Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ Արկադյան, որի մի մասը չկա, հիվանդանոցից փախել է, նորից ուզում է առաջնագիծ գնալ». Աստվածատուր Պետրոսյան

Հոկտեմբեր 23,2020 15:56

«Ոչ մի հումանիտար հրադադար, ոչ մի եվրոպական, ամերիկյան, կամ համաշխարհային տիեզերական սպառնալիքներ եւ ընդունած բանաձեւեր չեն գործում: Գործում են միայն Էրդողան-ահաբեկիչ եւ Էրդողան-բանդա՝ Հորդանանից մինչեւ Պակիստան, ինչպես նաեւ, որքան էլ զազրելի է, իսրայելական մասնակցությամբ դաշնակիցներ, որոնց մասին կյանքում չէինք մտածի… Այն ժողովրդին, որ ժամանակին՝ թե՛ Հայրենական պատերազմի եւ թե՛ կոտորածների ժամանակ փրկել եւ պահել են մեր հայրերը, ինչպես Դրոն մի մասին ուրիշ անձնագրերով տարավ Ամերիկա եւ փրկեց գերմանացիների ձեռքից, այսօր կարող են ձեռք բարձրացնել եւ ասել, թե իրենց հողն է, իրենք պիտի վերցնեն՝ չիմանալով, թե իրենց հողը որն է»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով արդեն մոտ մեկ ամիս ձգվող պատերազմի մասին, ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի ղեկավար, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Բանախոսի համոզմամբ, սակայն, թե ուկրաինացի ժողովուրդը, թե հրեա ժողովուրդը ոչ մի կապ չունեն իրենց «ղեկավարների ճամարտակությունների, բիզնեսների եւ ծնկաչոք ման գալու կարողությունների հետ»: Ասում է՝ այսօր, շատ դեպքերում, ասում են՝ եթե հրեական կապիտալը հանենք պատերազմներից, ոչ մի պատերազմ չի լինի: Բայց, իր համոզմամբ, ժողովուրդը, պարտադրված է մասնակցում գործողություններին, որոնք սկսվում են նաեւ ռազմաարդյունաբերական ձեռնարկություններում աշխատելուց:

«Թե Ղարաբաղում, թե Հայաստանում, չկա առաջնագիծ ու հետնագիծ հասկացողություն»,- ասում է 1992-ից ցայսօր հող հայրենիի պաշտպանությանը կանգնած «Արծիվ մահապարտների միության» ղեկավարը: Այս պատերազմում, միությունն ունի հինգ զոհ, երեք անհայտ կորած, 30-ից ավելի վիրավորներ: Բայց նաեւ շատ կենդանի ուժ են դուրս բերել բոլոր այն ուղղություններից, որտեղ մասնակցել են ռազմական գործողություններին:

Հայրենի ռազմական սահմաններից նոր վերադարձած Աստվածատուր Պետրոսյանն ասում է՝ առաջնագծից թիկունքին սեր եւ ջերմություն են բերել ու ամուր մնալու պատգամ. «Նույնիսկ Արկադյան, որի մի մասը չկա, 20 տոկոս է տեսողությունը, հիվանդանոցից փախել է, նորից ուզում է առաջնագիծ գնալ: Իր տղան է առաջնագծում կռվում: Մեր տղաներից շատերի որդիները, թոռները՝ 18-19 տարեկան տղաները առաջին գծում են»:

Արդեն չկա մի ընտանիք, որ կորուստ չունեցավ՝ թե ֆիզիկական, թե հոգեբանական, ու նաեւ սա է պատճառը, որ այս անգամ, ըստ գեներալ-մայորի, մեր կռիվը պետք է մինչեւ վերջ տանք: Այս պատերազմում Աստվածատուր Պետրոսյանի ընտանիքը արդեն երեք զինվոր եւ երկու հրամանատար է կորցրել: Նրանցից մեկն էլ ազգային հերոսի կոչման արժանացած Վահագն Ասատրյանն է: Հրամանատարը գեներալ-մայորի քրոջ որդին է:

«Արծիվ մահապարտների միության» անդամների մի մասը  մասնակցել են Հյուսիսարեւելյան հատվածի մարտերին, մյուս մասը՝ հարավարեւելյան մասում՝ Հադրութից-Ջաբրաիլ: Այդ հատվածում հատուկ նշանակության երկու գումարտակ կա, երրորդն էլ կմեկնի:

Կին ազատամարտիկների միության նախագահ, բժշկուհի Աիդա Սերոբյանը նոր է վերադարձել առաջնագծից, վաղն առավոտյան էլի գնալու է: Ասում է՝ տղաների տրամադրությունը բարձր է, մարտական ոգին՝ նույնպես, հաղթելու տրամադրություններ են, թիկունքին հորդորում են՝ խուճապի չմատնվել:

«Այսօր վճռվում է որ թե Արցախի, այլ հայի լինել-չլինելու հարցը: Ով ի վիճակի է զենք վերցնել՝ անկախ տարիքից եւ սեռից, յուրաքանչյուրը պարտավոր է զենք վերցնել եւ պահել իր հայրենիքը: Մենք այդքան երիտասարդ արյուն ենք հեղել Արցախում, հո չե՞նք կարող թողնել, որ այդ երեխաների նահատակվելն իզուր անցնի, չէ՞ որ նրանք զոհվեցին հանուն այդ տարածքների ազատագրման: Մենք ինչպե՞ս ենք Եռաբլուր գնալու, ի՞նչ պատասխան ենք տալու»,- ասում է կին ազատամարտիկն ու հավելում՝ քանի որ Ալիեւը չի գալիս բանակցությունների, այս հարցը պետք է միայն ուժի միջոցով լուծել. «Իսկ հայը երբ որ համախմբվում է՝ անգամ Սիրիայից բերված բաշիբոզուկներն են զենքը գցում ու փախնում»:

Ռազմաճակատից օրերս վերադարձած, բայց կրկին մեկնելու պատրաստ պահեստազորի սպա Վարուժան Մինասյանը ոչ մի կերպ չի մոռանա ռազմաճակատ մեկնելիս իրենց միացած 28 ամյա սուրենավանցի Մանուկյան Նարեկին ու նրա անձնազոհությունը: Նա եւ վաշտի հրամանատարը գիտակցված գնացել են ինքնազոհության: Զինակից ընկերները չեն կարողացել վերջիններիս դիակները դուրս բերել մարտի դաշտից: Բայց խոստանում են: «Մենք այս պայքարը տանելու ենք մինչեւ վերջ, մենք չենք վհատվել: Ու թող այդ ագրեսորները իմանան՝ երգի մեջ լավ ա ասում՝ մենք չեն դառնա խաղալիք, էնպես պիտ ջարդենք, որ հիշեն հոր հարսանիք: Միեւնույն է՝ հաղթելու ենք»,- ասում է Վարուժան Մինասյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031