Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական թոզփչոցիի եւ վարչապետի սկանդալային գրառման մասին

Հոկտեմբեր 09,2020 22:11

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայկական կորուստների թվի վերաբերյալ հարցին՝ նշեց, որ պաշտոնապես հրապարակված թվերին ոչինչ չի կարող ավելացնել, իսկ ինչ վերաբերվում է առկա անճշտություններին, ասաց, որ եթե դրանք հանդիպում են, կրկին պաշտոնապես հայտարարվում է, որ այս կամ անձը չի զոհվել: «Անճշտություններ կարող են լինել պատերազմի ժամանակ, դուք տեսաք, որ առնվազն երկու խմբի կարելի էր համարել անհետ կորած, բայց իրենք հայտնվեցին, որովհետեւ մնացել էին հակառակորդի թիկունքում, փորձել էին նահանջել, դիրք փոխել, բայց հայտնվել էին անորոշ վիճակում, մի քանի օր անց մարտերից հետո դուրս եկան՝ մեկ խումբ 19 հոգի, մյուսը՝ 16: Նման բաները ցավոք, պատերազմի ժամանակ անխուսափելի են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը ու խնդրեց հրավիրել պաշտոնական լրահոսին:

Ինչ վերաբերվում է տարածքներ գրավելու վերաբերյալ Ալիեւի հոխորտանքներին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրան մի քանի անգամ անդրադարձել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր զինված ուժերում մեծ ազդեցություն ունի օտար, մեկ այլ՝ թեկուզ իրենց դաշնակից պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիեւը հայտարարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ մեծ կասկած կա, որ ռազմավարական առումով կառավարման համակարգը խաթարված է Ադրբեջանում: Սա ասում եմ՝ վերլուծելով վերջին իրադարձությունները…»:

ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ հղում անելով ռազմի պատմությանը, որ հաճախ անհարմար բաները ղեկավարին չեն զեկուցում, անհաջողությունները վերեւ չեն բարձրանում, դրա համար խաթարվում է կառավարման համակարգը, եւ շատ հնարավոր է, որ Ալիեւը հայտնվել է նման ծուղակում:

Մարտական գործողություններ ինտենսիվությանն էլ անդրադարձ եղավ: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ինչ-որ պահերի դա շեշտակի բարձրանում է, հետո իջնում է. «Մարտական գործողությունները չեն կարող 24 ժամ նույն ինտենսիվությունն ունենալ: Դա կախված է բազում հանգամանքներից՝ եղանակից, օրվա ժամերից, տաքությունից, սառնություններից, զենքի տեսակներից, մարտական հաջողություններից ու անհաջողություններից, պլանավորած քայլերից…Ինտենսիվությունը չի լինում մշտական:

Եթե մեր հիշողության մեջ տպավորվել է զուտ առաջին երեք օրվա ինտենսիվությունը, Ադրբեջանի մշակած լայնածավալ հարձակողական առաջին փուլի ինտենսիվությունը, այո դա շատ ավելի բարձր էր, որը մեր զինված ուժերը կասեցրին, տապալեցին, չնայած որոշակի դիրքեր կորցրին, բայց թափը օպերացիայի՝ առնվազն երկու ուղղություններով հյուսիսում եւ հարավում ադրբեջանական ողջ զինված ուժերի ներուժը վերցնելով, դրան գումարած թուրքական բանակի հսկայական աջակցությունը՝ պլանավորման, հետախուզման, կառավարման, ավիացիան եւ այլ հանգամանքներով, եթե գումարենք, այդ հսկայական մեքենայի ինտենսիվ հարձակողական թափը, ապա պետք է փաստել, որ հայկական զինված ուժերն ուղղակի կոտրել են, ջախջախել, հետ են շպրտել:

Այն հաջողությունները, որ իրենք իբր արձանագրել են, վայրկենական, րոպեական են եղել, դրանք պատերազմի թափի եւ ադրբեջանական զինված ուժերի ծրագրերի հետ համեմատած անհամեմատելի փոքր են»:

ՊՆ ներկայացուցչի խոսքով, մի քանի ուղղությամբ հագեցած բանակային կորպուսներ են կիրառվել, իսկ հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար՝ չորրորդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է եղել T-90 տանկերով, եւ անգամ այդ պարագայում տապալել օպերացիան»: Արծրուն Հովհաննիսյանը թոզփչոցի է որակում ադրբեջանական հաջողությունները:

Արդյոք պաշտպանության նախարարությունը մինչեւ վարչապետի գրառումը, թե զինվորներին հրամայելով, համոզելով ստիպել են դիրքեր թողնել, գիտեր այդ մասին եւ ինչ քայլեր է ձեռնարկում այդ առումով: Այս հարցին պատասխանելուց Արծրուն Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց. «Թույլ տվեք այս հարցին չպատասխանել, որովհետեւ ստացվում է, որ մարտական գործողություններին զուգահեռ Պաշտպանության նախարարությունը, բանակը պետք է փորձեն զբաղվել մի գործառույթով, պարզաբանել մի բան, որը բնականորեն չեն իրականացնում, կամ իրականացնում են այլ գերատեսչությունների հետ համատեղ: Դա իր մեջ կարող է պարունակել, քրեական, իրավական եւ բազում այլ գաղտնիքներ, դրա համար ես չեմ կարող դա մեկնաբանել»:

Իսկ ինչո՞ւ չեն հրապարկվում 19+7 զինվորների անունները, այս մասին էլ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքեց, որ դրա կարիքը չկա:

Հարցին՝ Շուշիի մայր տաճարի ռմբակոծությանը համարժեք պատասխան տրվելո՞ւ է, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Զինվորականները շատ լավ գիտեն իրենց անելիքը եւ այն, թե մեր ամեն արկը եւ փամփուշտը որտեղ օգտագործեն, իսկ եթե պատասխանը ոմանք ընկալում են նույնպիսի վանդալիզմ, միանշանակ դա չեն անելու, որովհետեւ դա մեր ձեռագիրը չէ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031