Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեկը ցանկացել ա իրեն հերոսի տեղ ներկայացնի: Չի ստացվել». Սամվել Բաբայանը`Գառնիկ Իսագուլյանին

Մարտ 25,2020 22:03

«Խնդիրն այն է, որ այդ ամբողջը մոնտաժված է ներկայացվել: Ընտրությունները թող ավարտվեն`կզբաղվենք: Կգանք`կբացատենք, թե որը որից հետո է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը`անդրադառնալով Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով մերօրյա բացահայտումներին:

Հիշեցնենք, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը 4,5 տարի ազատազրկվել է 2000 թվականի մարտի 22-ին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Մահափորձը նա համարում էր բեմադրված: Օրերս, սակայն, նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գառնիկ Իսագուլյանը հրապարակեց Սամվել Բաբայանի հարցաքննությունից մի հատված, որում վերջինս խոստովանում է, որ մահափորձի կազմակերպիչն ինքն է եղել.

«Մինչեւ երեկ առավոտյան ասում էր Հուսիկ Ղուկասյանի ահաբեկչական գործողության հետ որեւէ կապ չունի, դա իր գլխին սարքել են: 20 տարի առաջվա խոստովանական ցուցմունքը` խոստովանեց, որ նման բան ասել է, բայց ուղղակի ասել է»:

Սամվել Բաբայանը նախ հանցագործություն է համարում, որ արխիվից այդ փաստաթղթերը հանել են: «Երկրորդ, եթե հանել են թող ամբողջովին հրապարակեն: Բայց թողնենք դա հետո: Ես չեմ ցանկանում այսօր հանել օրակարգ, քննարկել մի գործ, որը անիմաստ կատարվել է 20-21 տարի առաջ: Դա ոչինչ չի տալիս: Նրանք էլ, ովքեր նպատակ են հետապնդել դրանով խնդիրներ լուծել, ոչ մի խնդիր չեն լուծել: Ճիշտ հակառակը»,- ասաց Սամվել Բաբայանը:

Հարցին`կարծում եք, որ դա արվում էր Ձեր վարկանիշը իջեցնելու համար, արդյունքում ավելի բարձրացա՞վ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ բարձրացավ կամ իջավ: Համարում եմ, որ ուղղակի մեկը ցանկացել ա իրեն հերոսի տեղ ներկայացնի: Չի ստացվել»:

Մարտի 31-ին կայանալիք Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաեւ Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը: Իսկ նախագահական ընտրություններում, Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիքը» հայտարարել էր, որ սատարում է Արցախի արդեն նախկին ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Սամվել Բաբայանից հետաքրքրվեցինք`չի՞ պատրաստվում  համագործակցության հուշագիր ստորագրել Մասիս Մայիլյանի հետ` հնարավոր խնդիրներից խուսափելու համար:

«Ես ընդհանրապես չեմ մտածում, որ եթե հուշագիր ենք ստորագրում, դա ինչ-որ խնդիր է լուծում: Ամսի 31-ի ընտրություններից հետո, պարզ կլինի իրադրությունը, թե ինչ զարգացում է եղել, որովհետեւ չեմ տեսնում, թե առաջին փուլով ավարտվելու են նախագահական ընտրությունները: Դրանից հետո, նոր կնստենք եւ մանրամասն կխոսենք`կհասկանանք պառլամենտում ի՞նչ ուժեր են ձեւավորվում, հետո նոր հուշագրի հարցն օրակարգ կմտնի: Դա է ճիշտ»,- պատասխանեց Սամվել Բաբայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031