Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ իրը, որը մնացել է, կոտրված օրորոցն է». ինչի է վերածվել Փարաջանովի տունը Թբիլիսիում. «Հայկական ժամանակ»

Հունվար 22,2021 11:54

20-րդ դարի խոշորագույն արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը (իրական անունը՝ Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում։ Կյանքի վերջին օրերին, երբ ծանր հիվանդ էր, որոշեց վերադառնալ Հայաստան, սակայն նրա տունն ու ապրած կյանքն այդպես էլ մնացին Թբիլիսիում։

Փարաջանովի տունը Թբիլիսիի հրաշալի մի հատվածում է՝ Մթածմինդայում, որը Թբիլիիսիի ամենահին ու կոլորիտային թաղամասերից մեկն է։

Եվ ահա, մտքում այդքան կրկնած հասցեն՝ Կոտե Մեսխի 7։ Տունը, որտեղ 1920-1990 թթ. ապրել է Սերգեյ Փարաջանովը։

Շատերին կարող է թվալ, թե մուտքի մոտ փակցված ցուցատախտակի վրացերեն գրությունը շինության տուն-թանգարան լինելու մասին է, սակայն մի փոքր պիտի հիասթափեցնեմ, քանի որ դրա վրա գրված է հյուրանոց։ Տունը 1995 թվականից արդեն Փարաջանովինը չէ։ Ռեժիսորի որդին՝ Սուրենը, այն վաճառել է վրացի մի ընտանիքի։ Սուրենն այդ ժամանակ (երեւի հիմա էլ) ապրել է Կիեւում (Ուկրաինա)։

Հյուրանոցի դուռը բացեց տիրուհին՝ Մանանա Ախալաիա անուն-ազգանունով մի կին։ Սիրալիր կերպով ներս հրավիրեց ու պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեր հարցերին, պատմել այն, ինչ այս տարիներին տեսել ու լսել է հանճարի մասին, այն ամենը, ինչը կհետաքրքրեր մեզ։

«Փարաջանովն այս տանը հսկայական նյութեր ու արժեքավոր գործեր ուներ։ Բոլորիս հայտնի է, որ նրա հայրը հնությունների առքուվաճառքով է զբաղվել, որոնցից շատերը նաեւ այս տանն էին պահպանվում։ Փարաջանովի մահից հետո կարծեմ դրանք բոլորը տեղափոխեցին Երեւան։ Դե իսկ որդին՝ Սուրենը, մտածեց, որ հնարավոր է՝ տունն էլ վերցնեն ու իրեն ոչ մի գրոշ չտան։ Հոր մահից մի քանի տարի անց այն վաճառեց»,- պատմեց վրացուհին։

Նա չթաքցրեց, թե ինչքան են վճարել տան համար․ «5 հազար ԱՄՆ դոլար ենք տվել, այն ժամանակ դա բավականին լավ գումար էր, կարելի էր 4 սենյականոց լավ բնակարան գնել»։

Վրացի ընտանիքն այս տունը հյուրատան է վերածել մոտ 5 տարի առաջ։
Տանտիրուհու խոսքով՝ այստեղ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից իրենք անընդհատ հյուրեր են ունեցել աշխարհի տարբեր ծայրերից, նրանց բոլորին մի բան է այդ հասցեով տարել՝ համաշխարհային փառքի արժանացած ռեժիսորի՝ երբեմնի այդտեղ բնակվելու հանգամանքը։

Փարաջանովի հայտնիության ու հարյուրավոր այցելուների փաստն էլ վրացի ընտանիքին գաղափար է տվել ստեղծելու իրենց ընտանեկան բիզնեսը։ Նրանք հյուրատունը հենց Փարաջանովի անունով էլ կոչել են։

Միակ իրը, որը մնացել է նրանից, կոտրված օրորոցն է։ Այն շատ հին է։ Հայտնի է կինոռեժիսորի ֆիլմերից։ Ասում են՝ դա հենց Փարաջանովի օրորոցն է: Այս օրորոցի լուսանկարը կա նաեւ Մեչիտովի կողմից հրատարակած գրքում, անգամ՝ Սայաթ-Նովա ֆիլմում։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031