Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկի օգնության կարիք ունեցող զինվորի մոտ դու չպիտի նահանջես․առաջնագծից վերադարձած բժիշկ

Նոյեմբեր 13,2020 10:19

«Դժվարանում եմ որեւէ բան ասել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության մասին, քանի որ նախ քաղաքագետ չեմ, ու հետո, դեռեւս առաջնագծում լինելը ոչ մեկին թույլ չի տալիս իրեն վերլուծաբան-գիտակի տեղ դնել»,–ասում է սահմանից վերադարձած ատամնաբույժ Շիրին Մեհրաբյանը։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին որպես բժիշկ-կամավոր մեկնեց Արցախ։ «Ասացի՝ առաջնագիծ գնամ, այնտեղ տղերքին որ պետք լինի՝ առաջին բուժօգնությունը ցույց տամ։ Բայց ի՝նչ բժիշկ, ի՜նչ ատամնաբույժ․․․․Անգամ բժշկական պարագաներով պայուսակդ ես մոռանում, երբ արկը գալիս է դեպի քեզ։ Բժշկից դառնում ես զինվոր ու ձեռդ վերցնում զենքը»,–ասում է Շիրին Մեհրաբյանը։

Խոստովանում է՝ հեշտ չի եղել, վախ էլ կար, զոհվելու վտանգն էլ բոլորին ուղեկցում էր։ «Այդ պահին կոնկրետ ես մտածեցի աղջկաս, քրոջս երեխաների, մորս ու կնոջս մասին։ Ավելի ես գոտեպնդվում՝ մտածում ես՝ զոհվես, մենակ հարազատներդ խաղաղ ու անվտանգ ապրեն»,–ասում է Շիրինը։

Վիրավորվել է առաջնագծում, արկը ընկավ իրենց դիրքի վրա; Հիշում է՝ դիրքում գտնվողները այդ պահին գոռացին՝ բժիշկ։ «Ասի՝ տղերք եկա, համբերեք, բայց պարզվեց՝ իրենք ինձ համար էին անհանգստանում՝ մտածում էին կենդանի չեմ»,–հիմա արդեն թեթեւ ժպիտով հիշում է Շիրինը։

Փորձեց շարժվել դեպի իր մարտական ընկերների կողմ՝ չկարողացավ։ «Ցավից մռնչացի, ու զգացի՝ թեւս չի աշխատում, ուսից դուրս էր եկել։ Բժշկի օգնության կարիք ունեցող զինվորի մոտ դու չպիտի նահանջես։ Չգիտեմ, գերբնական ինչ ուժով, մի շարժումով տեղը գցեցի թեւս ու էդպես արյունլվիկ օգնեցի կարիք ունեցողներին»,–պատմում է Շիրինը։

Առաջնագծում չի լուսանկարվել, նախ հեռախոսը արկի պայթյունից դարձավ մետաղի ջարդոն, ու հետո չի կարծում, որ լուսանկարվելու տեղ էր։ «Հերթափոխի գալուց՝ Սիսիանում տղերքի հետ մի հատ նկարվեցի։ Դա էլ հերիք է՝ թոռնիկներս որ ցույց տամ ու պատմեմ մեր հերոսական այս էջի մասին»,-էլի ժպտալով ասում է Շիրին Մեհրաբյանը։

Չնայած այստեղ գործեր ունի, բուժառուները նրան են սպասում, բայց անհրաժեշտության դեպքում՝ նորից առանց հապաղելու սահման կգնա։ «Իմ բուժառուները ինձ կներեն, թող գեղեցիկ ժպիտ մի քանի ամիս հետո ունենան, բայց որ կարիքս զգացվի՝ էլի կգնամ, զինվորին վիրակապ անելը ավելի կարեւոր է»,-վերջում ասաց մեր զրուցակից ատամնաբույժը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30