Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բարձրացնել զինծառայության հեղինակությունը․ Դիսոնանս՝ բանակի հեղինակության և զինծառայության հեղինակության միջև

Մայիս 14,2020 22:30

Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախմբի անդրանիկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակն ու զինված ուժերն անառարկելի հեղինակություն ունեն, բայց միևնույն ժամանակ զինծառայության հեղինակությունը չի համապատասխանում հայկական բանակի հեղինակությանը:

Հատկանշական է, որ վարչապետը արձանագրում է այս իրողությունը, սակայն նախևառաջ  անհրաժեշտ է հասկանալ խնդրի էությունը, հիմնվել հետազոտությունների վրա և առաջնորդվել գիտելիքահեն սկզբունքով։ Բանակի և զինծառայության հեղինակությունը գնահատելու և բարելավելու համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ, դրանց հիման վրա մշակված ռազմավարություններ և ամենակարևորը՝ արդյունավետ և հետևողական իրագործում, քանզի բազմաթիվ հանձնաժողովներ են կազմվել ու թղթեր են սևացվել, սակայն իրավիճակը նույնն է մնացել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ վատթարացել է։

Հայկական բանակը բարձր հեղինակություն ունի։

Ըստ տարեսկզբին «Բրեվիս» ընկերության կողմից հրապարակված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ՀՀ քաղաքացիների 89.4%-ը պետական և հասարակական կառույցներից ամենաշատը վստահում է հայկական բանակին: 2019 թվականի աշնանը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով` բանակի նկատմամբ հայ հասարակության վստահության ցուցանիշը 91 % է:  Ընդ որում, բանակի ինստիտուտի նկատմամբ որոշակի վստահությունը բնորոշ է նաև այլ հասարակություններին: Pew Research Center-ը կատարել է հասարակական-պետական ինստիտուտների ուսումնասիրություն, ըստ որի Ֆրանսիայում զինված ուժերին վստահում են հարցվածների` 84 %-ը, Գերմանիայում` 70 %-ը, Իսպանիայում` 66 %-ը, ԱՄՆ-ում՝ 80 %-ը:

Ըստ ՀՀ ՊՆ «Դիտակետ» սոցիոլոգիական հետազոտության տվյալների հայկական բանակում զինծառայողների ճնշող մեծամասնությունը (84.8%) զորակոչվելու ժամանակ դրական էր տրամադրված ծառայության հանդեպ[1]։

Զինծառայության հեղինակությունը բավականին մտահոգիչ է։

Բանակի՝ որպես սոցիալական ինստիտուտի նկատմամբ առկա դրական վերաբերմունքի ֆոնին փոքր-ինչ մտահոգիչ է այն, որ ընտրության հնարավորության դեպքում հարցվածների միայն 35.7%-ն է ցանկացել, որ իր բանակային տարիքի հարազատը գնա բանակ՝ ժամկետային զինծառայության։

Բանակում հարազատի ծառայելու զինծառայողների ավելի քիչ ցանկության հետ կապված այս մտահոգիչ ցուցանիշը բացատրվում է պարտադիր զինծառայություն երկամյա ժամկետով, պարտականություններով պայմանավորված սահմանափակումներով, ծանրաբեռնված առօրյայով ու հարմարավետության գոտում չլինելով։ Զինծառայության անցնելու վերաբերյալ հասարակության շրջանում միջանձնային շփումներում  առկա են խնդրահարույց կարծրատիպային պատկերացումներ, ինչպես օրինակ՝ «2 տարվա կորուստ է», «Ես ինչի՞ պիտի գնամ ծառայեմ, թող մյուսները գնան», «եթե հնարավորություն կա չծառայելու, ինչո՞ւ ծառայեմ» և այլն։ Հարկ է նշել, որ բանակի նկատմամբ բարձր վստահությանը զուգահեռ պարտադիր զինվորական ծառայությունից որոշակիորեն խուսափելու միտումը բնորոշ է նաև այլ երկրներին, օրինակ ըստ Ռուսաստանում արված հարցումների երիտասարդների միայն 24 %-ն է ցանկություն հայտնում մեկնել զինծառայության։

