Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Կապուտիկյանի բացառիկ հուշն ու Կարպ Խաչվանքյանի մարգարեությունը

Հոկտեմբեր 03,2020 12:00

Օրերս «Առավոտ» էր այցելել արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, որը հայտնի է իր «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարով։ Գիտեինք, որ համավարակի շրջանում նա ձեռնամուխ է եղել միաժամանակ 21-րդ եւ 22-րդ՝ «Սոս Սարգսյան» եւ «Արաքսի Գյուլզադյան» գիրք-ալբոմների ստեղծման աշխատանքներին եւ թվում էր, թե խոսակցությունը պիտի ծավալվի դրանց շուրջ։  Բայց պարզվեց, որ վաստակաշատ արվեստաբանին խմբագրություն է բերել այս օրերին բոլորիս հուզող՝ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ 85-ամյա արվեստագետի ձայնը հուզմունքից դողում էր պատերազմող մեր զինվորների մասին խոսելիս, բայց թշնամու մասին խոսելիս ու որակումներ տալիս ձայնը հնչում էր խրոխտ ու վճռական։ Նա մեզ տվեց մի խունացած թուղթ եւ առանց մանրամասնելու ասաց. «Սիլվայի անտիպ հուշերից է։ Կարպը ճիշտ էր՝ Սումգայիթին պիտի պատասխանեինք Սումգայիթով»։

Ներկայացնում ենք բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի գրառումը առանց խմբագրման.

– Գայթակղիչ բան է պոպուլյարությունը, հանդիսատեսի կողմից սիրված լինելը։ Հաճախ այն ձեռք է բերվում էժանագին միջոցներով,  անմակարդակ հանդիսատեսին հարմարվելով, սեփական ճաշակը թելադրելով։

Կարպ Խաչվանքյանի պոպուլյարությունը իսկական էր, հավաստի, որովհետեւ ժողովրդի կողմից նրա հանդեպ տածած սերը հաստատված էր արվեստի գիտակների կողմից, այն էլ այնպիսի խստաճաշակ  գիտակների, ինչպիսին էին Վարդան Աճեմյանը, Ռուբեն Զարյանը, Լեւոն Հախվերդյանը, Վաղարշ Վաղարշյանը։

Ցավոք սրտի, կյանքում ես քիչ եմ առնչվել Կարպ Խաչվանքյանի հետ։ Երեւի արտիստի համեստ, քչախոս, իրեն առաջ չնետելու, անպայման առաջին գծի վրա չլինելու հատկությունն էր պատճառը։ Սակայն պատահեց այնպես, որ 1991 թվականի ամռանը «Արզնի» առողջարանում հանգստանում էինք միասին։ Այդ օրերին Մոսկվայում, «Լիտերատուրնայա գազետա» թերթում լույս էր տեսել իմ «Չեմ ուզում ատել» ակնարկը, որը խմբագրությունում բարձր գնահատականի էր արժանացել որպես համարի լավագույն նյութ, փակցվել թերթի ցուցատախտակին։ Թերթը Արզնի հասավ ուշացումով եւ բարեկամներս՝ կարդալով, շտապեցին ինձ շնորհավորել։

Առանձնապես ոգեւորված էր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը.

– Էս հոդվածով, Սիլվա, դու նոկաուտ արեցիր ադրբեջանցիներին։ Թող իմանան, որ իրենց ասելով, ղարաբաղյան շարժումը հրահրող Կապուտիկյանը կոչ է անում մարդկայնանաք, իրար չմորթել, իրար չուտել…

– Իսկ ես համաձայն չեմ,- իրեն հատուկ առոգանությամբ կամացուկ մրմնջաց Կարպ Խաչվանքյանը, որը, ինչպես միշտ, կանգնած էր մի կողմի վրա եւ համարյա չէր խառնվում խումբ-խումբ մարդկանց բուռն խռովալից խոսակցություններին,- ես ուզում եմ ատել, այո, ատել… Սումգայիթին պետք է պատասխանել Սումգայիթով…

Ես հանկարծակիի եկա։ Սուսուփուս, հույժ ինտելիգենտ ու բարեկիրթ արտիստից երբեք չէի կարող ենթադրել այդպիսի կարծր դիրքորոշում։

Ո՞վ իմանա, թերեւս դա՛ էր իսկական Խաչվանքյանը։ Պատահական չէր, որ կյանքում երեւութապես հանդարտաբարո թվացող արտիստը բեմում զարմացնում էր իր անզսպելի տարերքով, կրքոտ, լիարյուն խաղով, վատի ու անարդարի դեմ իր բուռն ընդվզումով…

Պատրաստեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031