Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը մասնավոր դեպք է

Հունիս 03,2020 10:00

«Մեր քաղաքներում բացարձակ քաոս է, նրանք պարզապես ավելի շատ են, քան մենք», – մեկնաբանելով անցած շաբաթվա իրադարձությունները՝ արձանագրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը: Նա նկատի ուներ, որ բողոքողները, ոստիկանության հետ բախվողները, մեքենա վառողները, խանութ թալանողները տասնապատիկ ավելի շատ են, քան տանը նստողները եւ կարգուկանոն հաստատելու փորձ անողները: Անկարգությունները, հիշեցնեմ, ծայր են առել այն բանից հետո, երբ ԱՄՆ այդ նահանգում սպիտակամորթ ոստիկանը դաժանաբար սպանեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին:

Բողոքների օրակարգը, սակայն, վաղուց արդեն դուրս է եկել զուտ ռասիզմի դեմ եւ հանուն հավասար իրավունքների պայքարի սահմաններից: Զանգվածային ցույցերի եւ անկարգությունների մասնակիցներից շատերին արդեն քիչ է հետաքրքրում կոնկրետ Ջորջ Ֆլոյդի հետ պատահածը՝ նրանք պայքարի են դուրս եկել Համակարգի դեմ: Իսկ Համակարգը չգիտի, թե ինչ կարելի է նրանց հակադրել. ոստիկանությունը կիրառում է իր ողջ զինանոցը՝ մահակներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ: Թրամփը ժամանակ առ ժամանակ Թվիթերում սպառնում է, որ Սպիտակ տան մոտ կհրավիրի իր կողմնակիցներին կամ ցուցարարների դեմ զորք կհանի, կրակ կբացի եւ այլն: Բայց բողոքող զանգվածներին դա կարծես թե չի վախեցնում, նրանք չեն ենթարկվում ոստիկանների հրահանգներին, չեն հեռանում փողոցներից անգամ պարետային ժամի պարագայում:

Ես այս ամենը բացատրելու համար մի վարկած ունեմ, որին հակված են նաեւ արեւմտյան որոշ փորձագետներ՝ սա կառավարման գլոբալ ճգնաժամ է, եւ ԱՄՆ-ում գրեթե մեկ շաբաթ տեւած անկարգությունները դրա մասնավոր դրսեւորումն են: Որքան էլ Թրամփն ու դեմոկրատներն իրար մեղադրեն եւ փորձեն իրավիճակն օգտագործել նախընտրական նպատակներով, ինձ թվում է, խնդիրն անձերի կամ քաղաքական ուժերի մեջ չէ. կառավարումն իրականացվում է սխալ, հնացած սկզբունքներով եւ հաշվի չի առնում ժամանակակից զանգվածային մտածողության առանձնահատկությունները:

Դա վերաբերում է բոլոր երկրներին, նաեւ՝ Հայաստանին: Այսօր մեր երկրում, պաշտոնական տվյալներով, կա ավելի քան 10 հազար կորոնավիրուսով վարակված մարդ: Մոտ ապագայում, անգամ պաշտոնական տվյալներով, կլինի 10 անգամ շատ: Այդ 100 հազարի 90 տոկոսը իբր պիտի մեկուսանա  տանը: Իրականում նրանք ազատ պտտվելու են փողոցներում, այդ թվում՝ հանրային վայրերում: Քանի՞ դիվիզիա ոստիկանություն  է պետք 90 հազար մարդու վարքին հետեւելու համար: «Նրանք պարզապես ավելի շատ են, քան մենք»: Կորոնավիրուսի տարածումն, այդպիսով, նույնպես գլոբալ կառավարման ճգնաժամի մասնավոր դեպքն է:

…Իհարկե, իշխանավորների «անհատական ջանքերը» նույնպես որոշակի նշանակություն ունեն: Օրինակ, կորոնավիրուսով վարակված վարչապետը պիտի կատարի պարետի հրահանգները եւ առնվազն ինքնամեկուսանա տանը: Ցանկալի է, որ այդ վիճակում նա ճեպազրույցների չմասնակցի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    «Ցանկալի է, որ այդ վիճակում նա /Վարչապետը/ճեպազրույցների չմասնակցի: .»
    Սա Լաւագոյն առաջարկն է ։ Մարդիկ այնքան լարուած են այս անհամ կացութենէն որ ՛՛ Լռութիւնը ՛՛ լաւագոյն
    տարբերակն է ներկայիս ։
    Հարց – խօսելու-խրատելու վարժ անձ մը կրնայ ՞ յարգել լռութիւնը ։ Եթէ Այո – յոյս մը կ՛ունենանք որ լաւ ընթացքի մէջ ենք ։

  2. Լավատես says:

    Նրանք, ովքեր հնարել են այս դիմակահանդեսը, հիվանդ մարդիկ են շատ մեծ հնարավորություններով, բոլորս էլ հասկանում ենք, որ սա թատրոն է, մենք էլ դերասաններն ենք այդ թատրոնում: Խնդիրն այն է, որ թատոնը չի մեղավոր, ոչ էլ դերասանները այս անտաղանդ ներակայացման համար, էլի հայտնի ասացվածքը’ սուրբ տեղը դատարկ չի մնում, մեր նախաձեռնության պակասն է, մենք չունենք եւ ոչ մի խելքը գլխին ժամանակակից սփյուռքի կառավարման կառույցներ’ սկսած սփյուռքի հատուկ ծառայություններից վերջացրած քաղաքական, կրոնական, տնտեսական վերպետական կառույցներից: Մենք պետք է հասկանանք, որ շատ քիչ ազգեր ունեն սփյուռք եւ հնարավորություն ստեղծել սեփական համաշխարհային կառույցներ, իսկ պետությունները շատ թույլ են նման կառույցների նկատմամբ, դրա համար անիմաստ է մեղադրել կառավարությանը կամ լրատվամիջոցներին: Կազմակերպված սփյուռքն է հայ ազգի ու հայ պետության ու մնացած ազգային պետությունների փրկությունը: Միանանք այլ ոչքոչվոր ազգերի սփյուռքերին ու հակակշիռ ուժ կազմենք լավ կազմակերպված ու աշխարհին այսօր օրակարգ պարտադրող քոչվոր սփյուռքերին:

  3. henri says:

    Սփիւռքը կրնար ժամանակի ընթացքին որոշ դրական դեր մը ունենալ Հայաստանի հզօրացման ,եթէ գոյութիւն չունենային ՛՛Դասական կոչուած ՛՛ կուսակցութիւնները՛՛ որ իրենց «Վիրուս-ները» փոխանձած են նոր սերունդներուն առանց քայլ մը յառաջդիմութիւն արձանագրելու10-ամեակներէ ի վեր -փորձելով Հայաստան ալ տեղաւորուիլ ,ցոյց տուած են իրենց անկարողութեան և սնանկութեան ցաւալի վիճակը ։

  4. Լավատես says:

    Եթե մենք մեր հարազատ հայերին թավշյա 🙂 ձեւով չգրավենք, կգրավեն ուրիշները ոչ շատ թավշյա ձեւով: Մեր փորձված հայտնի կուսակցությունները անցած պատերազմներին են պատրաստվում, նույնն է թե տանկի դեմ թրով ու սրով դուրս գաս: Կարգավորվածությունը համակարգի մեծանում է մրցակից համակարգերի կարգավորվածության փոքրացման հաշվին, դրա համար մեր հայտնի կուսակցությունները, եթե ուզում են օգտվել ընձեռնված հնարավորություններից, պետք է միավորվեն ու միանպատակ համակարգ ստեղծեն իրենց մրցակից համակարգերի թուլացման հաշվին, իսկ եթե նրանք իրար վարկաբեկելով են զբաղված ու իրար են թուլացնում, փոխանակ միավորվեն ու ընդհանուր մրցակցի խնդիրը լուծեն, ուրեմն մեր ընդհանուր մրցակցի համար են մեր ազգի խնդիրը լուծում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930