Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն, ածելիով աղջիկներն ավելի վտանգավոր են, քան սեռական բռնություն կատարած տղամարդը»

Օգոստոս 28,2020 21:45

Օգոստոսի 26-ին քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Գյումրիում երիտասարդ տղայի պարանոցն ածելիով կտրել-վնասելու մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, աղջիկներին մեղադրանք է  առաջադրվել՝ նույն քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կազմակերպելու եւ կատարելու համար:

Ինչն է դրդել աղջիկներին նման քայլի դիմել. Ըստ քննչական կոմիտեի, քննությամբ պարզվել է, որ այս երիտասարդը սեռական բռնություն է գործադրել աղջիկներից մեկի նկատմամբ, իսկ մյուս 19 ամյա բնակչուհու նկատմամբ էլ, ըստ նույն աղբյուրի, վերջինիս կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է, եւ երիտասարդը չի կարողացել իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնել:

Քննչական կոմիտեի հաղորդագրությունից տպավորություն է, որ աղջիկներն ինքնադատաստանի մեթոդին են դիմել, ցանկացել են հաշվեհարդար լինել:

Ինչո՞ւ երիտասարդ այս աղջիկները, եթե բռնաբարություն կամ փորձ է եղել, չեն դիմել իրավապահներին:

Aravot.am-ի հետ զրույցում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանն ասում է՝ հաճախ սեռական բռնության ենթարկվածները վստահություն չունեն իրավապահների նկատմամբ, մյուս կողմից էլ քննչական մարմիններում սեռական բռնության ենթարկվածների դեպքերով հարցաքննությունները հավելյալ տրավմա է կանանց համար:

Տաթեւիկ Աղաբեկյանը կենտրոնի շահառուների հետ աշխատելու փորձի հիման վրա, նկատել է՝ սեռական բռնության ենթարկված կանայք սկզբում ամոթի եւ մեղքի զգացով եմ դիմում, հետո, երբ տրավման մասնակիորեն հաղթահարում են,սկսում են օբյեկտիվորեն նայել իրավիճակին, նրանց մոտ զայրույթ եւ անարդարության զգացում է առաջանում. «Եվ, անկախ նրանից, թե իրավապահ մարմիններում քայլեր ձեռնարկվել են, թե՝ ոչ, այդ կանայք հաճախ ինչ-որ բան անելու մտքեր են ունենում: Խոսում են, որ արդար չի, երբ իրենք տարիներով տառապում եմ, իսկ բռնարարը հանգիստ ապրում է: Շատերը, մեր աջակցությամբ, դիմում են իրավապահներին, երբ որոշակիորեն հաղթահարած են լինում տրավման, ուժեղացած են լինում: Մենք դեպք ունեինք, երբ մեզ մի աղջիկ էր դիմել, նրան սեռական բռնության էին ենթարկել ութ տարի առաջ, նա այս ութ տարիների ընթացքում տարբեր մարզաձեւեր էր պարապել, ֆիզիկական ուժի վրա էր աշխատել, ու սպասում էր, որ այդ տղամարդը վերադառնա Հայաստան, որպեսզի ինքնուրույն հաշվեհարդար լինի»:

Աղաբեկյանն ասում է, որ սեռական բռնության ենթարկված կանանց մոտ ինչ-որ մի փուլում զայրույթ է առաջանում՝ անարդարությունից կամ երբեմն՝ անզորության զգացողությունից. «Այս ամենը բխում է իրավապահ համակարգի նկատմամբ անվստահությունից, որովհետեւ համոզված չեն, որ արդար պատիժ կլինի: Եղել են դեպքեր, երբ կանայք իրենց ծանոթներին են դիմել, խնդրել բռնարարին ծեծել»:

Տաթեւիկ Աղաբեկյանը տարակուսած է՝ քննչական կոմիտեն ներկայացնում է աղջիկներին առաջադրված մեղադրանքն ու հոդվածները, բայց տղայի դեպքում կարծես թե առաջադրված մեղադրանք չկա, ՔԿ-ն նշում է, որ աղջիկները կալանավորված են, իսկ 23-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին.«Այսինքն, ածելիով աղջիկներն ավելի վտանգավոր են, քան տարբեր անձանց նկատմամբ սեռական բռնություն եւ սեռական բռնության փորձ կատարած տղամարդը: Սա աբսուրդ է: Այս կարծիքը հայտնում եմ, հիմնվելով քննչական կոմիտեի հայտարարության վրա, իհարկե, նրանց բոլորի մեղավորությունը կպարզվի դատարանում»:

Աղաբեկյանը նկատում է՝ համակարգային խնդիր կա, իրավապահ մարմիններում հարցաքննությունները՝ սեռական բռնության դեպքերով, պետք է մասնագիտացված քննիչները վարեն, ինչի համար ՀԿ-ն մի քանի տարի է պայքարում է: Հիմա, եթե սեռական բռնության ենթարկված կինն առանց փաստաբանի դիմի իրավապահներին, կրկնակի զոհայնացվելու է, քննիչները զգայուն չեն այս դեպքերով հարցաքննություն վարելու, նույնիսկ խիստ կարծրատիպերով են: Աղաբեկյանը հիշում է՝ 2015-16 թվականներին կենտրոնը քննչական կոմիտեի՝ սեռական բռնության դեպքերով գործերի վարման հետազոտություն են իրականացրել.«Այդ ժամանակ, օրինակ, հարեւանը բռնաբարել էր հարեւանուհուն, ու քննիչն այս կնոջն ասել էր ասել էր՝ որ եկավ ձեր տուն, ճաշ ուզեց, տվեցիր, բա չէի՞ր մտածում, որ հետո սեռական հարաբերություն էլ կուզի: Սա անհեթեթ հարց է: Այսինքն, ում ճաշ ենք հյուրասիրում, հետո սեռական հարաբերությո՞ւն է ուզելու: Իրավապահ մարմիններում որոշակի դրական փոփոխություն կա անչափահասների սեռական բռնության դեպքերով, բայց չափահասների դեպքում ոչինչ չի արվում, որ փոփոխություն լինի: Սեռական բռնության ենթարկված կինը իրավապահ մարմիններում անցնում է նույն ընթացակարգերով, որով անցնում է, ասենք՝ հեռախոսը կորցրած անձը»:

Ընդհանրապես, սեռական բռնության դեպքերի մասին սոցիալական ցանցերում մշտապես թիրախավորում ու մեղադրում են կանանց: Գյումրեցի այս երկու աղջիկների դեպքում՝ նույնպես: Սոցցանցերում մեկնաբանություններ են արվում, թե այս աղջիկներն ինչ գործ ունեն տղայի տանը (թեեւ ՔԿ-ն չի նշել՝ ով՝ ում տուն է գնացել), գրում են՝ «աղջիկները տղու գլխին սարքել են» եւ այլն: Տաթեւիկ Աղաբեկյանը նկատում է՝ այդպիսի կարծիքները եւս խիստ կարծրատիպերի հետեւանք են. «Մարդիկ առանց հասկանալու իրավիճակը, առանց ապրումակցելու, միանգամից մեղադրում են աղջիկներին: Գիտեք, նման բաներ նկատել եմ նաեւ քննիչների մոտ, նրանցից շատերը փորձել են ինձ համոզել, թե՝ չափահաս անձի նկատմամբ սեռական բռնություն չի կարող իրականացվել, որովհետեւ, եթե լավ ուզի՝ կարող է դիմադրել, եթե մտքին չլինի… ու այս կարծրատիպերը արմատացած հասարակության տարբեր շերտերի մոտ, այդ թվում՝ քննիչների: Ինձ համար շատ ցավալի է, որ այս աղջիկների մասին բացասական մեկնաբանություններ են գրում հատկապես կանայք: Սա եւս կարծրատիպային ընկալում է. նրանք կարծես վախենում են ընդունել, որ կա սեռական բռնություն: Անհասկանալի է, թե ինչու են մեղադրում, որ աղջիկը կարող է ասենք՝ գնալ տղայի տուն, տղայի հետ շփվել:

Հասարակությունն ընտանեկան բռնության դեպքում, եթե դա երեխայի նկատմամբ է, անմիջապես բոլորը մեկնաբանում են, թե՝ ուրեմն հոգեկան առողջության խնդիր է եղել, իսկ եթե կինը սեռական բռնության է ենթարկվում, կնոջ մասին ասում են՝ ուրեմն անբարոյական է: Պետք է նշեմ, որ վերջին շրջանում նաեւ օբյեկտիվ մեկնաբանություններ էլ են լինում, նախկինում միայն մեղադրանքներն ու բացասական կարծիքներ էին: Հիմա նաեւ կան այնպիսի մեկնաբանություններ, երբ մեղադրանքների նկատմամբ մարդիկ անհանդուրժող են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31