Ինչպե՞ս բարձրացնել զինծառայության հեղինակությունը։

Առկա ռազմաքաղաքական իրադրությունն ու մարդկային, ֆինանսատնտեսական ռեսուրսների սղությունը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը թելադրում է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել զինծառայության հեղինակության ապահովման հիմնախնդիրներին։ Հաշվի առնելով հասարակական համակարգում բանակի ունեցած դերն և նշանակությունը, չափազանց կարևոր է բանակի իմիջն ու զինծառայության գրավչությունը։

Այսպիսով, զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է.

  1. Բարձրացնել զինծառայության մեկնելու շահագրգռվածությունը (մոտիվացիան), ներդնելով օգտակար գիտելիք և հմտություններ ձեռք բերելու հնարավորություններն այնպես, որ երիտասարդն օգտակար համարի զինծառայությունը, օրինակ՝ եթե զորացրվելիս տիրապետի որևէ օտար լեզվի, արհեստի, ծրագրավորման լեզվի և այլն։
  2. Բարելավել առօրյա զինծառայության կազմակերպման, կարգապահության պահպանման ու վերահսկողության իրականացման կարգն ու մոտեցումները, վերացնել սոցիալական անարդարության մթնոլորտը։
  3. Բարելավել զինվորական կոլեկտիվների առողջ մթնոլորտը՝ առավելագույնս ապահովելով զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը, ամբողջական վերահսկողության միջոցով բացառել ճնշումները, որոնք հնարավոր է վնաս հասցնեն զինվորների արժանապատվությանը։
  4. Համակարգային բարեփոխումների միջոցով բոլոր ուղղություններով բարելավել կենցաղային, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական պայմանները։
  5. Պետական միջամտությամբ հասարակական կյանքում բարձրացնել զինծառայողի դերն ու հեղինակությունը՝ բարելավելով զինծառայողների կենսապահովման պայմաններն ու ընդլայնել արտոնությունների մեխանիզմները։ Զուգահեռաբար ուշադրություն դարձնել բոլոր զինծառայողների հասարակական պահվածքին, էթիկային և բարեվարքությանը։ Զինվորների ու սպաների առօրյա վարքով ձևավորել զինծառայության գրավչության հիմքերն ու բանակի իմիջը:
  6. Բարելավել նաև բանակի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը, անցնել առավել ակտիվ և լայն տեղեկատվական գործունեության՝ նվազեցնելով ասեկոսեների ազդեցությունը, զգացմունքային հարթության վրա երբեմն սխալ տպավորությունների ձևավորումն ու թյուրընկալումները:
  7. Վերանայել հայեցակարգային մոտեցումները թե՛ բանակում, թե՛ հասարակական այլ համակարգերում՝ շեշտը դնելով բանակ-հասարակության կապի և փոխվստահության, զինծառայության գրավչության և զինծառայողների հեղինակության բարձրացման վրա։

Ամփոփելով վերը նշվածը,  ակնհայտ է, որ բանակի և զինծառայության հեղինակությունը հնարավոր է բարելավել միմիայն առկա իրավիճակի հետազոտահեն գնահատման, բարեփոխումների համալիր մեխանիզմների ներդրման, ռազմավարական քայլերի հետևողական իրականացմամբ և հանրային ներգրավման միջոցով։

Արմեն Խաչիկյան

Սոցիոլոգ

[1] Խաչիկյան Ա․, «Բանակը որպես սոցիալական ինստիտուտ․ ԶՈւ-ի եվ զինծառայության նկատմամբ վերաբերմունքի և դրանց հեղինակության ապահովման պրոբլեմներ»,  ՀՀ ՊՆ ՊԱՀՀ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2019, Էջ 76-89 (https://razmavaraget.files.wordpress.com/2019/12/hb-4-2019.pdf)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031