Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի համահայկական առաջին մրցաշարի հաղթողները հայտնի են

Հունիս 29,2020 15:20

Հարյուրավոր ուսանողներ, շախմատասերներ և շախմատի անվանի չեմպիոններ միացան առցանց միջոցառմանը

Հունիսի 26-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիան համատեղ կազմակերպեցին Համահայկական շախմատի առաջին մրցաշարի փակման առցանց արարողությունը: Վիրտուալ մրցաշարը, որին մասնակցեց շուրջ 520 շախմատասեր աշխարհի 36 երկրից, տեղի ունեցավ սույն թվականի հունիս 8-26-ը ՀՎՀ-ի կրթական ինտերակտիվ հարթակում:

Առցանց արարողության սկզբում ողջույնի ուղերձով հանդես եկան ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ Երվանդ Զորյանը՝ խոսելով մրցաշարի առաքելության և նպատակների մասին, և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը՝ անդրադառնալով շախմատ խաղի ազդեցությանը երիտասարդների ռազմավարական մտածողության զարգացման վրա:

Բացման խոսքից հետո հայտարարվեցին Համահայկական շախմատի մրցաշարի 2020 թվականի երեք չեմպիոնների անունները.

  • առաջին մրցանակակիր. Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան,
  • երկրորդ մրցանակակիր. Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ,
  • երրորդ մրցանակակիր. Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան:

Բոլոր հաղթողները ստացան պատվոգրեր և հատուկ նվեր քարտեր ՀԲԸՄ ՀՎՀ-ի կողմից:

«Նման մրցաշար կազմակերպելու նպատակը միայն հաղթողներ ունենալը չէր, մեզ համար առավել քան կարևոր էր ստեղծել շախմատասերների աշխարհասփյուռ առցանց համայնք»,- իր շնորհավորական խոսքում շեշտեց դոկտ. Երվանդ Զորյանը:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաև Վազգեն Յակուբյանը՝ մրցաշարի հովանավոր ՀԲԸՄ Հայաստանի նախագահը:

Մրցաշարը կազմված էր երկու փուլից. տարածաշրջանային հինգ կիսաեզրափակիչ՝ Հայաստան և Արցախ, Ասիա և Օկեանիայի երկրներ, Եվրոպա, Ամերիկա, Միջին Արևելք և Աֆրիկա, այնուհետև եզրափակիչ մրցաշարի երեք տուր: Մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին տարածաշրջանային կիսաեզրափակիչների և եզրափակչի երեք տուրերի հաղթողները:

Մրցախաղերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հետևել ՀՎՀ-ի շախմատի մուլտմեդիա առցանց դասընթացներին և շախմատի հայ չեմպիոնների հետ շախմատային առցանց դասեր անցկացնել՝ իրենց շախմատային հմտությունները զարգացնելու և խաղերին նախապատրաստվելու համար:

Ներկայացնենք Համահայկական շախմատի մրցաշարի տարածաշրջանային կիսաեզրափակչի հաղթողներին.

Հայաստանի և Արցախի մրցանակակիրներ՝
1-ին տեղ – Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Լոռի
2-րդ տեղ – Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Սյունիք
3-րդ տեղ – Մենուա Հակոբյան, 12 տարեկան, Երևան

Միջին Արևելքի և Աֆրիկայի մրցանակակիրներ՝                
1-ին տեղ – Գևորգ Եղյան, 16 տարեկան, Հալեպ, Սիրիա
2-րդ տեղ – Էդուարդ Իսկանդարյան, 14 տարեկան, Բեյրութ, Լիբանան
3-րդ տեղ – Արսեն Քենյան, 9 տարեկան, Հալեպ, Սիրիա

Եվրոպայի մրցանակակիրներ՝                
1-ին տեղ – Դանիել Կարապետյան-Հակոբյան, 13 տարեկան, Բարսելոնա, Իսպանիա
2-րդ տեղ – Դիմիտրիոս Լևոն Զաքարյան, 12 տարեկան, Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն

3-րդ տեղ – Հենրիկ Սերոբյան

Ամերիկայի մրցանակակիրներ՝                
1-ին տեղ – Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
2-րդ տեղ – Սուրեն Ղազարյան, 15 տարեկան, Սասկատչևան, Կանադա
3-րդ տեղ – Էթան Բոլդի, 13 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Ասիայի և Օկեանիայի մրցանակակիր՝                

Շահան Աբու Սայեդ, 9 տարեկան, Նոր Դելի, Հնդկաստան

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցել ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից կազմակերպված համահայկական այս մրցաշարին: Ես ձեռք բերեցի բազմաթիվ շախմատասեր ընկերներ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում»,- ասաց մրցաշարի Միջին Արևելքի և Աֆրիկայի առաջին մրցանակակիր Գևորգ Եղյանը:

Փակման արարողությանը մասնակցեցին շախմատի հայ անվանի չեմպիոններ և շախմատասերներ ամբողջ աշխարհից: Հաղթողներին իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոստմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը և շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարի մասնակիցներ Էթան Բոլդին ԱՄՆ-ից և Գևորգ Եղյանը Սիրիայից իրենց երախտագիտությունը հայտնեցին կազմակերպիչներին և կիսվեցին տպավորություններով:

Առցանց միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան մասնակցել վիկտորինայի և շահել լրացուցիչ մրցանակներ: Յուրահատուկ անակնկալ էր պատրաստել նաև Հայաստանի շախմատի ակադեմիան: Շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Էլինա Դանիելյանը և Ռուսաստանի կանանց արագ շախմատի չեմպիոն Կարինա Համբարձումովան կայծակնային շախմատի երկու առցանց պարտիա խաղացին: Թեժ մթնոլորտում անցնող պարտիաները վարպետորեն մեկնաբանեցին շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության փոխչեմպիոն Տաթև Աբրահամյանը և շախմատի ԱՄՆ-ի փոխչեմպիոն Վարուժան Հակոբյանը:

Համահայկական շախմատի 2020թ. մրցաշարի փակման առցանց արարողությունը:

ՀԲԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930