Լրահոս
Օրվա լրահոսը

«Անջատում՝ հանուն փրկության», «Ինքնիշխանություն՝ հանուն փրկության», թե՞ «Ճանաչում՝ հանուն փրկության»

Հոկտեմբեր 22,2020 13:00

Շուգարյանի կանխատեսումները ճիշտ էին

Ապրիլյան քառօրյայից հետո քաղաքական-իրավական բառապաշարում սկսել էր հաճախ օգտագործվել մեկ հասկացություն՝ Remedial recognition, այն է` ճանաչում, ինքնիշխանություն, անջատում՝ հանուն փրկության: Այսօր էլ`սեպտեմբերյան պատերազմին զուգահեռ՝ դա շրջանառության մեջ է:

Դիվանագետ Ռուբեն Շուգարյանը «Թերթին» երկու տարի առաջ տված հարցազրույցում`«Նիկոլ Փաշինյանի` Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ոճը ճիշտ էր ընտրված», ասել էր. «Հիմա նախագահի ներգրավմամբ է այդ քաղաքականությունը վարվում: Նախ Սաֆարովի՝ հերոսի կոչում ստանալը, հետո Ալիեւի հայտարարությունը, որ եթե Ստեփանակերտը բացի օդանավակայան, ապա իրենք կսկսեն քաղաքացիական ավիացիային հարվածել… Արդեն Ապրիլյան պատերազմից հետո այլ բովանդակություն է ստանում բանակցային գործընթացը: Մենք կարող ենք սկսել հավաքել, փաստաթղթեր ներկայացնել միջազգային նոր նորմի մասին: Այդ նորմը մենք անվանում ենք Remedial secession` անջատում հանուն փրկության կամ ճանաչում հանուն փրկության»:

Ըստ նրա՝ «168 ժամ»-ին չորս տարի առաջ նոյեմբերին տված հարցազրույցի՝ հայկական կողմը պետք է ակտիվ լինի միջազգային ատյաններում, որոշ շեշտադրումներ պետք է փոխի, միջազգային ատյաններում համապատասխանաբար պետք է բարձրացնել հետեւյալ գաղափարները՝ «Ճանաչում՝ հանուն փրկության», «Ինքնիշխանություն՝ հանուն փրկության» եւ «Ադրբեջանի կազմից դուրս՝ հանուն փրկության»։ «Ներկայումս, կարծում եմ, որ մենք, շարունակելով պնդել, որ սա կրոնական հակամարտություն չէ, պետք է նաեւ փորձենք զուգահեռներ անցկացնել այսօրվա ահաբեկչական խմբավորումների՝ ԻՊ-ի եւ Ադրբեջանի գործողությունների միջեւ»,- ասել է դեսպան Շուգարյանը։

Շուգարյանի առաջարկները եւ կանխատեսումները գրեթե բառ առ բառ իրականանում է նաեւ այսօր:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը, պատասխանելով հարցի, թե՝ ինչ ակնկալիք ունենք Շվեյցարիայից:

Վարչապետն ասել էր. «Վերջերս շվեյցարական Ժնեւ քաղաքի քաղաքային խորհուրդը շատ խորհրդարանական մի բանաձեւ ընդունեց, որտեղ արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն այդ գաղափարով, դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որեւէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատեւել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից եւ Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ եւ ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաեւ սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան եւ Ադրբեջանը Թուրքիայի եւ ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, այսինքն՝ հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետեւ հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության»:

«Անջատում՝ հանուն փրկության» գաղափարը՝ remedial secession, նույն ինքնորոշման իրականացման ամենածայրաստիճան ձեւ-եղանակն է»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում նախորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսում էլ ասել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ըստ նրա. «Անջատում վաղուց արդեն տեղի է ունեցել, ընդ որում՝ դա տեղի է ունեցել Խորհրդային Միությունից: Փաստ, որ երբեք ԼՂ-ը, Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Սա կարեւոր արձանագրում է: Սակայն հիմնական իմաստն այն է այս անջատում հանուն փրկության սկզբունքի, որ նախեւառաջ այս պահի դրությամբ մենք ունենք ռեալ վտանգ, որ ակնհայտ դրսեւորվում է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի միջոցով, որի նպատակն է ակնհայտորեն օկուպացնել ու գրավել Արցախը, եթե ոչ ավելին:

