Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի ասածները ես չեմ դիտում՝ կապված այսօրվա իրադարձությունների հետ. Ստեփան Գրիգորյան

Հոկտեմբեր 14,2020 19:30

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի ուղերձն ու վերլուծությունը բավականին հետաքրքիր համարեց: Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ վարչապետն ասաց՝ ինչ պիտի արվի: Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց հարցազրույցի ընթացքում Ստեփան Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Վարչապետի ասածը նա է, որ մենք պիտի շարունակենք պայքարը բոլոր մակարդակներում՝ պաշտպանելով արցախահայությանը, քանի որ Ադրբեջանը, Թուրքիան ահաբեկչական խմբերն ուզում են հայերին, արցախահայերին հանել իրենց բնօրրանից»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը նաև այն էր, որ պետք է ցույց տանք միջազգային հանրությանը՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, պետք է ցույց տանք Ալիևի դեմքը, որը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրել է զինադադարի կամ հրադադարի համաձայնությունը ու հետո խախտել այն: Պետք է դիմենք աշխարհին, որ աջակցեն մեզ, աջակցեն քաղաքական հայտարարություններում, այլ աջակցություն ցույց տան:

Խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Շատ կարևոր է համատեքստը: Այն, ինչ ասում էր Լավրովը, վերաբերվում էր այսպես կոչված Լավրովի պլանին, որի նկատմամբ մենք շատ բացասական ենք տրամադրված և Լավրովի ասածներն ուղղված էին իրենց լրագրողներին՝ տարբեր կոնֆլիկտների համատեքստով: Սա ես չեմ դիտում՝ կապված այսօրվա իրադարձությունների հետ, այլ այսօրվա իրադարձությունների հետ եմ կապում միայն ՌԴ-ի՝ խաղաղություն հաստատելու ջանքերը: Այո, Ադրբեջանը չի հարգում ՌԴ-ին: Պարզ երևում է:

Պատկերացնում եք, եթե երեկ ՌԴ ՊՆ նախարարը դիմեց Հայաստանին և Ադրբեջանին, այսօր Ադրբեջանը նորից սկսեց հարձակումները՝ ռմբակոծելով բուն ՀՀ-ի տարածքը: Նա զինադադարի տարբերակը խափանելով՝ ցույց է տալիս, որ ՌԴ-ն ոչինչ է այս տարածաշրջանում: Այդ ուղերձն էլ պիտի ՌԴ-ին ուղարկել: Բայց մի՞թե մենք այնքան միամիտ ենք, որ չգիտենք ՌԴ-ն իր շահերն է հետապնդում: Եթե մեր շահերն իր շահերի հետ համընկնեն, ինչ-որ բան կանեն, չեն համընկնի, չեն անի: Պետք չէ Ռուսաստանի քայլերն այդքան ուսումնասիրել, մտահոգվել դրանցով: ՌԴ-ն ժողովրդավարական երկիր չէ, նա կյանքում մեզ չի աջակցի այն մասշտաբով, որ սպասում ենք: Կան համընկնող շահեր. օրինակ՝ ահաբեկիչներից է վախենում, իսկ Արցախի հարցով չեմ կարծում, որ իրենք մեր կողմից են: Արցախյան պայքարի հետ կապված փորձը ցույց է տալիս, որ իրենք հետո կանգնում են փաստի առաջ և ընդունում: Եթե մենք հաղթանակի կհասնենք, ու չեմ կասկածում, որ կհասնենք, ՌԴ-ն դրա հետ հաշվի կնստի, և կտեսնեք, որ Լավրովն այլ կերպ կմեկնաբանի իր ասածը: Մեր հաղթանակը պետք է կերտենք մեր ուժերով:  1992-1994-ը հիշում եմ, հիշում եմ Շուշիին ինչ էին ասում նաև ՌԴ պաշտոնյաները, մեր պաշտոնյաները, հետո լավ էլ մարսեցին այդ ամենը, գնացին բանակցային գործընթացի: Ուզում եմ ասել՝ պետք է հավատալ մեր ուժերին և աշխատել բոլորի հետ և այդ թվում Ռուսաստանի, որ մեր նկատմամբ դրական լինի իր տրամադրվածությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031