Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում և խնդրում եմ, որ գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ սա մեկ շաբաթվա խնդիր չէ, սա նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ. Նիկոլ Փաշինյան

Հունիս 12,2020 18:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կապակցությամբ հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստում

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Սիրելի հայրենակիցներ,

Կառավարությունը որոշում է կայացրել նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին: Այս որոշման նպատակն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և ցավոք, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է տարածվել:

Այսօրվա դրությամբ, ընդհանուր առմամբ, մենք ունենք 15281 հաստատված դեպք, բուժվել է 5639 քաղաքացի: Կորոնավիրուսի պատճառով մահացել է 258 մարդ, ևս 86 մարդ մահացել է այլ պատճառով, բայց նրանք վարակված են եղել կորոնավիրուսով: Այս պահին ունենք  ծանր վիճակում գտնվող 425 կորոնավիրուսով հիվանդ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 100-ն է: Բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում: 1857 սովորական մահճակալներից երեկ երեկոյան դրությամբ զբաղված էր 1551-ը: 239 վերակենդանացման մահճակալներից երեկվա դրությամբ ծանրաբեռնված էր 204-ը:

Իհարկե, մենք շարունակում ենք ծավալումը և՛ ռեանիմացիոն, և՛ սովորական մահճակալների, շարունակվում է նաև թթվածնի սնուցում ունեցող մահճակալների ծավալումը, և այս աշխատանքը շարունակվում է ամենօրյա ռեժիմով:  Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը ճգնաժամային է, և սա պետք է արձանագրել:

Հիմնական հարցը, որ ծագում է, բնականաբար, հետևյալն է՝ ո՞րն է ճգնաժամից դուրս գալու և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Անկեղծ ասած, մեր մոտ ձևավորված այս պատկերացումն ի սկզբանե չի փոխվել: Կորոնավիրուսի հաղթահարումը, իմիջիայլոց, սա կարևոր արձանագրում է, որը շատերը չէ, որ ֆիքսում են, դա ոչ այնքան այս իրավիճակում առողջապահական, որքան հանրային, վարքագծային-կարգապահական խնդիր է:

Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում: Եվ, ըստ էության, այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով: Ընդ որում, այդ վարքագծային փոփոխությունների հիմնավորումը կարևոր է, որովհետև ամենատարբեր կանխատեսումներով կորոնավիրուսի համավարակը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում գոյություն է ունենալու առնվազն մեկուկես տարի: Նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ: Իհարկե, բնական է, որ այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ձեռք բերելու, հայտնաբերելու, ստեղծելու ուղղությամբ,   և տեսականորեն այդ պատվաստանյութը կարող է ստեղծվել, հաստատվել երեք ամսից, մի ամսից, բայց կարող է նաև առաջիկա երեք տարիներին չստեղծվել:

Հետևաբար, այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք «հույս ունեցիր լավագույնին, բայց պատրաստվիր վատթարագույնին» սցենարով: Ըստ էության, ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի հետ կապված ամեն օրվա մեր թվերը արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնները վերջին 7-ից 14 օրվա ընթացքում: Ինչո՞ւ 7-ից 14 օրվա ընթացքում, որովհետև հենց այդքան է հիվանդության ինկուբացիոն ժամանակաշրջանը: Այսինքն, վարակվածություն արտահայտվում է 7-ից 14 օրվա ընթացքում:

Եթե մեր թվերն այսքան են, սա նշանակում է, որ մեր մոտ, ընդ որում երբ ասում ենք մենք՝ եկեք չտարբերակենք, որովհետև այդ տարբերակումը կա, արվում է կամ փորձ է արվում անել քաղաքացիներ-կառավարություն: Մենք բոլորս հակահամաճարակային կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով, մենք դիմակների կրման պարտադիր պայմանը մտցրել ենք հունիսի 3-ին, այսօր հունիսի 12-ն է և եթե սահմանված կանոնները պահվեին պատշաճ մակարդակով՝ մեծ հավանականությամբ մենք այսօր պետք է ունենայինք թվերի նվազում: Եթե չունենք թվերի նվազում՝ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մենք բոլորս՝ պատշաճ մակարդակով չենք պահում հակահամաճարակային կանոնները:

Ուզում եմ արձանագրել, որ անկախ կառավարության գործադրած ջանքերից, եթե հանրայնորեն, լայնորեն այդ կանոնները չպահպանվեն՝ համավարակի հաղթահարումը դառնալու է անհնարին: Կրկին ուզում եմ ասել, որ մեր երկարաժամկետ մարտավարությունը և ռազմավարությունը պետք է լինի ապրել կորոնավիրուսի  հետ, որովհետև ինչպես արդեն ընդգծեցի՝ ոչ ոք չգիտի, թե ինչքան է այն մեզ հետ լինելու: Ընդ որում, երբ այս միտքը շատ տարօրինակ է հնչում շատերի համար, ուզում եմ ընդգծել, որ մարդկությունն իր պատմության ողջ ընթացքում բազմիցս է առերեսվել արհեստական կամ բնածին պատճառներով վարքագծային փոփոխության կանոնների: Ասենք, օրինակ, արհեստածին դեպքի անդրադառնամ, երբ երկիր մոլորակի վրա հայտնվեցին ավտոմեքենաները՝ ինչ-որ պահից մարդիկ սկսեցին մեծ թվերով վրաերթների ենթարկվել և դա բերում էր մարդկային մեծ զոհերի: Այդ ամենի արդյունքում է, որ ստեղծվեցին հետիոտնային անցումները, լուսացույցները, կանոնակարգվեցին երթևեկության կանոնները և այդ ժամանակ ոչ ոք, կամ գոնե հիմա, փառք Աստծո, ոչ ոք չի ասում՝ ես չեմ հավատում մեքենաների մահաբեր ուժին: Ճիշտ է, այսօր շատերը, մեզնից շատերը շարունակում են չանցնել հետիոտնային անցումով, շարունակում են արհամարհել կարմիր լույսը: Նրանց մի մասն ունենում է այնպիսի հետագա ճակատագիր, ինչպես կորոնավիրուսի դեպքում ունենում են անսիմպտոմ դեպքերը, այսինք, երբ մենք կարմիր լույսի տակով անցնում ենք և մեզ հետ ոչ մի բան չի պատահում՝ դա կարող ենք համարել անսիպտոմ դեպք, իսկ երբ մենք վրաերթի ենք ենթարկվում կամ Աստված չանի մահանում, սա կարելի է համարել կորոնավիրուսի  զարգացման ծանր կամ ծայրահեղ ծանր դեպք:

Հետևաբար, իմ և մեր ընկալումը հետևյալն է, որ մենք պետք է ապրենք, սովորենք ապրել կորոնավիրուսի  հետ, որովհետև նույնիսկ եթե բոլոր պարագաներում մեզ մոտ վարքագծային փոփոխությունները տեղի չունենան՝ մենք հանդիպելու ենք մեծ բարդությունների: Օրինակ` մեր երկրում, մենք գիտենք, որ բավականին երկար ժամանակ ամբողջովին արգելափակման ռեժիմ էր գործում, բայց այդ լրիվ արգելափակման ռեժիմը նույնպես չտվեց այն արդյունքը, որը կարող էր արձանագրվել մի շարք երկրներում, օրինակ` մեր թվերը 0-ի չմոտեցան: Ինչո՞ւ, որովհետև նույնիսկ համատարած արգելափակումն ինքը ենթադրում է որոշակի վարքագծային կանոններ և  եթե այդ վարքագծային կանոններն արտահայտվում են կամ մարդկանց բացակայությունն արտահայտվում է ամենակենտրոնական փողոցներում, հրապարակներում, մոլերում, շուկաներում, այդ վարքագծային կանոնները չեն արտահայտվում բակերում, զրուցարաններում, շենքերում, շքամուտքերում՝ մենք կրկին ունենում ենք նույն իրավիճակը:

Բայց վարքագծային կանոնների փոփոխությունը շրջադարձային նշանակություն ունի նույնիսկ այն պարագայում, եթե մենք թվերն ինչ-որ պահի հասցնենք 0-ի: Եթե թվերը հասնում են 0-ի՝ դա ոչ թե նշանակում է, որ կորոնավիրուսն է վերացել, դա նշանակում է, որ մենք որոշակի կանոններ պահելով, ասենք օրինակ` դիմակ կրելով, կարողացել ենք այդ թվերը զրոյացնել, բայց եթե այդ 0-ից հետո հանենք դիմակները և շարունակենք ապրել նախկինի նման՝ այդ թվերը նորից շատ արագ կվերադառնան:

Բայց ուզում եմ ասել նաև, որ լոքդաունի ոչ էֆեկտիվությունը մի անգամ արդեն ապացուցվել է և մեր ուղերձը շարունակում է մնալ նույնը. մենք պետք է անհատական վարքի փոփոխությամբ հաղթահարենք այս իրավիճակը: Բայց ուզում եմ ընդգծել, որ կարող է գալ մի իրավիճակ, որ մենք պարզապես այլ ընտրություն չունենանք, քան վերադառնալ տոտալ լոքդաունի վիճակի: Ընդ որում, ունենք հաշվարկներ, եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, այսինքն` մենք մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակներում, այդ բեռը ծանրությամբ, բայց տանելի կլինի մեր առողջապահական համակարգի համար, այսինքն` մենք կկարողանանք սպասարկել մեր բոլոր հիվանդներին: Բայց եթե դրանից էականորեն ավելի իրավիճակ ունենանք, մենք կարող ենք ուղղակի ստիպված լինել գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել մեր տնտեսության ողնաշարին:

Բայց իմ և մեզ համար սա ունի գաղափարախոսական կարևոր նշանակություն, և ինչպես մյուս բոլոր հարցերի լուծումը, այս հարցի լուծումը մենք նույնպես տեսնում ենք կառավարության և ժողովրդի զանգվածային համագործակցության մեջ: Այսինքն, կառավարության և ժողովրդի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն, և մենք պետք է բոլորով գնահատենք իրավիճակի լրջությունն ու արձանագրենք, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքից է կախված այս իրավիճակի հետագա զարգացումը:

Եվ ես կարծում եմ, որ այո Հայաստանում պետք է սկսի հակահամաճարակային շարժում: Եվ եթե ֆորմալ, նորից ինչ-որ զրոյական կետ է պետք ֆիքսել, կարծում եմ, որ հենց այսօրվա մեր հանդիպումը կարող է լինել այդ սիմվոլիկ զրոյական կետը, որով մեզնից յուրաքանչյուրը, ես ինքս պարտավորվում եմ, որպես նախկինում այդ կանոններն ըստ ամենայնի պատշաճ չպաշտպանած մարդ, որի ապացույցը այն է, որ ես ինքս վարակվեցի կորոնավիրուսով և հաղթահարեցի, անձամբ անվերապահ ճշգրտությամբ պաշտպանել հաստատված բոլոր կանոններն առանց բացառության և կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հետևել այս օրինակին:

Մեզ պետք է, որ այդ նույն կանոնով, ամենօրյա ռեժիմով առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, նրանք ձևավորեն այնպիսի միջավայր, որ այդ կանոնների չպաշտպանելը լինի պարզապես ամոթ, լինի հանրային իմաստով մեկուսացման վկայություն: Եվ կրկին ուզում եմ ընդգծել, որ հարյուր հազարավոր մարդկային բազմությունը ձևավորված է և ձևավորվում է մեկ մարդուց, մեկ մարդկանց հանրագումարից: Եվ այս դեպքում էլ պետք է ուղիղ ասեմ, ես չունեմ այս խնդրի լուծման այլ պատկերացում, քան այն բանաձևը, որով առաջնորդվել եմ իմ ողջ քաղաքական գործունեության ողջ ընթացքում: Այդ բանաձևը ունի շատ պարզ թվաբանական արտահայտություն՝ 1+1+1+1 և այդպես հարյուր հազարներ և այդպես միլիոնավոր մարդիկ:

Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում և խնդրում եմ, որ գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ սա մեկ շաբաթվա խնդիր չէ, սա նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Հետևաբար` մենք խնդիր ունենք հարմարվել նոր իրողություններին, հարմարվել նոր աշխարհին, և այդ նոր աշխարհում, որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ ունենք անհրաժեշտություն ապացուցել մեր կենսունակությունը: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամն ու ապահովել մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մեր երկրի կենսունակությունը:

Շնորհակալ եմ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930