Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայից վերադարձած, կարանտինի մեջ գտնվող մարդիկ շրջում էին Գյումրու փողոցներով․ փաստաբան

Մարտ 16,2020 22:50

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի փաստաբան Թամարա Յայոլյանն ասաց, որ պատրաստ է պաշտպանել Էջմիածնի հայտնի նշանադրությանը մասնակցած, կորոնավիրուսով վարակված կնոջ իրավունքները, եթե որոշեն նրան պատասխանատվության ենթարկել։ Ըստ Թամարա Յայոլյանի, Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ավելացման պատճառն այն է, որ կառավարությունն ի սկզբանե անլուրջ վերաբերմունք ցուցաբերեց այս վարակի ու դրա տարածման հանդեպ։ Նույնիսկ, ըստ փաստաբանի, Իտալիայից ժամանած քաղաքացիներին երբ 14 օր արգելել են տանից դուրս գալ ու մեկուսանալ, վերջիններս շրջել են փողոցներում։ Փաստաբանը սա իր աչքով է տեսել։

«Եթե որոշեն Էջմիածնի նշանադրության մասնակից կնոջը պատասխանատվության ենթարկել, ես պատրաստ եմ նրա շահերը պաշտպանել՝ հետևյալ պատճառաբանությամբ․ նախ չի կարելի, որ կառավարությունը իր բացթողումները իր քաղաքացիների վրա բարդի։ Տվյալ իրավիճակը, որը ստեղծվել է, առաջին հերթին, ստեղծվել է կառավարության մեղքով։

Մեր կառավարությունը, գիտենալով հանդերձ, որ մեր քաղաքացիները մինչև բանը ոսկորին չհասնի, չեն դիմի բժշկի, իրենք այդքան սոցիալական պատասխանատվություն չունեն, պետք է անպայման այդ պատասխանատվությունը վերցներ իր վրա։ Երբ որ Իտալիայից ժամանել էին մարդիկ, նրանց չպետք է թույլատրեին, որպեսզի դուրս գային, հայտնվեին իրենց տներում կամ քաղաքում ու զբոսնեին։ Նրանց պետք է անմիջապես մեկուսացնեին, օր պահելուց հետո նոր միայն բաց թողնեին, իսկ եթե մարդկանց թույլատրում էին, որ գնան իրենց տներ, ուրեմն պարտադիր կերպով նրանց պիտի բացատրեին պահի լրջությունը և պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ օրենսդրությունը։ Այսինքն` այն բուկլետները, որոնք բաժանում էին իրենց քարոզարշավի ժամանակ, ոչ թե այդտեղ պիտի բաժանեին, այլ բուկլետներ բաժանեին Իտալիայից ժամանած անձանց, որտեղ գրված էր, թե ինչպես պետք է իրենք իրենց պահեին, բացի այդ, պատասխնատվության մասին պետք է խոսքը գնար։

Ավելին, եթե երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ կորոնավիրուսը ընդամենը սովորական հիվանդություն է , որևէ վտանգավոր բան չկա, դա հայտարարեց առողջապահության նախարարությունը։ Եթե վարչապետը քարոզարշավ է կատարում, եթե նա հայտարարում է, որ կորոնավիրուսը ընդամենը թեյով բուժվելու բան է և պինցետով կարելի է բռնել, օղու մեջ գցել ու ոչնչացնել, ինչպե՞ս պետք է իրեն պահի քաղաքացին, որին ասում են, թե դու հավանաբար, ոչ 100 տոկոսով կորոնավիրուսով հիվանդ ես և պետք է 14 օր կարանտինի մեջ գտնվես։ Պարզ է, որ բոլորն էլ այս դեպքում անլուրջ կվերաբերեին դրան, և ես գիտեմ մարդիկ, որոնք իսկապես եկել էին Իտալիայից և իրենք իրենց լավ էին զգում՝ առանց հասկանալու, որ կարող են լավ զգալ, բայց վիրուս տարածել, այսինքն` լինել վիրուսակիրներ, շարունակում էին դուրս գալ և շփվել մարդկանց հետ։ Դա Գյումրիում։

