Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցը խորհրդարանում կարող է վերածվել մեծամասնության քաղաքական որոշման

Հուլիս 31,2026 12:30 Share

Ներկայացնում ենք ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի մոնիթորինգի պատասխանատու, փաստաբան, Երեւանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Մանուկյանի, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի մոնիթորինգի պատասխանատու, փաստաբան, իրավունքի մագիստրոս Վահե Հովհաննիսյանի «Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելիս փաստաբանի մասնակցությունը պարտադիր համարելու, այդ առնչությամբ միջազգային պրակտիկայի իրավահամեմատական վերլուծության արդյունքերը» ուսումնասիրությունից մի հատված։

Պառլամենտը դատարան չէ եւ չի իրականացնում դասական արդարադատություն

Պատգամավորական անձեռնմելիությունը գործում է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ (մասնակի), Հայաստան եւ այլն)։ Դրան հակառակ՝ որոշ երկրներում այն վերացվել է կամ գործում է սահմանափակ (Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Կանադա): Առանձին երկրներում պատգամավորական անձեռնմելիությունը վերացվել, կամ գրեթե վերացվել է (Ավստրալիա, Նոր Զելանդիա)։ Վերջին տարիներին մի քանի երկրներում փորձեր են արվել վերացնել կամ խիստ սահմանափակել պատգամավորական անձեռնմելիությունը (Վրաստան, Իտալիա, Ֆրանսիա, Թուրքիա, Ավստրիա, Լեհաստան, Պորտուգալիա, Բելգիա, Ռումինիա, Արգենտինա): Կան նաեւ երկրներ, որտեղ պատգամավորներն ունեն ամենալայն անձեռնմելիությունը (Իսպանիա, Հունաստան, Բրազիլիա, Մեքսիկա): Նման լայն անձեռնմելիությունը նախատեսված է, որպեսզի պատգամավորները կարողանան ազատորեն քննադատել իշխանությանը, արտահայտել քաղաքական կարծիք, չվախենալ քաղաքական հետապնդում­ներից: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորական անձեռնմելիությունը միջին մակարդակի է:

Վենետիկի հանձնաժողովի 2014 թվականի հիմ­նարար զեկույցում ամրագրված է, որ անձեռնմելիությունից զրկելու ընթացակարգը պետք է համապատասխանի ընդհանուր ընթացակարգային իրավունքի սկզբունքներին, այդ թվում՝ 1. թափանցիկությանը, 2. անաչառությանը, 3. իրավական որոշակիությանը, 4. հակառակ կողմին լսելու իրավունքին, 5. պաշտպանության իրավունքին։ Վենետիկի հանձնաժողովն իր զեկույցում նշել է, որ պատգամավորը պետք է ունենա նաեւ ներկայացվելու իրավունք, եւ դա կարող է արվել՝ Մեկ այլ պատգամավորի կողմից, Արտաքին փաստաբանի կողմից: Բացի այդ՝ Եվրոպական խորհրդարանի կանոնակարգում ամրագրված է, որ՝

– Պատգամավորը պարտադիր հրավիրվում է լսման խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում,

– Նա կարող է ներկայացնել փաստաթղթեր, գրավոր եւ իրեղեն ապացույցներ,

– Փաստաբանը կարող է խորհուրդներ տալ ընթացքում, բայց չի կարող ելույթ ունենալ հանձնաժողովում (չի կարող քննարկում­ներ անցկացնել հանձնաժողովի անդամ­ների հետ, բայց կարող է խորհրդակցել պատգամավորի հետ): Եվրոպական խորհրդարանի կանոնակարգում վերը ամրագրվածը հարց է առաջացնում՝ պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցը քննարկելիս պարտադի՞ր է, արդյոք, փաստաբանի մասնակցությունը, թե՞ ոչ: Ազգային խորհրդարանների պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում եվրոպական եւ այլ ժողովրդավարական մի շարք երկրներում պատգամավորը իրավունք ունի ներգրավելու փաստաբան՝ որպես միջնորդությունը խորհրդարանին ներկայացնող անձին (տվյալ դեպքում՝ դատախազին) հակակշիռ: Մասնավորապես. Գերմանիայում – իրավական հարցերի հանձնաժողովում եւ պլենար նիստում քննարկման ժամանակ (322-324) 190 պատգամավոր կարող է ունենալ փաստաբան, որն իրավական խորհրդատվություններ է տալիս եւ օգնում է ձեւակերպել դիրքորոշումը։ Ֆրանսիայում – իրավական հարցերի հանձնաժողովը լսում է պատգամավորին, որը պրակտիկայում նշված հանձնաժողով է ներկայանում փաստաբանով: Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում – հարցի քննարկման ժամանակ, հատկապես բարդ կամ հասարակական հնչեղություն ունեցող գործերով՝ իրավական հարցերի հանձնաժողովում թույլատրվում է փաստաբանի մասնակցություն: Թուրքիայում – Սահմանադրական դատարանում բողոքարկման փուլում փաստաբանի մասնակցությունը պարտադիր է, իսկ խորհրդարանական փուլում՝ թույլատրելի: Պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաեւ հարցը, թե ինչո՞վ է փաստաբանի մասնակցությունը կարեւոր եւ, կարո՞ղ է, արդյոք, փաստաբանի մասնակցությունը դիտարկվել որպես դատախազին հակակշիռ, թե ոչ: Սույն հոդվածի հեղինակները կարծում են, որ դատախազը, սովորաբար, իր միջնորդությունում ներկայացնում է անհրաժեշտ ապացույցներ եւ փաստարկներ՝ հիմ­նավորելու համար, որ հետապնդումը քաղաքական շարժառիթներ չունի եւ որ ապացույցները բավարար են պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու համաձայնություն տալու համար: Սակայն, մյուս կողմից՝ ակնհայտ է նաեւ այն, որ առանց փաստաբանի մասնակցության՝ պատգամավորը դատախազի համեմատ կարող է անհավասար դիրքում հայտնվել՝ հատկապես, եթե գործը բարդ է, կամ անհրաժեշտություն է առաջանում հենց խորհրդարանում հերքել իր դեմ բերված փաստարկները:

