Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի թատրոնը բեմադրել է պատմական Արտաշատի հիմնադիր Արտաշես արքային նվիրված ներկայացում. Կամո Նաղդալյան

Ապրիլ 27,2026 12:19 Share

«Ապրիլի 28-ին, 29-ին եւ 30-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է: Այս առաջնախաղին մենք պատրաստվում ենք շուրջ 3 տարի: Մեզ համար կարեւոր էր, լինելով Արտաշատի թատրոն, ունենալ ներկայացում՝ նվիրված պատմական Արտաշատի հիմնադիր Արտաշես արքային: Մենք անդրադարձել ենք նրա սիրո պատմությանը, օգտվել Խորենացու «Արտաշես եւ Սաթենիկ» լեգենդից»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը՝ անդրադառնալով իրենց նոր՝ «Արտաշես և Սաթենիկ» ներկայացանը:

Կամո Նաղդալյան

«Ստեղծագործական պրոցեսը շատ լավ է ընթացել: Օրեր առաջ եղավ նաեւ ներկայացման փակ դիտումը: Շատ տպավորված եմ, որովհետեւ մեր խաղացանկում արդեն կունենանք նմանը չունեցող ներկայացում՝ իր ասելիքով, գեղագիտությամբ, իր ճաշակով: Առիթից օգտվելով՝ պետք է հրավիրեմ մեր սիրելի հանդիսատեսին՝ բաց չթողնելու այս կարեւոր ներկայացումը»,- ասաց Կամո Նաղդալյանը: Հավելեց, որ ներկայացումը բեմադրվել է Արտաշատի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

«Ներկայացումը ժամանակակից հարցադրումներ ունի, ամբողջովին ժամանակակից լուծումներով է արված: Չեմ ուզում բոլոր փակագծերը բացել, բայց խաղաղության ուղերձ կա ներկայացման մեջ, հարեւանների հետ լավ ապրելու, դրացիական հարաբերություններ ունենալու, նաեւ սիրո պատմություն է իրականում»,-որոշ մանրամասներ «գաղտնազերծեց» Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը:

Կարեն Խաչատրյան

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի գեղարվեստական հարցերով խորհրդական Կարեն Խաչատրյանն ասաց, որ թատրոնի ստեղծագործական կազմը լիարժեք զբաղվածություն ունի «Արտաշես և Սաթենիկ» ներկայացման մեջ, ունեն նաեւ հրավիրյալ դերասաններ: «Սաթենիկի դերակատարը հրավիրված է տիկնիկային թատրոնից, նաեւ համագործակցում ենք Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ, ուսանող է զբաղված ներկայացման մեջ: Այդ կերպ թատրոնի եւ ուսանողների հետ կապն ապահովելու նպատակ ունենք»,-տեղեկացրեց Կարեն Խաչատրյանը:

Նա հավելեց, որ իրենց թատրոնը միշտ բաց է համագործակցության համար, ինչի արդյունքում կարողանում են նաեւ սերնդափոխության հարցը սահուն կերպով լուծել: «Հրավիրյալ դերասանները շատ են սիրում մեր թատրոնը, մենք ունենք փորձ, որ հրավիրյալ դերասանն արդեն մեր թատրոնի դերասանն է: Օրինակ, Արտաշես արքայի դերակատար Հայկ Սարգսյանը հրավիրվեց մեր թատրոն անցյալ տարի «Մանուշյան» ներկայացումով եւ արդեն մեկ տարի է, մեր թատրոնի դերասանն է»,-ասաց Խաչատրյանը:

Կամո Նաղդալյանն էլ հավելեց, որ նաեւ բեմադրիչն է հրավիրյալ, եւ ընդհանրապես վերջին տարիներին հրավիրում են բեմադրող ռեժիսորների, բեմադրող նկարիչների: Եկող տարվա ներկայացումները եւս պլանավորվում են իրականացնել հրավիրյալ ռեժիսորների հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930