Եվ երբ հանկարծ իմանում էիր ու զարմացած ասում, բայց ախր դուք կարանտինի մեջ եք, ինչո՞ւ եք դուրս եկել, իրենք շատ վրդովված, զայրացած, նույնիսկ ներողություն չէին խնդրում այն բանի համար, որ գիտեք՝ չգիտեիք, որ դուրս չպիտի գանք կամ չենք պատկերացնում պահի լրջությունը, սկսում էին քեզ վիրավորել և նեղանալ քեզանից։ Ես գտնում եմ, որ այս անլուրջ վերաբերմունքը հենց կառավարության անլուրջ վերաբերմունքից էր եկել․․․»,- ասում է փաստաբանը։

Ըստ նրա, մեր կառավարությունն ամենայն հավանականությամբ մեծ հույսեր էր կապում, որ որևիցե մի վարակակիր չի գա Հայաստան, և եթե գա էլ, իրավիճակը կվերահսկվի։

«Հիմա նոր Իտալիայից ժամանած զբոսաշրջիկներին, որոնք նոր են վերադարձել Հայաստան, նրանց պետք է առանձնացնել, ոչ միայն նրանց պետք է առանձնացնել, այլ բոլոր քաղաքացիներին, որոնք վերադարձել են վտանգավոր գոտիներից, և ոչ միայն Իտալիայից, այլ նաև Չինաստանից, նրանց անունները պետք է թաղի տեսուչներին տրամադրել, որպեսզի ոստիկանությունը, թաղի տեսուչները պարբերաբար այցելության գնան այդ տները և պարզեն՝ արդյոք նրանք տա՞նն են, թե՞ տանից դուրս են գալիս։ Բացի դրանից, ես զարմանում եմ՝ Հայաստանն այնքան փոքր երկիր է, և այս փոքր երկրում պետք է կարողանային արդեն իսկ, վաղօրոք, երբ իմացան նման բան կար, նախապատրաստվեին։

Ասացին, որ Ռուսաստանի Դաշնությունը 200 հազար հատ թեստ է նվիրել Հայաստանին, մի՞թե չէր կարելի Չինաստանից խնդրել թեստեր, ես վստահ եմ, որ խնդրենք, նրանք անվճար էլ կտային, եթե անվճար չեն տալիս, ապա պարտադիր պետական բյուջեից գումար հատկացվեր և այդ գումարի սահմաններում թեստեր գնվեր, որոնք 15 րոպեի ընթացքում որոշում են՝ անձը կորոնավիրուս ունի՞, թե՞ ոչ։

Եվ գոնե բոլոր երիտասարդներին, այն խոցելի խմբերին, որոնք մշտապես մարդկանց հետ շփման մեջ են գտնվում, այն բոլոր անձանց, որոնք վերադարձել են Իտալիայից կամ այլ ռիսկային երկրներից, նրանց հարազատներին թեստավորեն։ Ընդամենը մեկ միլիոն թեստ ունենալու պայմաններում, իսկ դա շատ հանգիստ կարելի է ձեռք բերել, Չինաստանի պես ահռելի թվաքանակ ունեցող պետությունն այնքան թեստ է արտադրել, որ կարող էր որոշ մասը նվեր տալ, որոշ մասն էլ մեր պետությունը գներ, բերեր ու մասսայական թեստավորում կատարեր մեր ժողովրդին։ Կամ վերադարձածներից բոլորին թեստավորեն, չէ՞ որ ասում են՝ գնացեք, սպասեք երկու շաբաթ, երկու շաբաթից, եթե ջերմություն չունեցաք, ամեն ինչ լավ է, գնացեք, բայց մենք անընդհատ լսում ենք, որ մարդը կարող է լինել վիրուսակիր ու ջերմություն չունենալ, ինչ պետք է լինի այս դեպքում, դուրս գան, վիրուսը տարածե՞ն․․ Առողջապահության նախարարն ասում է՝ մենք հիմա չենք թեստավորում, որովհետև սկզբնական շրջանում թեստը ցույց չի տալիս, այդ դեպքում ինչպե՞ս է մեր վարչապետին և Աննա Հակոբյանին արագ թեստավորեցին և պատասխաններ ստացան, եթե դա այդպես է, ուրեմն նշանակում է նրանք էլ երկու շաբաթ պետք է մեկուսացման մեջ լինեին և երկու շաբաթից հետո նոր միայն թեստավորվեին։ Ուրեմն թեստը կարող է ավելի վաղ շրջանում էլ ցույց տալ , թե արդյոք այդ մարդու մոտ կա՞ վիրուսը, թե՞ չկա»։

