Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ վարչապետն ասում է՝ 10 հազար զորացրված ունենք, կգաք Չարբախ, բա որ Ադրբեջանի հրթիռները սկսեն Չարբախի հավաքակայանը հրետակոծե՞լ. Բադասյանը՝ խուճապ առաջացնող տվյալների մասին

Հոկտեմբեր 09,2020 14:00

ԱԺ-ն քննարկում է սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հաստատված ռազմական դրության սահմանափակումների խախտման եւ միջոցառումների չկատարման համար վարչական եւ քրեական պատասխանատվություն սահմանող օրենսդրական փաթեթը, որը պատասխանատվություն է սահմանում, այդ թվում կեղծ տեղեկատվության տարածման համար:

Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցին՝ այսինքն, պատերազմի ժամանակ եթե ասում են՝ իշխանությունները լավը չեն, դա պետական դավաճանությո՞ւն է՝ պատասխանեց. «Դա եւս խուճապ առաջացնելու տրամադրություններ կարող է առաջացնել: Չեմ կարծում, որ ռազմական դրության ժամանակ նման հարցերը քննարկման հարց են, սա պարզ քննադատության մասին չի խոսում, այլ՝ խոսքը գնում է պատերազմի ընթացիկ իրավիճակի վրա ազդելու, խաթարելու, մեր զինվորների ոգին կոտրելու ու նման արարքների մասին»:

Լրագրողները հիշեցրին՝ 90-ականներին արցախյան առաջին պատերազմի ժամանակ պահանջում էին նախագահի հրաժարականը՝ նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ արցախյան առաջին պատերազմի ընթացքում մենք ինչ իրավիճակ ենք ունեցել: Կարծում եմ դուք նկատել եք վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաները ինչ դեր են ձեռք բերել, ինչ է հնարավոր անել ՏՏ դաշտում ու այսօր պատերազմն ընթանում է նաեւ ՏՏ օգտագործմամբ: Հետեւաբար չենք կարող 90-ականները համեմատել 2020-ի իրավիճակի հետ»:

Մենք ճշտեցինք՝ այս օրենքը տարածվելո՞ւ է ֆեյսբուքյան գրառումների վրա, եթե այո, ապա ինչպե՞ս եք վերահսկելու, օգտահաշիվները կարող են դրսում բացված լինել՝ Բադասյանը պատասխանեց. «Նոր բացված էջերի կամ վճարովի տարածվող տեղեկությունների դեմ նախ վտանգավորությունը ավելի նվազ է, որովհետեւ մեր հանրությունը օգտվում է այնպիսի ԶԼՄ-ներից, որոնց նկատմամբ կա վստահելիություն կամ արդեն օգտվել է, հետեւաբար նոր էջերից տարածվող տեղեկությունն այն արժեքը չունի, ինչ այլ ԶԼՄ-ներով տարածվողը, երկրորդը՝ նման միջոցների համար այլ պայքարի մեթոդներ կան: Թշնամին առաջին իսկ օրվանից փորձում է նման միջոցներով պայքարել: Ակնհայտորեն, չի ստացվում ու ակնհայտորեն պետության ռեսուրսները դրա դեմ պայքարելու բավարարում են: Բայց մենք չենք կարող ինքնահոսի թողնել ու թողնենք, որ ցանկացած չճշտված տեղեկություն կամ խուճապ առաջացնող տեղեկություններ, ընդ որում, արդեն արձանագրվում են դիտավորյալ նման դեպքեր, դրանք տարածվում են եւ բոլորիս վրա կարող են ազդեցություն ունենալ, էլ չեմ ասում մեր զինվորների վրա»:

Երբ լրագրողներն ասացին, որ վարչապետի կոչն էլ կարող է խուճապային տրամադրություն ստեղծել, հատկապես, երբ ասում է, թե զորակոչի ժամանակ որքան զինվոր ենք ունեցել, հստակ հասցե է ասում՝ նախարարը պատասխանեց, որ պաշտոնական լրահոսով տեղեկությունների վրա սա չի տարածվում: Հարցին՝ երբ վարչապետն ասում է՝ 10 հազար հոգի զորացրված ունենք, կգաք Չարբախ, դա այնպիսի տվյալ չի՞, բա որ Ադրբեջանի հրթիռները սկսեն Չարբախի հավաքակայանը հրետակոծել՝ Բադասյանը պատասխանեց. «Բոլոր նման հայտարարությունները նախապես ճշտված են լինում եւ այդպիսի հայտարարություն տարածելիս որեւէ վտանգ չի կարող առաջանալ, նախատեսվում են հետեւանքները, նաեւ թշնամու վարքագիծը ու որեւէ խնդիր չի կարող առաջանալ: Պետք է ընդամենը պաշտոնական լրահոսին հետեւել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031