«Այն, որ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի եւ նրա պաշտպանական թիմի թեթեւ ձեռքով վերածվել է ֆարսի, համոզվում ենք արդեն տարի ու կես»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Փոխանակ նա գնա դատաքննության փուլ եւ փորձի իր առաջ դրված մեղադրանքները, նաեւ՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի մեղադրանքները հերքել կամ ապացուցել, այլ իրավական գործընթաց է իրականացնում՝ խափանման միջոցի փոփոխության անվերջ շրջապտույտի միջոցով»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց. «Կարծես թե դատավորին դա սկսել է դուր գալ՝ այն աստիճանի, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին դարակազմիկ ելույթում ասաց, թե երեքշաբթի օրերն իր օրակարգից ջնջել է: Ո՞նց՝ ջնջել ես…շաբաթը յոթ օրեր ունի, որոնց մեջ երեքշաբթին էլ է մտնում, չորեքշաբթին էլ: Շատ տարօրինակ բան էլ ասաց, թե չի հասկանում՝ ինչո՞ւմ են իրեն մեղադրում: Այդ դեպքում ասեմ՝ մեղադրանք կա նաեւ պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի հանդեպ: Նա չգիտի՞, թե նրանց ինչում են մեղադրում: 0038 հրամանն օդից է եկե՞լ: Այնպես որ, կամ դատավորն իր իրավասության շրջանակում պետք է արագ մտնի դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանն այլեւս չպետք է խոսի քաղաքականություն վերադառնալու մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































