Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, եւ դա նման իրավիճակում նորմալ է»

Հոկտեմբեր 30,2020 00:34

«Ինչպես եւ բազմիցս հայտնել ենք, մեր հերոսական պայքարում մեր քաջ զինվորներից շատերը շարունակում են իրենց համառ եւ ծանր պայքարը»,-ճեպազրույցում նշեց  ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանին, որը  կամավոր մեկնել է ռազմաճակատ, երկար ժամանակ մասնակցել մարտական գործողություններին: Միքայելը նշեց, որ սեպտեմբերի 29-ին զինվորագրվել է, մասնակցել է Հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին:

Նրա խոսքով՝  1915-ին հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության, որովհետեւ չունեինք պետություն ու բանակ, սակայն այսօր ունենք պետություն, բանակ եւ մարտական ոգի, հզոր սփյուռք եւ կարողանում ենք դիմակայել թշնամուն: Նա կոչ արչեց կամավորագրվել եւ մեկնել առաջնագիծ՝ ասելով. «Կա՛մ մենք, կա՛մ նրանք»:

«Մարտական գործողությունների ինտենսիվությունը մի փոքր նվազել է, բայց խնդիրը չի փոխվել, թշնամին, միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ, Թուրքիայի լիարժեք աջակցությամբ շարունակում է պատերազմը»,-ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան՝ իր քաղաքացիներին ուղղված հայտարարությանը, որտեղ կոչ է  արվում խուսափել Հայաստանի մի շարք մարզեր այցելելուց,  Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Կարող եմ ենթադրել, որ իր սեփական քաղաքացիների անվտանգությունից ելնելով է արել, ինչպես նախորդիվ հայտարարվում էր որոշ երկրներում ահաբեկչական վտանգի մասին»:

Արցախի նախագահի այն հայտարարությանն էլ անդրադարձ եղավ, որ ադրբեջանական ուժերը Շուշիից 5կմ հեռավորության վրա են գտնվում: «Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, եւ դա նման իրավիճակում նորմալ է»: ՊՆ ներկայացուցչի ձեւակերպմամբ, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պաշտպանության նախարարությունը կարող են ամեն օր էլ մարտակոչեր հնչեցնել, որովհետեւ պատերազմը շարունակվում է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031