Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մտքերիս աշխարհում» գիրքը կունենա շարունակություն պատերազմին մասնակից մեր արվեստագետների ներկայությամբ

Նոյեմբեր 07,2020 12:00

«Առավոտի» հյուրը դաշնակահարուհի, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, մշակութաբան Թամար Հովհաննիսյանն է։

Մի առիթով անվանի գրող Լեւոն Անանյանը հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Թամար Հովհաննիսյանն իր մեջ խտացնում է մեր ստեղծագործ մտավորականության այն տեսակը (ավաղ, արդեն նոսրացող), որն առանց ավելորդ աղմուկի, առանց պարտադրող ինքնագովազդի իրականացնում է ի վերուստ սահմանված իր կոչումն ու առաքելությունը։ Առավել եւս, երբ այդ առաքելության արդյունքն անմնացորդ նվիրումն է ազգային մշակույթին, անցյալի եւ ներկայի մեր արժեքների քարոզչությանը»։

Մեր զրուցակիցը հեղինակ է 15 գրքի։ Մշակույթի տարբեր ոլորտներին առնչվող նրա բազմաթիվ հոդվածները, նաեւ բանաստեղծություններն ու արձակը տպագրվել են նաեւ Արցախում, Վրաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում։

Նրա թարգմանած մի շարք թատերգություններ բեմադրվել են Երեւանի դրամատիկական թատրոնում եւ Լոս Անջելեսի հայկական թատերախմբի կողմից։

Արվեստագետի հետ մեր հանդիպումը երկու առիթ ուներ. համավարակի շրջանում Հայաստանում տպագրվեց նրա «Դուք մտքերիս աշխարհում» գիրքը, որի երեք բաժիններում՝ երաժշտություն, թատրոն, կերպարվեստ, ներկայացված է հեղինակի Հայաստանում եւ Սփյուռքում տպագրված հոդվածների ընտրանին, մյուս պատճառը՝ մտավորականը ընտանեկան պայմաններից ելնելով տարվա ընթացքում մի քանի ամիս ապրում եւ ստեղծագործում է Լիբանանում եւ մեզ հետաքրքրում էր լիբանանահայերի արձագանքը այս պատերազմին, թեպետ հենց սկզբից մենք զգացել ենք Սփյուռքի հզոր ուժը։ «Լիբանանի կամ լիբանանահայության հետ իմ կապը սկսվել է դեռեւս 1992 թվականից, Բեյրութի «Ազդակ» օրաթերթում տպագրված իմ առաջին հոդվածներից եւ շարունակվում է մինչ օրս։ Իսկ 2004-ից պարբերաբար գտնվելով այնտեղ, ինձ համար հայտնաբերեցի Այնճար հայկական գյուղաքաղաքը, որն, ի դեպ, բուռն մշակութային կյանքով է ապրում։ Հետաքրքիր է այս գյուղաքաղաքի պատմությունը, որը քչերին է հայտնի. 1915թ. եղեռնից հետո Ֆրանսիայի կառավարությունը գնել է այդ մեծ տարածքը եւ նվիրել ներգաղթած հայերին։ Այսօր այնտեղ գործում է հայկական երեք եկեղեցի (լուսավորչական, բողոքական, կաթոլիկ), երեք դպրոց, այդ թվում՝ գիշերօթիկ, մանկապարտեզներ, մշակութային ակումբներ, համերգասրահներ եւ այլն։ Անցյալ տարի բացվեց մշտական գործող պատկերասրահ։ Կարեւոր մի հանգամանք. Լիբանան այցելող զբոսաշրջիկների ծրագրում միշտ առկա է այցելությունը Այնճար եւ նրանք հիանում են հայերի կառուցած մշակութային կոթողներով, տարբեր շինություններով, այցելում են համերգների, որոնց հաճախ համերգային եւ գրական ելույթներով իմ մասնակցությունն եմ ունենում»,- ասաց արվեստագետը։

Հետո էլ սահուն անցում կատարեց պատերազմական մեր օրերին. «Ամենօրյա կապի մեջ եմ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի, բանաստեղծ, «Ահրամճեան» մշակութային կենտրոնի տնօրեն Համբիկ Մարտիրոսյանի եւ այլ մտավորականների հետ, որոնք, այս օրերին պատերազմը դադարեցնելու կոչերով ու նման պահանջներով մասնակցում են ցույցերի, կազմակերպում Արցախին սատարող տարբեր միջոցառումներ։ Մեր հայրենակիցները մի աչքը մամուլին, մյուսը՝ TV-ներին, ականջն էլ ձայնասփյուռին, րոպե-րոպե սպասում են գոտեպնդող, հուսադրող լուրերի, համոզված, որ հաղթանակը մոտ է»։

Հարցին՝ մշակութաբանը չի՞ պատրաստվում «Դուք մտքերիս աշխարհում» գրքի շարունակությունը կամ գուցե երկրորդ հատորը նվիրել ռազմաճակատում գտնվող մեր արվեստագետ տղաներին, Թամար Հովհաննիսյանի պատասխանը հակիրճ էր. «Դուք կարդացիք իմ միտքը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30