Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կայացել է կրտսեր սերժանտ 19- ամյա Գրիշա Մաթեւոսյանի հրաժեշտի արարողությունը

Հուլիս 17,2020 23:35

2020 թվականի հուլիսը փառավոր տողերով գրվեց-մնաց մեր պատմության ոսկեմատյանում, գրվեց արյամբ, գրվեց հայ զինվորի ամրակուռ ոգու եւ բազկի հաղթանակով: ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի եւ Գրիշա Մաթեւոսյանի լուսապսակ անունները հավերժորեն անմահացան մեր հերոսամատյանում:

Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հանդիսապետությամբ եկեղեցու հոգեւոր սպասավորների, այսօր տեղի ունեցավ ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված կրտսեր սերժանտ 19- ամյա Գրիշա Մաթեւոսյանի հրաժեշտի արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ սիսիանցիներ, զինվորականներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Հուղարկավորության կարգը կատարելիս Տեր-Պարգեւ Զեյնալյանը նշեց, որ մեր զավակները, դարեր շարունակ, մեր սրբությունները պահելու համար չեն խնայել ոչինչ եւ ազգի զոհասեղանին դրել են նաեւ ամենաթանկը` իրենց կյանքը, ինչը երբեք չենք համարել կորուստ, այլ ընկալել ենք որպես ազգի զորության, միասնականության եւ հաղթության փոստ:

«Այսօր մենք Գրիշա Մաթեւոսյանին հուղարկավորում ենք դեպի հավիտենություն, իմանալով, որ նրա ճանապարհը ինչպես որ այս երկրի վրա էր հաղթական, այնպես էլ այնտեղ պիտի լինի…»,- ասաց տեր-հայրը եւ, զորակցելով զոհվածի ծնողներին, հարազատներին, բոլորին, հավելեց, որ նրա ապրած կարճ, բայց` հերոսական կյանքը շատերի համար պիտի լինի հայրենիքը սիրելու եւ հանուն նրա նահատակվելու, ճիշտ ապրելու, կյանքի ամեն վայրկյանը արժեւորելու օրինակ…

Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանը հուղարկավորվեց Սիսիանի քաղաքային պանթեոնում, որտեղ ննջում են արցախյան հերոսամարտի, ապրիլյան քառօրյայի մեր մյուս նահատակները: Գրիշային հուղարկավորեցին զինվորին վայել պատվով, հայրենիքի նահատակին արժանի հանդիսավորությամբ, ցավը եւ հպարտությունը կոկորդում սեղմած, բայց եւ` արժանապատիվ ու զինվորական համազարկերի եւ հայոց հիմնի հնչյունների ուղեկցությամբ: Բայց ամենատպավորիչն ու հուզիչը այն էր, որ նրան վերջին հանգրվան ճանապարհեցին ոչ թե ողբով, ոչ թե` լացով, այլ` ծափահարություններով… եւ երկարատեւ ծափերը նրա հերոսական հոգին երկինք տարան, նրան հրեշտակների մոտ տարան ու բազմեցրեցին մարտիրոսների գահին…

Մանրամասները՝ «Որոտան»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031