Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կլուծվի ապագայում. Պուտին

Նոյեմբեր 17,2020 22:25

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծված չէ: Մենք պայմանավորվել ենք, որ ստատուս քվոն այսօր պահպանվում է, բայց թե ինչ կլինի հետո, պետք է որոշվի ապագայում: Այս մասին «Ռոսիա 24»-ի ուղիղ եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն բնականոն կյանքի, հարաբերությունների վերականգման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև, մարդկանց միջև կենցաղային մակարդակով՝ հատկապես հակամարտության գոտում, ապա դրանք պայմաններ կստեղծեն Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճանաչմանը կամ չճանաչմանը որպես անկախ պետություն, այստեղ կարելի է տարբեր կերպ գնահատել… Քանի որ Ղարաբաղի չճանաչման փաստն ինքնին, այդ թվում Հայաստանի կողմից, զգալիորեն հետք է թողել իրադարձությունների ընթացքի և դրա ընկալման վրա»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ժամանակին, երբ Վրաստանը հարված հասցրեց Հարավային Օսիայում ռուս խաղաղապահներին, իրենք ճանաչեցին Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Իսկ հետո, նրա խոսքով, ընդառաջ են գնացել Ղրիմում ապրողների՝ Ռուսաստանին միանալու ցանկությանը: «Ղարաբաղի դեպքում դա չի արվել, և դա զգալիորեն ազդել է այնտեղ ծավալված իրադարձությունների վրա»,- ասել է նա:

Պուտինը նաև նշել է, որ այս փուլում կարևոր ձեռքբերում էր արյունահեղության դադարեցումը:

«Ավելի քան 4000 մարդ զոհվել է, միայն պաշտոնական տվյալներով. իրականում կարծում եմ, ավելի շատ: Տասնյակ հազարավորները հաշմանդամ են դարձել: Լսեք, սա ֆիլմ չէ, սա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում՝ կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների հետ: Ուստի արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է»,- ասել է նա:

Ռուսաստանի նախագահը նաև կարևորել է տրանսպորտային միջոցների ապաշրջափակման, տնտեսական կապերի վերականգման հանգամանքը՝ նշելով, որ դա լավ հիմք է երկարաժամկետ հեռանկարում հարաբերությունների կարգավորման համար :

Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ղարաբաղյան հարցը սկսվել է հեռավոր 1988թ, երբ սկսվեցին «էթնիկ հողի վրա բախումներ» Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի ժամանակ տուժեց քաղաքացիական հայ բնակչություն: Հետո իրադարձությունները տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ, և այն ժամանակվա ԽՍՀՄ ղեկավարությունը պատշաճ կարգով չարձագանքեց այդ իրադարձություններին:

«Կրկնում եմ, դրանք նուրբ բաներ են, և չեմ ցանկանում որևէ մեկին պաշտպանել՝ ով է ճիշտ, ով է մեղավոր, հիմա հնարավոր էլ չէ դա ասել: Բայց պետք էր մարդկանց՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանել: Դա չարվեց, և հայերն այդ ժամանակ զենք վերցրին, և սկսվեց այս ձգձգվող բազմամյա հակամարտությունը»,- ասել է Պուտինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30