Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալետ 2021»-ի «Կատարողական արվեստի ապակենտրոնացում եւ արդիականացում»-ն ու YAGP մրցույթի անցկացումը՝ «կախված» կորոնավիրուսից

Մարտ 21,2020 13:00

«Առավոտը» հյուրընկալել էր խորեոգրաֆ, ժողովրդական արտիստ, «Բալետ 2021» հիմնադրամի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանին ու հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին:

2012-ից գործող հիշյալ հիմնադրամի ծրագրերին մեկ-երկու անգամ անդրադարձել ենք մենք: Հիշեցնենք, որ, օրինակ, 2015-ին հիմնադրամն իրականացրել է «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը, որտեղ ընդգրկված էին արտիստներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Իսրայելից: 2016-ին իրադարձություն էր մեծանուն Շառլ Ազնավուրի ներկայությամբ ու նրա երգերով բեմադրված «Լա բոհեմը», 2017-ին էլ Հարավային Կորեայում իրականացվեց «The Last Princess» ազգային թեմայով  պարային ծրագիրը եւ այլն:

Այս  անգամ հանդիպման առիթը պարոն Խառատյանի եւ տիկին Պետրոսյանի հետ, օրերս ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված պատվերով իրականացվող ծրագրերի մրցույթին հիմնադրամի ներկայացրած «Կատարողական արվեստի ապակենտրոնացում եւ արդիականացում» նախագծի հաստատումն էր:

«Մեծ հաշվով ծրագրի նպատակը  Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում կատարողական արվեստի, մասնավորապես՝ պարարվեստի ոլորտում, կարողությունների բացահայտման եւ զարգացման միջոցով բազմազանությունն ու կենսունակությունը բարձրացնելու  հիմքեր դնելն է, բացահայտել տաղանդավոր երիտասարդ մասնագետներին, պայմաններ ստեղծել բնականոն սերնդափոխության համար, գիտելիքներ, հմտություններ փոխանցել երեխաների, երիտասարդների ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսեւորման համար»,- նշեց Ռուդոլֆ Խառատյանը: Իսկ թե որոնք են լինելու ծրագրի ընթացքում կատարվող հիմնական գործողությունները, Լիլիթ Պետրոսյանն ասաց. «Վարպետության դասեր կանցկացվեն Գյումրիի, Վանաձորի եւ Իջեւանի 250-300 երիտասարդ պարողների, ուսուցիչների ու բեմադրիչների հետ ինչպես դասական,  այնպես էլ ժողովրդական պարային ոճերում: Կանցկացվեն նաեւ վարպետության դասեր, ընդհանուր առմամբ նախատեսված է անցկացնել 5 դաս, կկայանան նաեւ հանդիպում-քննարկումներ: Չմոռանամ նշել, որ դասերին կհաջորդի տեղեկատվության եւ գիտելիքի փոխանցում՝ նաեւ  ժամանակակից խորեոգրաֆիկ մտածելակերպի վերաբերյալ»:

Դիտարկմանը, թե՝ դասական եւ ժամանակակից բալետային ներկայացումներում, ինչ խոսք, մեծ տեղ ունի բեմի ձեւավորումը, թեեւ վերջին շրջանում Արեւմուտքում նկատելի է, որ բեմի ձեւավորում կոչվածը հասցված է մինիմալի եւ հաճախ այդ նպատակով օգտագործվում են բարձր տեխնոլոգիաներ, խորեոգրաֆը պատասխանեց. «Բարձր արվեստի եւ ստեղծարար արդյունաբերությունների ապագան կախված է երեք գործոնից՝ բարձր որակի մասնագիտական կապիտալի ստեղծում, գեղարվեստական նորամուծությունների իրագործում եւ տեխնոլոգիական նորարարությունների ազդեցություն ու կիրառում: Ահա այս գործոնների կիրառումն է ստեղծում հետաքրքրություն հանդիսատեսի շրջանում: Ինչ վերաբերում է բեմի ձեւավորմանը, ապա ծրագրում ընդգրկվելու են երիտասարդ ճարտարապետներ եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետներ, որոնք ընդգրկված են նախագծի թիրախային խումբ կազմող 10-22 տարեկան սաների, երիտասարդ ուսուցիչների ու բեմադրողների, մշակութային բուհերի ուսանողների թվում: Ի դեպ,  նշածներս ուղղակի թիրախային խմբերն են: Նախատեսել ենք ծրագրում ընդգրկել, այսպես կոչված՝  անուղղակի թիրախային խմբերի, օրինակ՝ երաժիշտների,  մասնագիտական կրթական հաստատությւոնների ներկայացուցիչների, ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների եւ այլն»:

«Բալետ 2021»-ը կոնկրետ Գյումրիում, ըստ մեր տեղեկությունների, հեղափոխությունից հետո է սկսել իր աշխատանքը: Այդ առիթով տիկին Պետրոսյանը հավաստիացրեց, որ 2018-19թթ. ընթացքում  Գյումրիում վարպետության դասեր է անցկացվել շուրջ 130  աշակերտների, դասատուների եւ բեմադրողների հետ:  Հավելեց նաեւ, որ ասվածը մի մասն է հիմնադրամի կատարած աշխատանքի:

Զրույցի ընթացքում մեր զրուցակիցներն առանց փակագծեր բացելու տղեկացրին, որ իրենց հիմնադրամին է վստահվել Հայաստանում նոյեմբերի 6-8-ը անցկացնել Ամերիկայի Երիտասարդական Գրան Պրի (Youth America Grand Prix, www.yagp.org) մրցույթը: Եվ եթե ոչինչ չխանգարի (նկատի ունեն կորոնավիրուսի համաճարակը), Հայաստանը կդառնա 11-րդ երկիրը, որտեղ կիրականացվի YAGP միջազգային այս միջոցառումը, որն ընդգրկում է  ավելի քան 10000 մասնակից: Ստացվում է, որ Երեւանը հյուրընկալելով մրցույթը, կդառնա արվեստի, մշակույթի եւ տուրիզմի  ցանկալի վայր:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031