Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Անկարան չէ, որ արգելակում է խաղաղապահների զուտ ռուսական բաղադրությունը. Շահան Գանտահարյան

Նոյեմբեր 02,2020 18:10

Խաղաղապահական հանգույցը

Հոկտեմբերի 30-ին Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Մինչեւ այդ՝ նախագահ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում բարձրաձայնել էր ինչ-որ ծրագրի մասին՝ արցախյան հակարմարտությունը հեշտությամբ լուծելու առումով։ Թրամփի հայտարարությանը նախորդել էր պետքարտուղար Պոմպեոյի հորդորը հայերին պաշտպանողական մարտեր մղելու։

Ամերիկյան խառը ուղերձներ, որոնցից դժվար է ճշգրիտ հետեւություններ անել։ Ոչ շատ հեռու պատմական տվյալները նկատի ունենալով՝ ամերիկյան երկու նախաձեռնություն-ծրագիր այս օրերին հղումներ են հրավիրում։ Երկուսն էլ ընդհանուր գծերում համընկնում են։ «Տարածքների փոխանակման» տեսության մասին է խոսքը, որը թե՛ Քի Վեսթում եւ թե՛ Գոբլի ծրագրի շրջանակներում հրապարակայնացվեց։ Հիմա ակնարկված ծրագիրը պարզ չէ, թե ինչ սկզբունքների հիման վրա կարող է կառուցված լինել։

Ռազմական առումով գետնի վրա գրանցված ինտենսիվ եւ առաջնային նշանակություն ունեցող տարածքը Արցախի հարավն է։ Դա մի կողմից համընկնում է տարածքների փոխանակման ծրագրի փիլիսոփայությանը, որն ի վերջո Թուրքիան Նախիջեւանի եւ Մեղրու վրա ցամաքայնորեն կապում է Ադրբեջանին․ մյուս կողմից արդիական հնչեղությամբ փոխում է Իրանի հետ սահմանի ռազմական կարգավիճակը։ Իսկ Իրանի սահմանային իրավիճակի փոփոխությամբ առաջին հերթին շահագրգիռ է ԱՄՆ-ը։ Այստեղ ակներեւ է թուրքական եւ ամերիկյան շահագրգռությունների  համատեղումը։

Խաղաղապահ զորքերի տեղակայման առաջադրանքը հետզհետե ստանում է հրատապ հնչեղություն։ Մոսկվան պարզ դարձրեց, թե իր կողմից խաղաղապահ զորքեր, թեկուզ առաջին հերթին դիտորդական առաքելությամբ, կտեղակայվեն, եթե հակամարտող կողմերը համաձայն լինեն եւ դիմեն։ Անկարայի հակազդեցությունը չուշացավ․ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կարգավորման հարցում ունի այն բոլոր իրավունքները, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի։ Անկարայի առաջադրանքը ոչ միայն բանակցության մասնակցելն է, այլ նաեւ զորքեր ուղարկելը, ռուսական զորքերի տեղակայման դեպքում։

Ամերիկացի պաշտոնատարի առաջարկը՝ սկանդինավյան ուժեր տեղակայելու, ըստ էության վետո էր ռուսական զորքերի տեղակայման ծրագրին։

Հրադադարից առաջ ստացվում է այն, որ ՌԴ-ն պատրաստակամություն հայտնում է խաղաղապահ առաքելություն իրականացնելու, եթե հակամարտող կողմերը համաձայն լինեն, Թուրքիան անմիջապես ասում է, եթե ռուսական զորքերը տեղակայվեն իրենց ուժերը եւս այնտեղ պիտի լինեն։ Թեհրանը գործող ձեւաչափին առընթեր տարածաշրջանային ուժերից բաղկացած խումբ է առաջարկում՝ 2+3  ձեւաչափով (Հայաստան, Ադրբեջան +ՌԴ, Թուրքիա, Իրան) գուցե խաղաղապահների առումով՝ 3 ուժերի համակարգումով, իսկ ԱՄՆ-ը ինքն իրեն նաեւ բացառելով առաջարկում է այս բոլոր ուժերից բացի սկանդինավյան երկրներից առաջացնել խաղաղապահ ստորաբաժանումներ։

Հայկական կողմը, թե Արցախի նախագահի եւ թե՛ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների ճանապարհով եւ նույնիսկ ուղղակի, հայտնել է իր համաձայնությունը ՌԴ-ի կողմից խաղաղապահ զորքերի տեղակայմանը։ Բաքվի լռությունը այս առումով անհամաձայնություն է։ Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից այս մասին եղած բարձրաձայնումները նկատի ունենալով միայն Անկարան չէ, որ արգելակում է խաղաղապահների զուտ ռուսական բաղադրությանը։

Խաղաղության հաստատումը արգելակվում է խաղաղապահների շուրջ անհամաձայնությամբ։ Ըստ էության, անկախ կարգավիճակից, տարածքների պատկանելիության խնդիրներից, ցեղային զտումների վտանգից եւ նույնիսկ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքների սկզբունքներից, բուն խնդիրը ազդեցության գոտիների պահպանման, չեզոքացման եւ փոխհակակշռման գործողություններով է պայմանավորված։ Խաղաղապահների բաղադրության շուրջ միջազգային համաձայնությամբ է պայմանավորվում բովանդակային բանակցությունների վերսկսումը։

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30