Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը ցուցմունք է տվել դատարանում. «Նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից, դատարանը պետք է որոշի՝ ինչ անի իրենց հետ»

Հուլիս 03,2020 14:54

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի եւ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի գործով հրավիրվել էր դատարան՝ վկայի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ առողջապահության փոխնախարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել: Իսկ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է նախկին փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու մեջ:

Դատական նիստը դռնփակ էր, լրագրողների մուտքն՝ արգելված:

Նիստից հետո Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես պատասխանեցի կողմերի հարցերին բավական երկար: Դժվար կլինի դրանք վերարտադրել եւս մեկ անգամ»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ սկանդալային ցուցմունքներ պետք է լինեին, այդ իսկ պատճառով նաեւ լրագրողներին ներս չթողեցին, դրա մասին կան մամուլում հրապարակումներ՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, սկանդալային են, թե չէ՝ չեմ կարող բնորոշել, բայց, կարծում եմ, նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից, դատարանը պետք է որոշի ինչ անի իրենց հետ: Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել ու որոնք հնարավոր է՝ փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ: Ես իմ հայտարարություններով դատապարտել եմ այն ժամանակ նման գործելաոճը ու հաստատում եմ, որեւէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ առողջապահության նախարարության որեւէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարար, չպետք է մտներ ու չպետք է մտնի եւ նաեւ իմ հայտնած տեղեկատվությունը դրան էր վերաբերում, որ ինքս տարբեր բուժկենտրոնների տնօրենների հետ նման խոսակցություն էի ունեցել ու հորդորել էի մոռանալ նախկինում միգուցե արմատավորված պրակտիկաները ու հեռու մնալ առողջապահության նախարարության տարբեր աշխատակիցներից տարբեր առաջարկներով: Նույնը կատարվել էր նաեւ Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ իմ կողմից, այլ՝ միջնորդավորված, ինչի մասին ես այսօր ցուցմունք ու վկայություն եմ տվել նախարարությունում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031