Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «քաղաքացիական բախումներ հրահրելու փորձ» է. Կարինե Աճեմյան

Հունիս 23,2020 14:48

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը, երեկ ԱԺ-ում ընդունված «Սահմանադրական փոփոխությունների մասին» նախագիծը դիտարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն «թեզի» համատեքստում, որ իրենից առաջ կյանք գոյություն չի ունեցել: Ուստի, կարծում է, որ այն ամենում, ինչ այսօր կատարվում է, որեւէ տրամաբանություն փնտրել եւ գտնելն անիմաստ զբաղմունք է:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» նոր օրինագծով՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն պաշտոնավարումը, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելու արդյունքում ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվելու են:

«Հայելի» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսում Կարինե Աճեմյանն ասաց, որ բավականին լուրջ մասնագետներ այդ նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ինչից հասկանալի է դառնում, որ այն ուղիղ դեպի անդունդ տանող ճանապարհ է, ամենը ոտնահարող նախագիծ է. «Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ոչ թե օրենքներով կամ տրամաբանությամբ, այլ մեդիա-հիստերիայով: Իր բղավոցներով, գոռգոռոցներով, ամեն օր զբաղեցնում է իր կոնտինգենտին եւ այս պարագայում տրամաբանություն փնտրելը, դժվար է»:

Բանախոսը երեկվա ԱԺ նիստից մի քանի դրվագ է տեսել միայն եւ նեղսրտել է, որ որեւէ իշխող ուժ`միայնակ, առանց ընդդիմության, կարող է նստել, խոսել, կոճակները սեղմել, արհամարհել ընդդիմությանը, որոնց մարդիկ ընտրել են, հետո ծափահարել, պաչպչել միմյանց, շնորհավորել. «Ես տեսա մարդու, որը եկել է «Հայկական ժամանակից», լրագրող է եղել եւ որը երկու բառ չի կարողանում կապել իրար եւ շատ վիճարկելի, շատ լուրջ օրինագիծ է ներկայացնում, որը չկարողացավ ներկայացնել: Ես տեսա արդարադատության երիտասարդ նախարարին. իհարկե, կարելի է փորձ չունենալ, բայց խոսել միայն նախկինների կոռուպցիայի մասին, որը իրենք այդպես էլ չեն կարողանում բացահայտել եւ օրենքի մասին որեւէ լուրջ բան չկարողանալ ասել, դա վկայում է այն մասին, որ սա օրենք չէ, սա պարզապես մեկ մարդու կապրիզ է`Նիկոլ Փաշինյանը այսպես է ուզում, այսպես էլ պետք է անենք»:

Զգաստանալու կոչեր, Կարինե Աճեմյանը չի հնչեցնում, նա այդ կոչերն անում է այս խորհրդարանն ընտրողներին: Իր գնահատմամբ, այս գործողությամբ` նախագծի ընդունմամբ, վարկաբեկվում է եւ նախագահի ինստիտուտը եւ ՍԴ-ն, խորհրդարանը, խորհրդարանական կառավարման համակարգը եւ, առհասարակ, կորում է ՍԴ ունենալու իմաստը: Տասնամյակների եւ շատ դժվարությունների արդյունքում կայացած համակարգերն, ըստ նրա, մի շտրիխով կարող էր ոչնչացնել «միայն այս մարդը» (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. Ն. Գ.):

Կարինե Աճեմյանի գնահատմամբ, իր խորհրդարանական գործունեության ընթացքում Նիկոլ Փաշինյանը որեւէ օրինաստեղծ աշխատանքով չի զբաղվել, հավանաբար «շարունակել է այն շանտաժները, որոնց մասին այսօր արդեն բոլորը խոսում են»:

Հայաստանում կատարվողը լուռ համաձայնությամբ ընդունող միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա դեսպաններին Կարինե Աճեմյանը կոչ է անում խոսել`կասեցնել Հայաստանի բռնապետացումը: Միաժամանակ, նա գտնում է, որ այս ամենը, ինչը կատարվում է՝ ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի հստակ բացասական ամրագրումների, գին ունի. «Գլոբալիստների կողմից ինքը ունի կանաչ լույս եւ այն ճանապարհը, որը անցնում է, կապված է այն կոնվենցիաների հետ, որոնք ընդունել եւ պիտի ընդունի նաեւ հետագայում`եւ Ամուլսարի հարցի, եւ Արցախի հարցի հետ: Հայաստան-Արցախ ուժերի միջեւ համացանցային վերջին հակամարտությունը, ցավոք, փաստում է, որ նաեւ Արցախի ղեկավարությունն է սկսել իրեն հաճոյանալ, իսկ դա ոչ մի լավ տեղ չի տանում, քանի որ վտանգում է եւ Արցախը եւ Հայաստանը»: Խոսքը, հիշեցնենք, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարության մասին է, որ 2016 ապրիլյան քառօրյայի ժամանակ Ստեփանակերտի օդային տարածքը պաշտպանված չի եղել:

Թե ինչո՞ւ ընդդիմադիրներին չի հաջողվում համախմբվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցի շուրջ, ինչը բոլորի համար էլ կարծես անվիճարկելի է, Կարինե Աճեմյանը բացատրում է անձնական ամբիցիաներով: Կարինե Աճեմյանը հասկանում է, որ «ԼՀԿ-ն եւ Էդմոն Մարուքյանը ԱԺ են մտել Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ», բայց գտնում է, որ նման ոչ պետականամետ հարցի առիթով Էդմոն Մարուքյանը եւ ԼՀԿ-ն քաղաքական կամք պիտի դրսեւորեն եւ ԲՀԿ-ի հետ դիմեն ՍԴ:

Իր գնահատմամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իր ունեցած մտասեւեռումով, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ «ջնջել, սեւացնել եւ ամեն ինչ դնել իր ոտքի տակ» ու եթե այս նախագիծը հակասահմանադրական չճանաչվեց, հուլիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի հարցով նշանակված ՍԴ նիստը չի կայանա:

Իսկ երեկ պարետատան ասուլիսում, Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ եթե ընդդիմադիրները ցույցեր անեն, հեղափոխության պահապաններն ավելի բազմամարդ ցույցերի դուրս կգան, Կարինե Աճեմյանը բնութագրում է «քաղաքացիական բախումներ հրահրելու փորձ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930