Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հանրային մուլտիպլեքսում առանց մրցույթի սլոթեր կտրամադրվեն ռուսաստանյան երեք հեռուստաալիքների

Դեկտեմբեր 04,2020 00:21

«Առավոտին» հայտնի դարձավ, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքվելու է զանգվածային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, որի նախագիծն արդեն պատրաստ է: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի հանրային մուլտիպլեքսում առանց մրցույթի սլոթերի տրամադրում ռուսաստանյան երեք հեռուստաալիքների՝ «Россия», «Культура», «1-й канал», որոնց լիցենզիայի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թ. հունվարին եւ որոնք այլեւս չէին կարող մասնակցել մրցույթներին:

Հիշեցնենք, որ համաձայն ս.թ. օգոստոսից գործող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ օտարերկրյա հեռարձակողները այլեւս զրկված են լինելու մրցույթներին մասնակցելու իրավունքից եւ կարող են սփռել իրենց ծրագրերը հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական, միջկառավարական կամ միջազգային համաձայնագրերով: Օրենքի հեղինակները այս արգելքը հիմնավորում էին մի շարք հանգամանքներով, որոնցից մեկը մուլտիպլեքսի սլոթերի սահմանափակ քանակն էր: Եվ օտարերկրյա հեռուստաընկերություններին լիցենզիաների տրամադրումը կարող է զրկել մի շարք հայկական հեռուստաալիքներին հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու հնարավորությունից:

Ուստի, կարելի է ենթադրել, որ համաձայնագիրը կնքվում է ռուսական կողմի պահանջով. արդյունքում Հայաստանի հանրային թվային մեդիատարածքում կշարունակեն գործել ռուսաստանյան երեք հեռուստաալիքները: Հետեւաբար, հայկական հեռուստաալիքների համար նախատեսված եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից հայտարարված սլոթերի քանակը կպակասի երեքով:

Համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կնքվելու է մինչեւ դեկտեմբերի վերջ, քանի որ հաջորդ տարվա հունվարին Հանձնաժողովը ամփոփելու է մրցույթի արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031