Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչով է վտանգավոր կուռք ունենալը

Հունվար 14,2021 10:00

«Եթե անգամ դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի ձեզ ու կողմ էի քվեարկելու»: Այդպիսի մի բան էր ասել հեղափոխական պատգամավորներից մեկը՝ 2019 թվականի փետրվարին: Այսինքն՝ պատգամավորն իր առաջնորդին այնքան էր վստահում, որ նրա համար որեւէ նշանակություն չուներ, թե ինչ ծրագրեր է ներկայացնելու եւ իրականացնելու ապագա կառավարությունը: Եվ դա ոչ միայն տվյալ պահի եւ տվյալ պատգամավորի խնդիրն է:  Այդ մտածելակերպը գերիշխում է մեր հասարակական կյանքում արդեն 30 տարի, եւ այդպես են մտածում հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք ստեղծում են ինչ-որ մի կուռք, ինչ-որ սուպերհերոս, կամ, եթե նման հատկանիշներ ունեցող մարդու չեն տեսնում, ապա սպասում են նրա գալստյանը. երկու դեպքում էլ կարեւոր չէ, թե ինչ է սուպերհերոսը արել, ինչ է անում եւ ինչ պատրաստվում անել՝ կարեւոր է, որ նրան սիրում են, պաշտում են, վստահում են:

Մեր հասարակությունում այժմ նույն վիճակն է. մի մասը շարունակում է պաշտել Նիկոլին (ի հեճուկս նրա խայտառակ ձախողումների, բայց դե սերը, ինչպես գիտեք, կույր է), մի մասը մերժում է Նիկոլին, մի մասն էլ հարցնում է՝ «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ»: Նշանակություն չունի այս մասերի տոկոսային փոխհարաբերությունը, էականն այն է, որ այդ երեք մոդելներն էլ հիմնված են անձնական վերաբերմունքի վրա, իսկ այդ մոտեցումներով պետական ինստիտուտներ չեն ստեղծվում եւ չեն գործում: Մեր քաղաքացիների մեծ մասը ցանկանում է տեսնել մի հրաշագործի, որն իր բացառիկ պարկեշտության եւ տաղանդի շնորհիվ ապահովելու է նրանց երջանիկ եւ բարեկեցիկ կյանքը:

Ինչո՞վ է այդ մոտեցումը վտանգավոր: Երբ ես կուռք եմ ստեղծում, ես դադարում եմ ինքնուրույն մտածելուց եւ կյանքի երեւույթները գնահատելուց, ես գցում եմ իմ ուսերից այդ պատասխանատվությունը: Ի՞նչ կարիք կա այս կամ այն երեւույթի կամ իրադարձության վերաբերյալ սեփական կարծիքը կազմելու, եթե կա առաջնորդ, որին ես վստահում եմ. նա կասի, թե ինչ է պետք մտածել կամ ինչ է պետք անել: Ինչպես իմ կուռքը կասի, այդպես էլ կվարվեմ, որովհետեւ նա միշտ ճիշտ է: Իսկ եթե նման կուռք չկա, իմ մտածելու միակ առարկան պիտի լինի այդ սուպերհերոսի փնտրտուքը: Ինչ խոսք, իսկական պետության իսկական քաղաքացի լինելը ծանր բեռ է, որից հայաստանցիների մեծ մասը ձգտում է խուսափել:

Ես, օրինակ, սպասում եմ, որ ներկա իրավիճակի մասին իր խոսքն ասի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինձ հետաքրքիր է նրա կարծիքը ոչ այնքան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել (այստեղ ինձ համար ամեն ինչ հիմնականում պարզ է), այլ այն մասին, թե ինչ է պետք անել: Հաշվի առնելով, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան հարցին, ըստ իս, ճիշտ դուրս եկան, հետագայի համար էլ նա գուցե ճիշտ ճանապարհ ցույց տա: Բայց «Լեւոնի վկա» ես, միեւնույն է, չեմ դառնա: Այսինքն՝ չեմ համարելու, որ նախկինում նա միշտ ճիշտ է վարվել, եւ այսուհետ էլ նրա ամեն ասածը կամ արածը «հալած յուղի» տեղ չեմ ընդունելու: Չեմ պատրաստվում իմ սեփական ուղեղը որեւէ մեկին հանձնել:

Այժմ ասպարեզում Լեւոնի, Ռոբերտի եւ Նիկոլի «վկաներն» են, եւ այդ հանգամանքը, ճիշտն ասած, առանձին լավատեսություն չի ներշնչում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Անկախության առաջին տարիներին իշխանության վերնախավը հիմնականում միտված էր պետական ինստիտուտներ ստեղծելու ազնիվ մղումներով: Հայտնի դեպքերից հետո իշխանությունը զավթվեց գավառամիտ տրեխավորների կողմից, որոնք ստեղծեցին իրենց ՞ինստիտուտները՞ – համակարգային կոռուպցիոն բուրգ, թաղային խուժանի ներգրավում իշխանական էշելոններ: ՈՒժեղ երևակայություն ունենալ պետք չէ, պատկերացնելու համար, թե ինչ արժեցավ մեր պետականության համար ռոբա-սերժական կառավարման տարիները…

  2. Լավատես says:

    Կուռքը վատ բան չի, նա հիմնարար արժեքների կրողն է, այսինքն՝ սուրբն է, առանց ազգային սրբերի ազգը նույնն է, ինչ երկրաչափությունը առանց աքսիոմների կամ ֆիզիկան՝ առանց պոստուլատների կամ էլ կրոնը՝ առանց դոգմատների: Այդ կուռք սրբերն են, որոնց հավատում ես անվերապահորեն՝ առանց ապացույցների եւ շատ լավ կլինի, երբ մենք էլ մեր ազգային սրբերն ունենանք, առանց մեր սրբերի մենք ստիպված արենդավատ ենք անում այլ ազգերի սրբերին, բա որ մի օր էլ այդ այլ ազգերն ասեն թե դա մեր սուրբն է, ձեռք չտաս, գնա քեզ համար սուրբ գտի: Ամեն խելքը գլխին ազգ սեփական ազգային սրբերը պետք է ունենա, նրանց քանակը խիստ սահմանափակ է եւ նրանց հանդեպ հավատն ու վստահությունը բացարձակ է, նրանց շուրջը ամբողջ ազգն առանց բացառությամբ պետք է համախմբվի: Ազգային սրբերը ազգային սկզբունքների բացարձակ կրողներն են եւ մենք բոլորս պետք է ձգտենք նրանց հավասարվել:

  3. henri says:

    Կուռք ունենալ կամ կուսակցական դառնալ հաւասար է կախումնաւոր ըլլալ անձէ մը կամ խմբակցութենէ . Մէկ խօսքով ամբողջութեամբ չվստահիլ իր ուժերուն և դատողութեան վրայ ,և զիջիլ բաժին մը իր անկախութենէն ,քանի վստահաբար պիտի ըլլան տարակարծութիւններ որ պարտադրաբար կուլ պիտի տանք յանուն համերաշխութեան ։
    Ըստ իս լաւագոյն տարբերակն է ՛՛համակրանքի՛՛ սահմանին մէջ մնալ ,ի պահանջել հարկին կարենալ անկաշկանդ լաւ թելադրանքներ կատարելով օգտակար հանդիսանալ ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031