Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղգործն ընդհանուր իրավասության դատարանից հասել էր վարչական, զուգահեռ գտնվել էր նաեւ ոստիկանությունում

Ապրիլ 02,2020 13:30

«Ցանկացած գործի շարունակությունը հետեւանք է անորոշ դատական ակտի»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Թորոսյանը:

ՀՀ վարչական դատարանում կան բազմաթիվ գործեր, որոնք լսվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, եւ ըստ էության, լուծման դեպքում չէին հայտնվի բողոքարկման փուլում, իսկ անորոշության պատճառով՝ «պարզաբանման նպատակով» էլ` վարչական դատարանում: «Չբացահայտված պատասխանողը» ոչ այնքան պատկան մարմինն է, այլ`դատարանն ինքը, որի ակտը, մեր հոդվածի դեպքում ութ տարի առաջ կայացրած, այնքան խուճուճ է եղել, որ մինչ օրս պարզաբանվում է վարչական դատարանում, ուր օրեր հետո հստակ կդառնա՝ վե՞րջ, թե՞ էլի շարունակվելու է անշարժ գույքի դատաշարժը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ  հոդվածի համաձայն՝  հայցվորը հայցի հիմքը եւ (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում, կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո՝ 7-օրյա ժամկետում:

Դեզի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Թորոսյանը միջնորդությամբ դիմել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանին, ում վարույթում գտնվում է հայցվորի գործը: Պատասխանողն է` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Միջնորդությունն առնչվում է հայցի հիմքն ու առարկան փոխելու հետ:

Հայցվորը խնդրել էր ոչ իրավաչափ ճանաչել պատասխանող`  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Երեւանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեի սեփականատեր Ռոզա Գրիգորյանին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում ինքնակամ կառույցի վերաբերյալ տեղեկություններ ներառելու  (հաշվառելու) գործողությունը: Խնդրել էր դատարանին` պարտավորեցնել ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին նշյալ հասցեի սեփականատեր Ռոզա Գրիգորյանին տրված անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցման վկայականից հանելու առանց որեւէ հիմքի հաշվառված ինքնակամ կառույցի (այդ թվում եւ դատական ակտով հայցվոր Դեզի Հովհաննիսյանին հատկացված եւ վերջինիս անվամբ  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում  ներառված) տեղեկությունները:

Դատարանը դեռ անցյալ տարի` 2019թ. հունիսի 4-ին նշանակել էր գործի դատաքննությունը:

Դատաքննության նշանակման որոշումը հայցվոր կողմը, սակայն, ստացել էր քսան օր հետո`  հունիսի 24-ին:

Հայցվորի ներկայացուցիչ Գ. Թորոսյանը վկայակոչել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ  հոդվածի 1-ին մասը, համաձայն որի. «Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ՝ այն հետեւանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետեւանքով»։

Տարիներ առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննել է  քաղ գործ. Սամվել եւ Դեզի Հովհաննիսյանների հայցն ընդդեմ Ռոզա Գրիգորյանի` գույքն օգտագործելու կարգ սահմանելու, ինքնակամ կառույցով զբաղեցված հողի բաժանման եւ շինարարական նորմերի խախտմամբ կառուցված շինությունը քանդելու, հողամասի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու եւ բաժնեմասերն առանձնացնելու, վնասի հատուցման պահանջների մասին: Ընդ որում՝ հայցվորները խնդրել են սահմանել վիճելի տան առաջին հարկն օգտագործելու կարգ, այն է` կողմերին իրենց բաժնեմասերը հանդիսացող տարածք մուտք գործելու համար առանձնացնել երկու մուտքերը: Ըստ հատակագծի՝ առաջին հարկի աջակողմյան հատվածի 13-րդ տարածքում գտնվող մուտքը տրամադրել հայցվորներ Դեզի եւ Սամվել Հովհաննիսյաններին, իսկ ձախակողմյան մասում` 2-րդ հատվածում գտնվող մուտքը տրամադրել պատասխանողին:

Տվյալ հասցեում կար նաեւ ինքնակամ կառույցով զբաղեցված հողամաս:

Հայցվոր կողմը պահանջել էր` ըստ հատակագծի 12-րդ, ինչպես նաեւ 10, 11 եւ 13 հատվածներում գտնվող ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասը տրամադրել իրենց, իսկ 2-րդ, ինչպես նաեւ 1, 2 եւ 4 հատվածներում գտնվող ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասը տրամադրել պատասխանող Ռոզա Գրիգորյանին: Ինչ վերաբերում է տնամերձ հողամասի բաժանմանը, ապա առաջարկվում էր հողամասի նկատմամբ սահմանել բաժնային սեփականություն 1/3-ը 2/3-ի հարաբերակցությամբ եւ առանձնացնել Դեզի եւ Սամվել Հովհաննիսյանների բաժնեմասերն ընդհանուր հողից:

Դատարանի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանը պարտավորեցրել էր Ռոզա Գրիգորյանին հանել նշյալ հասցեի ինքնակամ կառուցված ավտոտնակի դարպասը եւ հօգուտ Դեզի Հովհաննիսյանի եւ Սամվել Հովհաննիսյանի բռնագանձել 313 334 ՀՀ դրամ, որպես պատճառված վնասի հատուցում:

Ռոզա Գրիգորյանը վճիռը բողոքարկել է վերաքննության, ապա` վճռաբեկության կարգով, սակայն դատական ակտը թողնվել է անփոփոխ:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն, բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է ամուսիններին` Դեզի եւ Սամվել Հովհաննիսյաններին սեփականության իրավունքով:

Վկայականում նշվել էր, որ առկա են 300.3 քմ մակերեսով ինքնակամ շինություններ:

0.0272.1 քմ հողամասը ընդհանուր համատեղ սեփականություն է  Քանաքեռ 13-րդ փողոցի 49/1 հասցեի անշարժ գույքի սեփականատերերի հետ:

2017 թվականին Ռոզա Գրիգորյանը, որը Ս. Հովհաննիսյանի մահացած եղբոր կինն է,  դիմել է դատարան՝ վճռի պարզաբանում տալու վերաբերյալ, հայտնելով, որ համաձայն վերոնշյալ քաղաքացիական գործով կայացված վճռի,  Ռոզա Գրիգորյանին, հայցվոր Հովհաննիսյաններին տրամադրվել է վիճելի բնակելի տան առաջին հարկի աջակողմյան մասում գտնվող մուտքը դեպի իրենց բաժնեմասերը մուտք գործելու համար: Սամվել եւ Դեզի Հովհաննիսյանները փակել են վերը նշված մուտքը, փոխել են դռան փականը եւ արգելում են իրեն`  Ռոզա Գրիգորյանին օգտվել նշված մուտքից, պատճառաբանելով, որ դատարանի վճռով բնակելի տան առաջին հարկի աջակողմյան մասում գտնվող մուտքը հատկացվել է հայցվորներին:

2017 թ. հոկտեմբերի  30-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշմամբ  բավարարել է Ռոզա Գրիգորյանի պահանջը.  «Պարզաբանել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 12.10.2012 թ. թիվ ԵԱՔԴ/1857/02/10 վճռի եզրափակիչ մասի 2-րդ կետը. այն է` Երեւան քաղաքի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեում գտնվող առաջին հարկի աջակողմյան մասում գտնվող մուտքը հատկացվել է միայն Դեզի եւ Սամվել Հովհաննիսյաններին, ինչը նշանակում է, որ դադարեցվել է բնակելի տան առաջին հարկի աջակողմյան մասում գտնվող մուտքից Ռոզա Գրիգորյանի օգտվելու իրավունքը»:

Ռ. Գրիգորյանը մտել է ըստ դատարանի պարզաբանված որոշման` իր տարածք: Դեզի Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն, հայտնելով, որ Ռոզա Գրիգորյանը ապօրինի է մուտք գործել իր տարածք. «Նախապատրաստված նյութերով հիմնավորված է համարվել այն հանգամանքը, որ Ռոզա Գրիգորյանը դատարանի վճռով Դեզի Հովհաննիսյանին իր բնակարան մուտք գործելու համար տրամադրված ինքնակամ տարածք մտնելով եւ առկա լոգասենյակի դռները փակելով, Ռ. Գրիգորյանը կատարել է ինքնիրավչության օբյեկտիվ կողմից բնորոշ գործողություններ»:

Կադաստրի պետի տեղակալ Ն. Գրիգորյանի` Դեզի Հովհաննիսյանին հասցեագրված 12.07.18 թ. թիվ ՆԳ/4004-18 պատասխան-գրության համաձայն. «Չնայած այն հանգամանքին, որ շինությամբ ծանրաբեռնված հողամասը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն` ինքնակամ շինության կարգավիճակով այն գծագրվել է ոչ միայն Դեզի եւ Սամվել Հովհաննիսյանների  գույքի հատակագծում, այլեւ առանց որեւէ հիմքի գծագրվել է նաեւ Ռոզա Գրիգորյանի գույքի` գրանցման համար հիմք հանդիսացած հատակագծում»:

Հայցվորը 2018թ. սեպտեմբերի 28-ին դիմելով պատասխանող ճանաչված կադաստրին, խնդրել էր հարուցել վարչական վարույթ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականից հանել` առանց համապատասխան իրավական հիմքերի կատարված ոչ իրավաչափ  գործողություններով ներառված ինքնակամ կառույցի վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ, ինչը մինչ օրս չի արվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930