Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում էր Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կաշառքի վերաբերյալ գործը, այսօր, որպես վկա հարցաքննվեց ԱՆ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը եւ մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն այս գործով անցնում են կաշառք տալու եւ վերցնելու մեջ: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ առողջապահության փոխնախարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել: Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է նախկին փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու մեջ:
Դատական նիստում տեսանկարահանումն արգելված էր:Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող նիստում տիկին Վարդանյանը նշել է, որ մեկ անգամ մասնակցել է Ռազմիկ Աբրահամյանի, Արսեն Դավթյանի հետ ֆինանսական հարցերի շուրջ քննարկումներին:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ, վկա Ծաղիկ Վարդանյանը դատարանում հայտարարել է, որ 2019թ.-ին, 2018 թվականի համեմատ ավելի քիչ գումար է հատկացվել մանկաբարձական ծրագրերի ֆինանսավորմանը: Սակայն, ըստ տիկին Վարդանյանի, ծննդօգնության ծրագրերում կասեցում լինել չի կարող: Պաշտպանի հարցին, թե արդյո՞ք Արսեն Թորոսյանը եւ Արսեն Դավթյանը գործնական հարաբերություններից բացի ունեցել են նաեւ այլ հարաբերություններ, վկան հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ կոռեկտ չէ, բայց նաեւ ասել է, որ տեղյակ չէ։
Կարդացեք նաև
Դատարանից դուրս բողոքի ցույց էր անում «Հայոց մայրեր» շարժման նախաձեռնող Հայկուհի Խաչատրյանը, որի համոզմամբ, իր նորածին երեխան ոչ թե մահացել է, այլ՝ ապօրինի որդեգրվել:
Երեկ էլ Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ ԱԱԾ պաշտոնյան բժշկական կենտրոններից մեկի տնօրենին փորձել է համոզել կաշառք տալ առողջապահության նախկին նախարար Արսեն Դավթյանին:
Այսօրվա դատական նիստին շտապող Արսեն Դավթյանը, պատասխանելով հարցին՝ թե Մելքոնյանի հետ ինչպիսի հարաբերություններ է ունեցել, ասաց, ծանոթ չէ գործի մանրամասներին, չի կարող մեկնաբանել: Թե ինչու են փորձել իրեն կաշառել կհաջողվե՞ր, հարցերին ի պատասխան ասաց, որ ինքն իր ենթադրություններն ունի այս գործի վերաբերյալ, որի մասին չի ուզում խոսել: Իսկ թե ինչու են հենց իրեն ընտրել, ասաց՝ չեմ կարող ասել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































