Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատում հնչած կրակոցները եկեղեցի մտնելու հարցի պատճառո՞վ էին

Ապրիլ 15,2020 23:23

Ապրիլի 11-ին Արարատի մարզի Տափերական համայնքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ դանակահարված երիտասարդը, որը այս պահին գտնվում է «Արարատ» բժշկական կենտրոնում, նույնպես Տափերական համայնքի բնակիչ է: Տափերական համայնքի բնակիչ է նաեւ սպանության համար ձերբակալված երիտասարդը:

Համայնքի ղեկավար Կարեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կասկածյալը ամուսնացած է, ունի մեկ երեխա, երիտասարդի հայրն էլ իր հետ զրույցում պնդել է, որ իր որդին չի եղել կրակողը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ արտաշատցիների ու տափերականցիների միջեւ վիճաբանությունը սկսել է եկեղեցի մտնելու հարցից: Արտաշատցիները ցանկացել են եկեղեցի մտնել, բայց եկեղեցին հսկող անձը չի թույլատրել մտնել՝ ասելով, որ արդեն ուշ է, ու եկեղեցին փակ է: Կրկին շրջանառվող լուրերի համաձայն՝ նախնական վիճաբանությունից հետո արտաշատցիները վերադարձել են Արտաշատ, բայց որոշ ժամանակ անց վերագնահատելով կատարվածը, գնացել են Տափերական մեծ խմբով, որտեղ էլ շարունակվել է ծեծկռտուքն ու ավարտվել կրակոցներով:

Այս տեղեկությունը Տափերականի գյուղապետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ ասելով, որ իրեն ոչինչ հայտնի չէ, միայն ասաց, որ իրենց համայնքում եկեղեցի չկա, խոսքը հնարավոր է՝ Խոր Վիրապում գտնվող եկեղեցու մասին լինի: Նա նաեւ հավելեց, որ իրենց համայնքում նշված եկեղեցում աշխատող որեւէ բնակիչ չի ապրում:

Ըստ տեղեկությունների՝ կրակոցներ արձակած անձը սպանություն գործելու դիտավորություն չի ունեցել, նա միայն գետնին է կրակել, որ վիճաբանության մասնակիցներին ցրի, բայց պատահաբար այն կպել է վեճի մասնակիցներից մեկի ոտքին, որն էլ մահացել է: Քննչական կոմիտեից դեպքի մանրամասներ չեն հայտնում՝ նախաքննության շահերից ելնելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930