Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւիկ Սարիբեկյան. «Փառատոնի ֆիլմերը մենք սիրով ենք ընտրում»

Փետրվար 15,2020 21:23

Փետրվարի 15-ին Ջոաննա Հոգի «Հուշանվերը» ֆիլմով «Մոսկվա» կինոթատրոնի լեփլեցուն դահլիճում բացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը: Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ արդեն 16-րդ անգամ անցկացվող փառատոնը կտեւի մինչեւ փետրվարի 21-ը: Իսկ փետրվարի 17-22-ը ֆիլմերը կներկայացնի հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանող փառատոնի հատուկ հյուր, կինոլրագրող եւ կինոքննադատ Իեն Հեյդն Սմիթը: Փառատոնի ծրագրում են նաեւ «Տղերքով լող», «Կենդանիներ», «Գվեն», «Լինել Բլեքեր», «Վարդագույն պատ» եւ «Դաունթոնի աբբայությունը» ֆիլմերը:

Ինչ վերաբերում է Հոգի «Հուշանվերին», այն նախորդ տարի «Սանդանս» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին:

Փառատոնի բացմանը հաղորդավարները կատակեցին, թե Միացյալ Թագավորության ցուրտը  հիշեցնող  երեւանյան եղանակը համահունչ է Բրիտանական փառատոնին: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ երկու անգամ ձմռանը եղել է Լոնդոնում, եւ երկու անգամ էլ այնտեղ արեւոտ եղանակի է հանդիպել:

Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը նշեց, որ Բրիտանական խորհուրդը Մեծ Բրիտանիայի կրթությունն ու մշակույթն է տարածում. «16-րդ փառատոնի ժամանակ պարզ դարձավ, որ նրանք նոր գույներով ու նրբերանգներով են ներկայացնելու Մեծ Բրիտանիայի մշակույթը ամբողջ աշխարհին:

Հայաստանում Բրիտանական խորհրդի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ ամեն անգամ երբ բացում են փառատոնը, իրենց միշտ երկու հարց են տալիս. «Մեկն այն է, թե ինչպես ենք ընտրում ֆիլմերը: Ես ուզում եմ ասել, որ ընտրում ենք սիրով, որովհետեւ ճանաչում ենք մեր հանդիսատեսին եւ ուզում ենք բերել բազմաժանր ֆիլմեր, որ մարդիկ անկախ տարիքից, սեռից եւ նախասիրություններից՝ կարողանան գոնե մեկ ֆիլմ գտնել իրենց հարազատ ու վայելել»: Իսկ երկրորդ հարցն, ըստ տիկին Սարիբեկյանի այն է, թե ինչպես են գնահատում փառատոնի արդյունքները: «Կարծում եմ, որ եթե հարց տվողներն այսօր լինեն դահլիճում, կգտնեն հարցի պատասխանը: Դուք՝ հանդիսատեսը, մեր ամենամեծ ձեռքբերումն եք, սիրում եք փառատոնը, հաճախում եք մեր փառատոնին»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829