Թամարա Յայոլյանի ասելով՝ այն բոլոր մարդիկ, որոնք ռիսկային գոտում են, շատ մարդկանց հետ են շփվել, պետք է հնարավորություն ունենան թեստավորվելու։

«Հիմա մեր պոլիկլինիկաներ գնացեք ու հարցրեք, ասեք՝ ես ուզում եմ թեստավորել, զանգեք ինֆեկցիոն, տեսեք կա՞ն ադյոք թեստեր թեստավորվելու համար, թե՞ պետք է գնաս Երևան, այն էլ բարձր ջերմաստիճան պիտի ունենաս, որ գնաս։ Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ ես այդ ամբողջ ժամանակահատվածում վախի մթնոլորտում ապրեմ՝ մտածելով արդյոք ունե՞մ կորոնավիրուս, թե՞ չէ։

Պետությունը գոնե հիմա մեղադրանքները ոչ թե պիտի բարդի իր քաղաքացիների վրա, այլ պիտի ընդունի սխալները և դրանում ամոթ բան չկա, որովհետև մենք առաջին անգամ ենք նման իրավիճակի հետ առնչվում, հնարավոր են և սխալներ, պետք է կարողանա իր մեջ ուժ ունենալ ասելու՝ այո, ես սխալներ եմ թույլ տվել, այո՛, այն ժամանակ, երբ որ ես պետք է նախապատրաստվեի վիրուսին, նախապատրաստվել եմ քարոզարշավի, երբ որ ես բուկլետներ պիտի տպեի ու բաժանեի, թե ինչպես յուրաքանչյուր մեկը իրեն պիտի պահի, ինչ պիտի անի, քրեական պատասխանատվությունը խստացնեի ու ամեն վայրկյան հայտնեի այս մասին․․․

Այսօր ՌԴ հեռուստալիքներից լսեցի, որ Իսրայելում անկախ նրանից դու վարակակիր ես, վարակակիր չես, եթե կարանտինի ժամկետը խախտում ես, 7 տարի ազատազրկում է քեզ սպասվում։ Անկախ նրանից՝ որևէ մեկին վարակե՞լ ես, թե չէ, ուրեմն դու էլ պիտի մշակեիր այդ ամենը, դա անելու փոխարեն մեկ այլ ուրիշ բան ես արել, ուրեմն պիտի հիմա ներողություն խնդրես, որ պահի լրջությունը չես գիտակցել ու բոլոր քայլերն անես, թաղի տեսուչներին տեղյակ պահես՝ ովքեր են ռիսկային գոտուց ժամանածները, պետք է պարտադրես, որ նրանք գնան ստուգվեն, պետք է պարտադրես, որ հասարակական վայրերում , փողոցներում մարդկային կուտակումներ չլինեն։

Ոստիկանությանը պիտի հրահանգներ տաս, որ շրջեն քաղաքում ու թույլ չտան հասարակական կուտակումներ լինեն, պետք է հականեխել բոլոր հասարակական վայրերը, և բոլոր նրանք, որոնք որոշ մտավախություն, սիմպտոմներ ունեն, բոլորին պարտադիր թեստավորեն, ոչ թե երկու շաբաթ սպասելով։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք բողոքներ չունեն, բայց ցանկանում են թեստավորվել, թող վճարովի թեստավորումներ լինեն պոլիկլինիկաներում, որպեսզի իրենց միջից մտավախությունը դուրս գա»։

Այդ դեպքում, ըստ փաստաբանի, նվեր ստացած թեստերը կօգտագործեն հիվանդների համար, գնվածներն էլ վճարովի կդարձնեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Թամարա Յայոլյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031