Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արտակարգ դրության երկարացման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նախարարն ասաց այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում՝ հեռավար կարգով պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ես անձամբ տեսնում եմ դրա անհրաժեշտությունը, եւ երեկ վարչապետն էլ հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ՝ արտակարգ դրությունը կերկարի։ Սակայն մենք մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։ Այսինքն, եթե արտակարգ դրությունը դադարի, ապա մենք հնարավորություն ունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել պահպանել կանոնները՝ նույն դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, այլ կարգավորումներ տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ, եւ դրանից բխող պատասխանատվության միջոցներ պետք է լինեն»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարությունը հասկանում է, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել, բայց արտակարգ դրությամբ պայմանավորված կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը՝ կորոնավիրուսի տարածումը. «Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ արտակարգ դրությունը հանելով եւ այլ իրավական կարգավորումներ չունենալով՝ կունենանք հիվանդության պայթյունաձեւ տարածում՝ դրանից բխող ծանր ու աղետալի հետեւանքներով»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