Մեր կարծիքով՝ խորհրդարանում փաստաբանի մասնակցությունը թույլ կտար կամ առնվազն հնարավորություն կընձեռեր՝ 1. վերլուծելու դատախազի միջնորդության հիմնավորվածությունը, 2. ներկայացնելու հակափաստարկներ, 3. ընդգծելու միջնորդության քաղաքական շարժառիթները, 4. պահանջելու լրացուցիչ ապացույցների ներկայացում եւ դրանց ստուգում: Այլ խոսքով՝ առանց նշված հակակշիռների պատշաճի ստուգման ՝ պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցը խորհրդարանում կարող է վերածվել մեծամասնության քաղաքական որոշման։ Եթե դրան գումարենք եւ այն հանգամանքը, որ խնդրո առնչությամբ միջազգային կառույցները (Վենետիկի հանձնաժողով, Եվրոպական խորհրդարան) չեն բացառում, որ պատգամավորն իրավունք ունի ներգրավելու փաստաբան՝ իր շահերը պատշաճ ներկայացնելու համար, ապա մեր համոզմամբ՝ փաստաբանի մասնակցությունը տվյալ դեպքում ոչ միայն արդարության երաշխիք է, այլեւ կարող է կանխել անձեռնմելիության ինստիտուտի չարաշահումը թե՛ մեծամասնության, թե՛ ընդդիմության կողմից: Շատ երկրներում սա արդեն ստանդարտ պրակտիկա է, եւ բարեփոխում­ների ժամանակ հաճախ ընդունվում է հենց Եվրոպական խորհրդարանի մոդելը:

Պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցի հետ կապված՝ փաստաբանի պարտադիր մասնակցության օգտին մեր կողմից բերվող փաստարկները հետեւյալն են. 1. Իրավական հավասարակշռություն – դատախազը բարձրակարգ իրավաբան է, իսկ եթե պատգամավորը իրավաբան չէ, ապա դա ինքնին կարող է հանգեցնել անհավասարակշռության, 2. Բարդ իրավական գնահատումներ – եթե քննարկվում է ապացույցների, իրավական հիմքերի, անձեռնմելիության ծավալի վերաբերյալ հարցեր, ապա փաստաբանի մասնագիտական աջակցությունն ավելի քան տրամաբանական է, 3. Արդար ընթացակարգի երաշխիք – թեպետ Ազգային ժողովը դատարան չէ, բայց նրա ընդունած որոշումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, 4. Քաղաքական մեծամասնության հնարավոր ճնշման ռիսկ – փաստաբանի խոսքը, մասնագիտական աջակցությունն ու իրավական վերլուծությունները կարող են որոշակիորեն հավասարակշռել քաղաքական գործոնը, 5.Գործընթացի ավելի բարձր իրավական մշակույթ – փաստաբանը կարող է ներկայացնել իրավական հակափաստարկներ: Դրա հետ մեկտեղ, պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցի հետ կապված՝ փաստաբանի պարտադիր մասնակցության դեմ բերվող փաստարկները կարող են պատճառաբանվել նրանով, որ. 1. Ազգային ժողովը քաղաքական մարմին է, 2. Պատգամավորն օրենսդիր է եւ, ենթադրվում է, որ ունի բավարար քաղաքական եւ իրավական գիտելիքներ՝ ինքն իրեն պաշտպանելու համար, 3.Եթե պրակտիկայում դատախազ-փաստաբան մոդել ձեւավորվի, ապա խորհրդարանը իրեն վերագրելով թեկուզ սահմանափակ դատական գործառույթներ՝ կվերածվի կիսադատարանի: Միջազգային պրակտիկայի հաշվառմամբ՝ անդրադարձ կատարելով մեզանում գործող իրավակարգավորում­ներին, նշենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցը քննարկելիս գլխավոր դատախազի մասնակցությունը պարտադիր է, քանի որ հենց նա է Ազգային ժողովին ներկայացնում միջնորդությունը: Դատախազը գալիս է խորհրդարան եւ ներկայացնում է հիմ­նավորումը: Պատգամավորները կարող են հարցեր տալ եւ քննարկել հարցը, այնուհետեւ հարցը դրվում է քվեարկության: Եթե պատգամավորների մեծամասնությունը քվեարկում է կողմ, ապա՝ պատգամավորի անձեռնմելիությունը հանվում է եւ իրավապահ մարմինները կարող են սկսել քրեական հետապնդում: Դարձյալ նույն տրամաբանական հարցն է առաջանում՝ եթե Գլխավոր դատախազի մասնակցությունը պարտադիր է, ապա ինչո՞ւ չպետք է պարտադիր համարվի փաստաբանի (պաշտպանի) մասնակցությունը, մի կողմից՝ որպես պատգամավորի ներկայացուցիչ, մյուս կողմից՝ որպես «Գլխավոր դատախազին հակակշիռ»: Գործող օրենսդրությամբ պարտադիր չէ, մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի առաջին մասը հռչակում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին»: Սահմանադրության հիշյալ նորմի տրամաբանությունից հետեւում է, որ տվյալ դեպքում պատգամավորն իրավունք ունի ունենալ փաստաբան եւ, վերջինս կարող է մասնակցել Ազգային ժողովի նիստին, եթե պատգամավորն այդպես է ցանկանում, ինչը բխում է Սահմանադրությամբ երաշխավորված պաշտպանության իրավունքի ընդհանուր սկզբունքից:

Ավելին, հոդվածի հեղինակների մասնագիտական կարծիքն այն է, որ եթե խոսքը գնում է իրավունքի պաշտպանության առավելագույն երաշխավորման մասին, ապա պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցի քննարկմանը փաստաբանի մասնակցությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով պետք է ամրագրվի եւ, ըստ այդմ՝ պարտադիր համարվի, ինչն էլ ենթադրում է նշված սահմանադրական օրենքում համապատասխան ընթացակարգերով անհրաժեշտ փոփոխություններ ու լրացում­ներ կատարելու անհրաժեշտությունը: Ավելին՝ մեր կարծիքով, խորհրդարանում որքան ավելի «դատական» է դառնում ընթացակարգը, այնքան ավելի ուժեղ պետք է լինեն պաշտպանական երաշխիքները եւ, որպես դրա հետեւանք՝ փաստաբանի պարտադիր մասնակցության հնարավորությունը: Եթե խորհրդարանում պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցի առնչությամբ իրավական պարզաբանում­ներ ու հիմ­նավորում­ներ ներկայացնելու անհրաժեշտություն է առաջանում (իսկ դա, մեր համոզմամբ, առաջանում է), ապա փաստաբանի պարտադիր մասնակցությունը ոչ միայն այլընտրանք չունի, այլեւ, ինչպես վերը նշվեց՝ կարող է հակակշռել մի այնպիսի կարեւոր գործոնի, ինչպիսին՝ քաղաքական գործոնն է: Այսպիսով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի առաջին մասը, գտնում ենք, որ երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում է պատգամավորին անձեռնմելիությունից զրկելու հարցը, ապա պատգամավորն իրավունք ունի իրավական աջակցություն հայցելու նպատակով փաստաբան ներգրավելու: Դա ոչ միայն համահունչ կլինի միջազգային փորձին, այլեւ, որպես արդար ընթացակարգի ապահովման երաշխիք, կապահովի պատգամավորի իրավական անհրաժեշտ պաշտպանություն ստանալու իրավունքը: Այս իրավունքը հատկապես կարեւոր է, քանի որ անձեռնմելիությունից զրկելու ընթացակարգը խորհրդարանում թեեւ քաղաքական բնույթ ունի, բայց կարող է ո­ւղղակիորեն ազդել պատգամավորի հեղինակության եւ քրեական հետապնդման հետագա ընթացքի վրա: Քննարկվող հարցի հետ կապված՝ սույն հոդվածի հեղինակներն անհրաժեշտ են համարում անդրադառնալ նաեւ հարցին՝ թե ի՞նչ ասել է «պառլամենտի դատական գործառույթ» եւ տվյալ դեպքում այն ի՞նչ աղերսներ ունի (կամ կարող է ունենալ) պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հետ: Պառլամենտը թեեւ պետական իշխանության օրենսդիր մարմինն է, սակայն իր հիմ­նական օրենսդրական գործունեությունից բացի՝ իրականացնում է նաեւ մի շարք այլ գործառույթներ: Դրանցից կարեւորներից մեկը դատական կամ դատաիրավական գործառույթն է, որի շրջանակում պառլամենտը որոշ դեպքերում մասնակցում է բարձր պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցերի քննարկմանը:

«Դատական իշխանություն», 2026 4-6 (322-324)

«Առավոտ» օրաթերթ
29.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել