Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդականում կարող է նշվել նաեւ ՀԾՀ-ն. Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Մայիս 23,2020 15:17

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը քննարկեց մի շարք հարցեր,  հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին: Այդ նախագծով առաջարկվում է ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառել նաեւ հանրային ծառայության համարանիշը: Հարցը քննարկման էր դրված  փաթեթով, որտեղ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքից ընդգրկված էր նաեւ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Նրա խոսքով. «2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվել է  էլեկտրոնային համակարգ, որը վերաբերվում է  քաղաքացիական ակտերի գրանցումներին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելուն: Դա համացանցի միջոցով հասանելի է բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Այժմ այս նախագծով մենք քաղաքացիական կացության ակտում՝ երեխայի ծննդյան ակտում, ի թիվս այլ տվյալների, հնարավորություն ենք տալիս, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, նաեւ նշել հանրային ծառայությունների համարանիշը»:

Փոխնախարարի համոզմամբ, այս փոփոխությունները քաղաքացիների կյանքը կթեթեւացնի եւ ստիպված չեն լինելու մի քանի պետական կառույցներ այցելել. «ՀԾՀ-ն սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելիս պետք է լինում, եւ ծնողները ստիպված են լինում գնալ բնակության պետական ռեգիստր եւ այնտեղից ստանալ հանրային ծառայությունների համարանիշը»:
Նախագծերից մեկում նշված էր, որ երեխայի ազգությունը նույնպես նշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ: Նախագծերի փաթեթն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031