործիքակազմ, պարզելու՝ ո՞վ է տվյալ գնորդը, մենք հիմա իրական շահառուներին ենք փորձում պարզել»:

Մեր այն հարցին՝ արդյոք «Բիլայնն» իրո՞ք վնասով էր աշխատում, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Մենք վերջին 3 տարվա աուդիտորական հաշվետվությունն ենք նայում, գնահատում ենք վնասներն՝ արդյոք բիզնես գործունեության արդյո՞ւնք է, թե՞ շուկայի փոքրացման կամ վատ մենեջմենթի, թե՞ կապիտալի տեղափոխում կա, այսինքն՝ ծախսը տեղափոխել են այս տարիներին, դրա համար է այս ամենը տեղի ունեցել: Այն գաղափարը, որ վնասով է աշխատում, ու ստիպված են գնալ համակենտրոնացման՝ մեզ համար չի աշխատում»:

Չի բացառվում, որ հանձնաժողովը թույլ տա գործարքը տեղի ունենա միայն բջջային կապի կամ այլ ծառայության մասով, բայց դրան պետք է կողմերը համաձայն լինեն:

Մանրամասն՝ տեսանյութում

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ընկերությունների համակենտրոնացումը թույլ կտա ավելի բարելավել ծառայությունները: Եսայանի խոսքերով՝ բաժանորդները քիչ են, եւ այս դեպքում երկու ցանց է գործում՝ կարելի է մեկ ցանցով երկու ընկերությունների բազային ծառայություններ մատուցել, ե՛ւ շահույթով աշխատել, ե՛ւ լինել կայուն:

Մանրամասն՝ տեսանյութում

Թե Բիլայնի կոնկրետ ո՞ր ծառայությունն է ավելի հետաքրքիր Յուքոմի համար՝ ինտերնե՞տ, թե՞ հեռախոսակապ, Եսայանն ասաց՝ ոչ մեկը. «Մենք բոլոր ծառայություններն ունենք. մեզ հետաքրքիր են մարդկային ռեսուրսները, մեզ հետաքրքիր է հնարավորություն ունենալ երկրում էլ ավելի տեխնոլոգիական զարգացում ապահովել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Եսայանն ասաց, որ հնարավոր է «Բիլայնի» ձեռք բերման համար նոր ներդրողներ եւ ֆինանսական այլ միջոցներ ներգրավեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829