Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթաց փաստացի չկա, իսկ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև տեղի ունեցող տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն։ Այս մասին Ալիևը հայտարարել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը արցախյան հակամարտության հարցում: «Այսօր փաստացի բանակցային գործընթաց տեղի չի ունենում: Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսները ոչ մի նշանակություն չունեն: Սա միայն նշանակում է, որ գործունեություն է ծավալում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լավ, մինչև երբ»,-հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է հստակ հայտարարություններ:
Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ ցանկանում է վարել առարկայական բանակցություններ: «Այո, այդ դեպքում մենք կմասնակցենք բանակցություններին: Հակառակ պարագայում բանակցությունների անհրաժեշտություն չկա: Մենք սպասում ենք դա Մինսկի խմբից և ամուր կանգնած ենք մեր դիրքի վրա, արդարությունը մեր կողմն է»,-հավելել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































