Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայաստանի ապագայի հարցում, կարծում եմ, պետք է համաձայնության գան ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը»

Դեկտեմբեր 21,2020 13:30

«Քաղաքական նոր օրակարգ ձեւավորելու փոխարեն Ստեփանակերտում հիմա միակ դիսկուրսն այն է, թե Ռուսաստանի համար ով է ավելի ընդունելի: Ես նման անկում, դեգրադացիա չէի պատկերացնում»,-«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին: Ի դեպ, հրապարակված ուղերձի նախնական տարբերակում գրված է. «Միեւնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետեւանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»: Ավելի ուշ, տեքստը խմբագրվեց. «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու եւ դուրս եմ գալու քաղաքականությունից»: Ի՞նչ է կատարվում Ձեր կարծիքով Արցախում:

– Մի առիթով ասել եմ, կրկնեմ. մեր ամենալուրջ բացթողումը, որ վերածվեց ճակատագրական սխալի, Արցախի ռոմանտիկ ֆենոմենալացումն էր: Երբ ասում էին՝ Արցախում չկա ներքաղաքական պայքար, ամեն ինչ մաքրամաքուր է, այնտեղ բյուրեղյա ազնվության մարդիկ են, բոլորը՝ պատերազմ անցած, ծեր ու մանուկ՝ հերոսներ: Իրական Արցախում 88-ի հենց առաջին փուլից նողկալի բաներ են կատարվել: Այսօրվա իրավիճակը բացառություն չէ: Տասներեք տարվա բացարձակ անգործության հետեւանքների պատասխանատվությունը բարդել միայն նախագահի վրա՝ սա զուտ ղարաբաղցիություն է: Քաղաքական նոր օրակարգ ձեւավորելու փոխարեն Ստեփանակերտում հիմա միակ դիսկուրսն այն է, թե Ռուսաստանի համար ով է ավելի ընդունելի: Ես նման անկում, դեգրադացիա չէի պատկերացնում:

– Ի դեպ, իր վերջին ուղերձում Արայիկ Հարությունյանն, ըստ էության, ասաց, որ ինքը լիազորություններ չի ունեցել, բոլոր որոշումները կայացվել են Երեւանում՝ փորձելով կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդել Նիկոլ Փաշինյանի վրա: Վերջինս էլ իր թե՛ նախկին ուղերձ-ելույթներում, թե՛ «Ազատություն» ռադիոկայանին տված վերջին հարցազրույցում, փորձում է ներկայացնել, որ մեղավոր են բոլորը, բացի իրենից: ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էր հայտարարությամբ հանդես եկել, գեներալ Մովսես Հակոբյանը ուշագրավ հայտարարություններ արեց, հետո՝ Սամվել Բաբայանը խոսեց՝ էլի այլոց մեղադրելով: Ունենք նաեւ փաստ՝ պաշտոնանկ եղած Դավիթ Տոնոյանը՝ ըստ լուրերի, արտերկրում վայելում է հանգստությունը: Այս խառնաշփոթից ի՞նչ հետեւություններ եք արել:

– Հայաստանի միակ իշխանությունը, որ հարգել է Ստեփանակերտի սուբյեկտությունը, հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Հաջորդներն Արցախին նայել են ազատարարի-փրկչի իրենց աղայական բարձունքից: Արայիկ Հարությունյանն ընդամենը փաստն է արձանագրել: Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետին, ապա, եթե հիշողությունս չի դավաճանում, տավուշյան եռօրյա լարվածությունից հետո նա էր մարտակոչ հղել զինված ուժերին: Կարդացեք այդ կայծակնաշունչ տողերը: Ասել եմ, կրկնում եմ՝ երկրի, պետության ճակատագրի համար պատասխանատու գեներալիտետը կամ պետք է հրաժարական տար եւ «խելագար եֆրեյտոր» Փաշինյանին գոնե այդ ձեւով սթափեցներ, կամ մեկուսացներ նրան, հայտարարեր անգործունակ եւ իր վրա վերցներ պատվավոր զինադադարի պատասխանատվությունը: Ոչ մեկն է արվել, ոչ երկրորդը:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելեց տարածաշրջան. Ալիեւը ցինիզմով եւ հոխորտանքներով նրանց դիմավորեց, նրանք Ստեփանակերտ չեկան, Արայիկ Հարությունյանը եկավ Երեւան՝ համանախագահների հետ հանդիպման եւ Երեւանում հայտարարեց, որ չի հանդիպի, քանի որ կազմը ամբողջական չէ, թեեւ ի սկզբանե էլ հայտնի էր, որ ռուսաստանցի համանախագահն այցին չի մասնակցելու՝ վատառողջ լինելու պատճառով: Երեւանում համանախագահներին ընդունեցին, ինչպես ասում են, պատվեցին եւ սիրեցին: Ինչպե՞ս հասկանալ այս ամենը, հետագա ի՞նչ զարգացումների սպասել՝ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում, երբ թե Թուրքիայի դիրքերը բավական բարենպաստ են դարձել, թե ՌԴ-ի դերն է դոմինանտ դարձել:

