Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՏ ոլորտին ժամանակ է պետք նոր շուկաներ գտնելու համար». Սամվել Մարտիրոսյան. «Հայկական ժամանակ»

Մայիս 08,2020 12:49

ՀՀ կառավարության 17-րդ միջոցառմամբ օժանդակություն է տրամադրվելու ՏՏ ոլորտի ընկերություններին։

Միջոցառման վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանին։

– Պարոն Մարտիրոսյան, ՏՏ ոլորտին վերաբերվող 17-րդ միջոցառումն ինչպե՞ս եք գնահատում։ Ինչքանո՞վ է ոլորտը կորոնավիրուսից տուժել։

– Շատ դժվար է այսօր հասկանալ, թե ով է շատ տուժել։ Կան ոլորտներ, որոնց տուժած լինելն ակնհայտ է, օրինակ՝ զբոսաշրջությունն ուղղակի չկա։ Բայց կան ոլորտներ, որոնք ուղղակի տուժում են կապվածության պատճառով։ Որովհետեւ այն ոլորտը, որը սպասարկում է ՏՏ-ն՝ միգուցե չի աշխատում ու ստացվում է, որ ոչ անմիջական, բայց վնաս են կրում։ Չկա ոլորտ, որը տուժած չլինի, իհարկե, կան նաեւ նեղ ուղղվածություն ունեցող կազմակերպություններ, որոնք մեծ հնարավորություններ ստացան։ Օրինակ՝ «Zoom»-ը բավականին հարստացավ այս ամենի արդյունքում։ Բայց բոլորը «Zoom»-ի պես չեն, մարդիկ այսօր հետեւում են հաջողության օրինակներին։ Բազմաթիվ ՏՏ ոլորտի կազմակերպություններ, որոնք սպասարկում են տուրիզմը՝ դոմինոյի էֆեկտով զգում են իրենց վրա ամեն ինչ։ Կարծում եմ` ՏՏ ոլորտի առավելությունն այն է, որ շատ ավելի ճկուն են եւ կկարողանան ավելի արագ վերազինվել եւ սպասարկել ուրիշ ոլորտներ։ Բայց ՏՏ ոլորտին ժամանակ է պետք նոր շուկաներ գտնելու համար։ Այստեղ արդեն ֆինանսական օժանդակությունը մեծ առավելություն կարող է լինել, եթե ճիշտ ձեւով բաշխեն գումարները։ Դա թույլ կտա կազմակերպություններին ժամանակ շահել եւ արագ գտնել նոր ուղղություններ։

– Օժանդակության չափերը՝ 10, 20, 30 մլն դրամ են առավելագույնը, այս չափը համահո՞ւնչ է հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերություններին եւ նրանց աշխատանքներին։

– Ես ուզում եմ հիշեցնել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մինչեւ կորոնավիրուսային իրավիճակը մոտավորապես այդպիսի չափով դրամաշնորհներ տրամադրում էր։ Իհարկե, մեծ գումարներ չեն, երբ նայում ես, թե ԱՄՆ-ում վենչուրային կապիտալիստները ինչ գումարներ կարող են ներդնել, բայց դե չեղած տեղից էլի բան է։ Ամեն դեպքում չեմ կարծում, թե սա աննշան գումար է։ Կարծում եմ, պետք է հասկանանք, որ մեր կառավարությունը չի կարող անվերջ փող տպել եւ եղած գումարները ինչ-որ չափով չափելի են ընդհանուր ոլորտի հետ։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031