Շիրակի մարզի տասից ավելի խոշոր ֆերմերներ, խիստ մտահոգ ոռոգման ջրի պակասից․ Կառնուտի ջրամբարի դատարկ լինելուց, այսօր եկել էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ՝ նրանից հրատապ լուծում խնդրելու ու իրենց առաջարկը ներկայացնելու։
Ֆերմերներից Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կառնուտի ջրամբարում Ախուրյանի գետից անհապաղ ոռոգման ջուր պիտի կուտակվի, այլապես մարզի 8-ից ավելի համայնքներում գյուղատնտեսական աղետ կսպասվի։
«Ախուրյանի ջրամբարում ջուրը կիսով չափ կուտակվել է, Արփի լճի ջրամբարը դատարկ է․ պատվարի հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք Ախուրյանի գետից վերցնել ջուր, կուտակել Կառնուտի ջրամբարում, որպեսզի մի քանի համայնքներ՝ Ախուրյան, Ազատան, Արևիկ, Այգաբաց, Բենիամին, Մեղրաշեն, Բայանդուր, Գետք և մյուսների ոռոգման ջրի խնդիրը լուծենք, չենք ասում՝ 100 տոկոսով, բայց գոնե մի 50 տոկոսով ապահովագրված լինենք։
Այս պահին ֆերմերները ներդրումներ են կատարել, գումարներ են փոխանցել եվրոպական երկրներ՝ տնկանյութեր են ներկրելու համար, բայց արդեն ձախողման վտանգի առաջ են։
Կարդացեք նաև
«Եթե ոռոգման ջուր չեղավ, ի՞նչ նպատակ ունի տնտեսություն զարգացնելը, այսքան մեծ ծախսեր անելը։ Տարին սակավաձյուն էր, վտանգ կա ոռոգման ջրի իսպառ դեֆիցիտի»,-ասաց Գևորգ Աբրահամյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ֆերմեր կարտոֆիլի յուրաքանչյուր հեկտարի համար 2-3,5 միլիոն դրամի ներդրում է կատարում։
Գևորգ Աբրահամյանն ասաց, որ եկել են մարզպետի մոտ, որպեսզի առաջարկեն նրան տարածքային կառավարման նախարարության միջոցով Ախուրյանի ջրամբարից ջուր կուտակել Կառնուտի ջրամբարում, քանի դեռ Ախուրյան գետում որոշակի քանակությամբ ջուր կա, այլապես մեկ ամիս հետո ուշ է լինելու։
Ֆերմերներից մեկն էլ՝ Գուրգեն Եղոյանն ասաց, որ պիտի կարողանան շատ կազմակերպված ու շուտափույթ ձևով Ախուրյանից ջուրն ուղղել դեպի Կառնուտի ջրամբար։
«Այսօր Արփի լճից պիտի բացառել ոչ գյուղատնտեսական նպատակներով ջրտուքները, հիդրոէլեկտրակայաններին մատակարարելը պիտի բացառել, որպեսզի մենք կարողանանք նորմալ ոռոգում կազմակերպել այս տարածաշրջանում։
Տեսեք տարածաշրջանում այսօր միայն 3500 հեկտար կարտոֆիլ պիտի ցանվի, չեմ հաշվում, որ 15 հազար հեկտար ցորենն է։ Այս խնդիրը լուծելու համար այսօրվանից պիտի աշխատենք, եթե ուզում ենք տնտեսություն զարգացնել, պիտի գյուղատնտեսության ցուցանիշը բարձր պահենք»,-ասաց Գուրգեն Եղոյանը։
Ֆերմերները նաև նշում էին, որ Ախուրյան գետից ջուր է մատակարարվում Լենգեսում գտնվող հիդրոէլեկտրակայանին, որն, ըստ իրենց հասած տեղեկությունների, պատկանում է հանրապետական Նաիրային։ Ֆերմերները նրան երբևէ չեն տեսել, ազգանունն անգամ չգիտեին, միայն լսել են, որ տիկինը մեծ պաշտոն է զբաղեցրել ֆինանսավարկային ոլորտում։
«Ախուրյան գետից, որի ջուրը գալիս է ԳԷՍ-ին, գալիս է 1926 թվականին կառուցված թունելով, այն կառուցվել է հենց Լենգեսի համար։ ԳԷՍ-ից հետո սնուցվում է Շիրակի ջրանցքը, հիմա պետք է ԳԷՍ-ը կանգնեցնել, որպեսզի ԳԷՍ-ին մատակարարվող ջուրը ջրանցքով գա դեպի Կառնուտի ջրամբար։ Պարոն մարզպետը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր համար շատ կարևոր է մեկ կիլոգրամ բերքը, քան մեկ կիլովատ էլեկտրոէներգիան»,-մեզ հետ զրույցում ասացին ֆերմերները։
Նրանք չցանկացան մարզպետի հետ հանդիպումը լուսաբանել, սակայն Տիգրան Պետրոսյանի առանձնասենյակից դուրս գալուց հետո տեղեկացրեցին, որ Շիրակի մարզպետը իրենց հարցերին կպատասխանի ուրբաթ օրը՝ ՀՀ Ջրային կոմիտեի նախագահի հետ հանդիպելուց հետո։
Այս թեմայի շուրջ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի պարզաբանումներն ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