– Համանախագահներն անելիք չունեն: Նրանց հանդիպելու իմաստը ո՞րն էր լինելու: Անելիք ունեն ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Եթե կարող են՝ թող բանակցություններ սկսեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով պարտադիր կատարման ենթակա նոր բանաձեւ ընդունելու հարցով: Բանաձեւ, որը կամրագրի ԼՂ էթնիկ ամբողջականությունը եւ ազատ ինքնորոշման իրավունքը: Այլ քննարկումներն անիմաստ եւ մեզ համար ոչ օգտակար են:

– Հայաստանի ներքաղաքական զարգացումներին ինչպե՞ս եք վերաբերվում. 17 կուսակցությունները հրապարակային եւ ցույցերով են պահանջում Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հրաժարականը, հանրության մի ստվար հատված, թեեւ 17-ի համակիրը չէ եւ չի մասնակցում ցույցերին, ամեն դեպքում կողմ է իշխանության հեռանալուն, իսկ իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը համառորեն չեն ուզում հեռանալ: Ուշագրավ է, որ բավական ուշացումով Հայաստանում եռօրյա սուգ հայտարարվեց, իշխանությունը նախատեսում է նաեւ երթ Եռաբլուր՝ հավանաբար այն սեփական ամրության եւ իշխանությունում մնալու գրավական կներկայացվի: Այս եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի՝ պատերազմի օրերին Մոսկվա չկայացած այցի ֆոնին, Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թեեւ պաշտոնապես ասվեց, որ մասնավոր այց է:

– Թե ինչու է երկրորդ նախագահը Մոսկվա մեկնում, հույս պահենք, որ ինքը կասի: Որ Փաշինյանը պետք է հեռանա, եւ Հայաստանը նոր տարին պիտի դիմավորի նոր վարչապետով՝ իմպերատիվ անհրաժեշտություն է: Ես 17-ին չեմ վստահում: Ցավում եմ, որ այնտեղ է նաեւ ՀՀԿ-ն, որն ունի ինտելեկտուալ եւ կազմակերպչական լուրջ ռեսուրսներ եւ պատասխանատու քաղաքական ուժ է: Հայաստանի ապագայի հարցում, կարծում եմ, պետք է համաձայնության գան ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Ես հույս էի պահում, որ իրավիճակից լուրջ հետեւություն կանի ՀՅԴ-ն, բայց, երեւում է, նա մնում է իր պատմական ձախողումների, իրենց իսկ ասած՝ «ծիրին մեջ»: Դա կորուստ է Հայաստանի համար:

– Այս իրողություններին զուգահեռ՝ իշխանական շրջանակները խոսում են Բաքվի եւ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, առեւտրատնտեսական կապերի զարգացման մասին: Այս համատեքստում ուշագրավ է, որ իշխանության գալով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը սահուն անուշադրության մատնեց Մեղրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գրեթե ավարտին հասցված ծրագիրը, փոխարենը հայտարարվեց Շիրակը ազատ տնտեսական գոտի դարձնելու մտադրությունների մասին: Սրա մասին ի՞նչ կասեք:

– Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դիվանագիտական շփումներն անհրաժեշտություն են: Այս պահի առաջնահերթությունն է՝ հասնել հայ-ադրբեջանական սահմանազատման, միջպետական սահմանի ապառազմականացման: Սահմանին պետք է տանկեր չկանգնեն: Ի վերջո, Թուրքիայի հետ էլ հարաբերությունները պետք է կարգավորվեն: Այստեղ երկու կարծիք չպետք է լինի: Ես երբեք ոգեւորված չեմ եղել Իրանի հետ ռազմավարական համագործակցության տեսլականով: Դա բարդ հարց է: Ուղղակի պետք է ընդունել, որ Իրանը փաստացի պարսկա-թուրքական պետություն է: Եվ ոչ մի արտառոց բան չկա, որ Շիրակի մարզը հայտարարվում է ազատ առեւտրի գոտի: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ վերընթաց են: Մենք չենք կարող հակաթուրքական դաշինքի գայթակղություններին տուրք տալ:

– Եվ թերեւս ամենացավոտ հարցերը՝ ռազմագերիների եւ անհայտ կորածների խնդիրներ, Արցախում նոր բնակավայրերի կորուստներ, ինչպես «Ազատությանը» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա: Հայաստանում GPS-ով գծվող սահմաններ, որոնք անհասկանալի եւ վտանգավոր իրավիճակ են ստեղծել՝ նաեւ բնակչության ֆիզիկական անվտանգության առումով: Ի՞նչ անակնկալներ են հնարավոր:

– Բանավոր պայմանավորվածություններն իրավական ուժ չունեն: Նոր բանակցողի խնդիրն է լինելու իրավիճակը բերել եռակող հայտարարությամբ ենթադրվող տեսքի, բայց առջեւում ծանր դիվանագիտական աշխատանք է սպասվում: Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ, զինադադարի համաձայնություն է: Հայկական դիվանագիտությունը պետք է խնդիր դնի հասնել Արցախի էթնիկ սահմանների վերականգնմանը: Եթե այս խնդիրը չլուծվի, ապա ԼՂ հարցը կփակվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031