Նույն սկզբունքը միջազգային իրավունքով կանխում է այդ ճանապարհով գնալու ճանապարհը, որովհետեւ դրանով ուղարկվում է հստակ ուղերձ, որ հետդարձի ճանապարհ չկա: Չի կարելի պատկերացնել ինքնորոշման իրականացման այլ ձեւ, քան անջատում հանուն փրկության սկզբունքը, եւ այդ իրավունքի փաստումն այս փուլում կարեւոր է, որ շեշտվի հետդարձի կամ հնարավոր հիպոթետիկ միավորման գաղափարի անթույլատրելիությունը եւ անտրամաբանականությունը: Եթե դա լինի հանկարծ, դա հանգեցնելու է միջազգային իրավունքի հիմնաքարային սկզբունքի խախտման: Չի կարելի միավորել մի միավոր ռասիստական ռեժիմի հետ, տարիներ շարունակ ռասիստական ռեժիմի վերածված, ռասիստական նպատակներ իրականացնող մի միավորի հետ: Դա կարեւոր արձանագրում է»:

Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ դա միջազգային հանրության համար ընդունելի գաղափար է եւ բերել էր Կոսովոյի օրինակը. «Կոսովոյի անկախացման գործընթացի հիմքում հենց դրված էր անջատում հանուն փրկության գաղափարը, ինչը ճանաչվել էր շատուշատ պետությունների կողմից:

ArmDaily.am-ի դիտարկումներին, որ եթե գնում ենք «Անջատում՝ հանուն փրկության» ճանապարհով, ապա ստացվում է, որ ընդունում եք տեսակետը, որ Արցախը Ադրբեջանի մաս է, մինչդեռ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասել էր, թե դրա համար է Շուգարյանն առաջարկել «Ճանաչում՝ հանուն փրկության» ձեւակերպումը, ոչ թե «Անջատում՝ հանուն փրկության»-ը. «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի ուժեղ կողմը իրականությունն է, փաստերն ու իրողությունը, ինչպես նաեւ այն դատական ակտերն են, որ ընդունվել են մինչ այժմ ՄԻԵԴ-ի կողմից, ըստ որոնց՝ Ադրբեջանը թշնամական պետություն է հայերի նկատմամբ։ Այս ամենը ցույց է տալիս, որ կա անխուսափելի եւ իրական վտանգ հայերի համար, զուտ այն հիմքով, որ նրանք հայ են։ Սա փաստակազմ է, որն այս սկզբունքի ուժեղ կողմն է»։

Հիշեցնեմ, որ 2016թ. նոյեմբերի 7-ին նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանն «Արմինֆո»-ին տված հարցազրույցում ներկայացրել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական քաղաքականության իր տարբերակը:

Քաղաքական բառապաշարում սկսել էր հաճախ օգտագործվել եւս մեկ հասկացություն՝ Remedial recognition, այն է` ճանաչում, ինքնիշխանություն, անջատում՝ հանուն փրկության: Շուգարյանը Ապրիլյան քառօրյայից հետո բարձրացնում էր արցախցիների ֆիզիկական գոյատեւման եւ փրկության հարցն այս դիտանկյունից, ինչպես այսօր:

Ինչ վերաբերում էր Կոսովոյի հետ համեմատելուն, ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանն ասել էր. «Ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ պաշտպանվող արցախցիների հաղթանակն էլ պարադոքսալ իրավիճակի հանգեցրեց, որը մինչ օրս պահպանվում է ստատուս-քվոյի պահպանմամբ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031